ԱԺ նախագահի պատմական քայլը

    • Հասարակություն - 11 Հունվարի 2018, 19:42
Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը պարգեւատրել է Արարատ 73-ի ֆուտբոլիստներին՝ Արկադի Անդրեասյան, Ալյոշա Աբրահամյան, Սերգեյ Պողոսյան, Նորայր Մեսրոպյան, Սուրեն Մարտիրոսյան, Նիկոլայ Ղազարյան, Էդուարդ Մարգարով: Պարգեւները Բաբլոյանը հանձնել է հունվարի 11-ին, ասելով, որ Արարատ 73-ով հպարտանում ենք մինչ այժմ:

«Այն, ինչ 1973 թվականին իրագործեցիք դուք եւ Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ձեր խաղընկերները, իսկապես հերոսություն էր՝ հաշվի առնելով, թե ինչպիսի մրցակցության պայմաններում կարողացաք նվաճել Խորհրդային Միության չեմպիոնի կոչումը եւ ԽՍՀՄ գավաթը»:

Արարատ 73-ի կրկնակի հաղթանակից անցել է 45 տարի: Անկասկած է, որ միայն Արա Բաբլոյանը չէ, որ հիշում է այդ հաղթանակը: Հաղթանակը հիշում են, կամ դրա մասին լսել, կադրերը տեսել են հարյուր հազարավոր եւ գուցե միլիոնավոր մարդիկ, ընդ որում ոչ միայն հայեր:

Բայց ստացվում է ինչ որ առումով պարադոքս թվացող մի իրավիճակ, գուցե տարօրինակ հնչող, բաց որքան հնչեղ հիշվում է Արարատ 73-ը, այնքան այդ հիշողությունը հպարտության փոխարեն առաջացնում է հուսահատություն: Որովհետեւ, եթե 45 տարի անց էլ Հայաստանում պետական բարձր՝ պետության Երկրորդ դեմքի մակարդակով պարգեւատրվում են 45 տարի առաջ ԽՍՀՄ առաջնության հաղթող ու գավաթակիր դարձած ֆուտբոլիստները, ապա դա նշանակում է, որ 45 տարիների ընթացքում խոշոր հաշվով փոխվել եւ զարգացել է քիչ բան, գոնե ֆուտբոլում:

Ու պատճառը միգուցե այն է, որ ինչպես պետականակերտման գործում ընդհանրապես հայ ժողովուրդը թե լավ, թե վատ իմաստով մնում է անցյալից կառչած, այնպես էլ գուցե առանձին ոլորտներում, ինչը թույլ չի տալիս գնալ առաջ:

Դա ամենեւին Արարատ 73-ը մոռանալու կոչ չէ, առավել եւս, որ դա իհարկե մոռանալ չի էլ լինի: Եվ պետք էլ չէ: Պարզապես պետք է գուցե Հայաստանում սկսել հենվել ապագայի, ոչ թե անցյալի վրա: Իհարկե հայկական ֆուտբոլի ներկան ու ապագան ներկայում մեղմ ասած մխիթարական չէ, սակայն չորս տասնամյակի անցյալի թեկուզ փառապանծ էջերում մխիթարություն գտնելն էլ ընդամենը թույլ չի տալիս հանրային միտքը անցյալից տանել ապագա:

Ինչքան կարելի է ապրել դարավոր մշակույթով եւ անցյալի փառապանծությամբ եւ դրանով փորձել կամա թե ակամա ծածկել ներկայի ոչինչը կամ գրեթե ոչինչը եւ ապագայի մշուշոտությունը: Անցյալը իմաստավորվում եւ ամրանում է ներկայի եւ ապագայի շարունակությամբ, բայց ոչ թե պարգեւների, այլ գործերի տեսքով: Անցյալը պետք չէ պարգեւատրել, այլ պետք է հարստացնել, որ եւս 45 տարի անց ունենանք գոնե 2018-ի ինչ որ բանը հիշելու հնարավորություն, ոչ թե ԱԺ ղեկավար կազմով հանձնենք Արարատ 73-ի նոր պարգեւներ՝ արդեն թերեւս հետմահու, հիշելով 73-ի 90-ամյակը:

Այդ ամենն արդեն մեծարում չէ, այլ պարզապես Արարատ 73-ի եւ այն կերտող հիանալի ֆուտբոլիստների պարզ շահագործում, թեկուզ ամենաանկեղծ նկատառումով:

Չի բացառվում իհարկե, որ դեռեւս 1973 թվականին երիտասարդ ֆուտբոլասեր Արա Բաբլոյանը թիմի խաղով հիացած խոստացել է ինքն իրեն, որ առաջին իսկ հնարավորության դեպքում պետական պարգեւ կհանձնի արարատցիներին, բայց եթե այդ հնարավորությունը ստեղծվել է 45 տարի անց, արժե գուցե ձեռնպահ մնալ դրա իրականացումից, Արարատ 73-ի փառքի կամա թե ակամա շահագործման հերթական ակտ թույլ չտալու համար:

Ամենաընթերցվածը