Աղասի Այվազյանի այրի Գրետա Վերդիյանը 70 կտավ է վաճառում թանգարանի տարածք գնելու նպատակով

  • Հասարակություն - 11 Հունվարի 2018, 11:29
Արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր, գեղանկարիչ Աղասի Այվազյանի այրին՝ Գրետա Վերդիյանն ամուսնու թողած ժառանգությունը հանրությանն ըստ արժանվույն  ներկայացնելու համար ցանկանում է թանգարան ստեղծել: Նա դիմում է մեծահարուստներին, մշակույթի հովանավորներին, որպեսզի նրանք հովանավորության կարգով գնեն Աղասի Այվազյանի և այլ հայ ականավոր նկարիչների 70 կտավ: Ստացված գումարով հնարավոր կլինի տարածք ձեռք բերել թանգարանի համար:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Գրետա Վերդիյանի հետ:

«Աղասի Այվազյանի ստեղծագործական ժառանգությունն ազգային հարստություն է: Նա ականավոր վիպասան էր, դրամատուրգ, նկարիչ, «Էկրան» պարբերականի, «Հայություն» թերթի խմբագիր, կինոռեժիսոր, սցենարների հեղինակ, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի, պետական և մի շարք այլ մրցանակների դափնեկիր: Աղասի Այվազյանը կյանքից հեռացել է 2007 թվականին՝ սերունդներին թողնելով 25 հեքիաթ, 11 վիպակ և վեպ, 23 պիես, 200 պատմվածք և էսսե, 100 նկար (թե՛ գեղանկարչություն, թե՛ գրաֆիկա): Ողջ ստեղծագործական ժառանգությունը թանգարանային պահպանության կարիք ունի»,-ասաց Վերդիյանը:

Նա ընդգծեց, որ տարածք գնելու նպատակով ստիպված է վաճառել Աղասի Այվազյանի կտավներից վաթսունը:

«Ինձ հաճախ հորդորում են աճուրդի դնել դրանք, բայց նկարները հատ-հատ վաճառելու դեպքում չնչին գումար կհավաքվի, ու դժվար կլինի: Ծանր գործ է. ես չեմ կարող դա անել: Խորհուրդ էին տալիս երկրից դուրս բերել կտավները, աճուրդում հեշտությամբ իրացնել, բայց ես ուժ չունեմ, արդեն բավականին մեծ եմ, չեմ կարող»,-խոստովանեց նա:

Գրետա Վերդիյանը շեշտեց, որ դիմել է ՀՀ մշակույթի նախկին նախարարին, ով աջակցել է Վերդիյանին: Ֆոնդ է բացել, դրա շրջանակում այվազյանական ընթերցումներ են անցկացվել, երկու անգամ թատերական փառատոներ են իրականացվել: «Կարծում էի, որ կարող եմ շարունակաբար կազմակերպել այդ միջոցառումները, բայց, ավաղ, այլևս ի վիճակի չեմ»,-ասաց նա:

Վերդիյանը սառեցրել է ֆոնդը և կարող ուժ է փնտրում, ով կդառնա ֆոնդի տնօրեն, կօգնի տարբեր ծրագրեր կյանքի կոչելուն:

«Հասմիկ Պողոսյանը ջերմ էր, գնահատում էր Աղասուն, բայց ասում էր՝ տարածքի հարցը բարդ է: Երբ դիմեցի ՀՀ մշակույթի ներկայիս նախարար Արմեն Ամիրյանին, նա նույնպես ասաց, որ ցանկանում է աջակցել, սակայն թանգարանի համար տարածք գտնելը բավականին դժվար է, և ժամանակ կպահանջվի դրա համար»,-նշեց Այվազյանի կինը:

Շուրջ 70 կտավ միանգամից վաճառելու նպատակով Վերդիյանը համացանցի օգնությամբ բազմաթիվ նամակներ է գրել ինչպես հարուստ անհատների, այնպես էլ՝ թանգարանների ներկայացուցիչների: «Թանգարանները չեն կարող վերցնել բոլոր նկարները: Խնդրում են այս կամ այն գործը: Բայց դա չէ իմ նպատակը: Ցանկանում եմ միանգամից վաճառել դրանք՝ խոշոր գումար վաստակելու համար, որով հնարավոր լինի տարածքի հարցը լուծել:

Ամենամատչելի տարածքը, որը համապատասխանում է թանգարանին, 250 000 հազար դոլար արժե: Ցանկանում եմ լրատվամիջոցների օգնությամբ ու աջակցությամբ դիմել հայ մեծահարուստներին, որ նրանք հովանավորության կարգով գնեն կտավները»:

Նկարներից վաթսունը Աղասի Այվազյանի գործերն են, տասը՝ այլ ականավոր հայ նկարիչների ստեղծագործություններ: Գրետա Վերդիյանը 70 նկարի համար խնդրում է 300 000 դոլար: Այդ գումարով նա կկարողանա և՛ տարածք գնել, և՛ այն հավուր պատշաճի պատրաստել՝ վերածելով թանգարանի:

Այվազյանի այրին նշեց, որ տարբեր արժեքի 150 կտավ կա, որոնք կարող են ցուցադրվել թանգարանում: Նա վստահ է, որ կարող է հրաշալի մշակութային կենտրոն ստեղծել, որը կհարստացնի գեղեցիկ թանգարանների շարքը:

Անդրադառնալով Աղասի Այվազյանի բնակարանը տուն-թանգարան դարձնելու հարցին՝ Վերդիյանը պատասխանեց. «Ես երեք թոռ ունեմ: Եթե այստեղ թանգարան ստեղծեմ,  ծոռներս որտե՞ղ են ապրելու: Բացի այդ, կարծում եմ՝ բնակարանը հարմար չէ թանգարան դարձնելու համար»,-եզրափակեց Գրետա Վերդիյանը:

Ամենաընթերցվածը