Զինվորների ծանր վիճակում հայտնված ծնողներն ու հարազատները. ինչպես վարվել

    • Հասարակություն - 09 Հունվարի 2018, 17:09
Հայկական ժամանակ օրաթերթը տեղեկություն էր հրապարակել, որ հունվարի 4-ին առաջնագծում ականի պայթյունի հետեւանքով վիրավորվել է հայկական զինուժի երկու զինծառայող: Ըստ թերթի, զինվորներից մեկի աջ, իսկ մյուսի ձախ ոտքը անդամահատել են: Տեղեկության մեջ նշվում էր, որ նրանցից մեկի հայրը խնդրել է չհայտնել որդու անունը:

Թերթի տեղեկությանն արձագանքեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան էջում գրելով, որ պաշտպանության նախարարության աշխատանքի թափանցիկ գործելաոճը երեւում է ամեն օր:

«Մենք որևէ բան թաքցնելու միտում չունենք և չենք թաքցրել և անտրամաբանական է զինծառայողի զոհվելու փաստը ներկայացնելու օրը մեզ մեղադրել ինչ որ բան թաքցնելու մեջ: Սակայն նույն ժամանակ վիրավոր զինծառայողների մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ հարկավոր է հայտնել: Բազմիցս փաստարկված հիմնավորել ենք, որ եթե զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, ապա նպատակահարմար չէ նրանց վիրավորվելու լուրը հաղորդել և հակառակորդին հստակ փաստ ներկայացնել իր աշխատանքի արդյունավետության մասին, երբեմն նաև այլ բաների մասին... Սրանից ավել բան չեմ կարող ասել», գրել էր Հովհաննիսյանը:

Կասկածից վեր է, որ թափանցիկության անհրաժեշտությամբ հանդերձ, դե ֆակտո ամենօրյա պատերազմի ռեժիմում գտնվող բանակում տեղեկատվական լիարժեք թափանցիկությունը ոչ միայն գրեթե անհնար, այլ նաեւ շատ դեպքերում վտանգավոր, ռիսկային հանգամանք է:

Տվյալ պարագայում սակայն կա ուշադրության արժանի մի հանգամանք: Տեղի ունեցածի մասին մամուլին հայտնել է վիրավորված զինծառայողներից մեկի ծնողը: Հնարավոր է պատկերացնել, թե ինչպիսին կարող էր լինել ծնողի հոգեվիճակը, որի որդին ծանր վիրավորվել է եւ կորցրել ոտքը: Իհարկե, հնարավոր է ասել, որ տեղեկության հրապարակման պատասխանատվությունը կոնկրետ լրատվամիջոցների վրա է եւ առաջնագծից ամեն ստացած ստացած տեղեկություն չէ, որ ենթակա է անհապաղ մեկնաբանման: Այստեղ թերեւս քննարկելու մեծ բան չկա:

Մյուս կողմից սակայն, խնդիրն ունի հակառակ կողմը՝ առաջնագծից տեղեկատվության խողովակների համակարգումը, վերահսկումը, կառավարումը՝ անգամ անհրաժեշտ թափանցիկության պայմաններում:

Դա ենթադրում է նաեւ աշխատանք վիրավոր կամ զոհված զինծառայողների ծնողների հետ: Օրինակ, առկա է հարց՝ վիրավորված, ոտքը կորցրած զինծառայողի ծնողի հետ եղե՞լ է համապատասխան աշխատանք, ներառյալ հոգեբանական: Արդյոք այն, որ ծնողը մամուլին հայտնել է տեղի ունեցածը, նրա անտարբերության կամ անուշադրության մատնված լինելու զգացումի հետեւանք չէ, կամ բավարար ուշադրության արժանացած չլինելու զգացումի հետեւանք:

Այդ խնդիրն ընդհանրապես չափազանց կարեւոր է պատերազմի ռեժիմում գտնվող բանակի պարագայում, ինչպիսին հայկական է:

Հաճախ է հնարավոր հանդիպել հայկական եւ իսրայելական բանակային իրականությունների զուգահեռների, որոնց մի մասը անկասկած տեղին է, մի մասը՝ անհամարժեք:

Սակայն արժե թերեւս ուշադրություն դարձնել իսրայելական բանակում գոյություն ունեցող հատուկ ստորաբաժանման հանգամանքին, որի առաքելությունն է զինծառայողների ծնողներին տեղեկացնել կորստի մասին: Ընդ որում, ոչ թե հեռախոսով, կամ այլ ձեւով, այլ անմիջականորեն տուն գնալով, դեմ դիմաց: Ընդ որում, ծնողին վատ լուրը հայտնելու համար գնում է այդ ստորաբաժանման երեք զինվորական, անպայման զինվորական հագուստով: Ծառայությունը ստացել է «մահվան հրեշտակներ» անվանումը, իսկ երեւույթը՝ «դռան թակոց»:

Զոհվածների եւ վիրավորների ծնողների հետ աշխատանքի կազմակերպումը պետք է լինի հայկական բանակի արդիականացման առաջնային խնդիրներից մեկը: Զոհված կամ վիրավորված զինվորների ծնողները պետք է ոչ միայն հստակ սահմանված եւ անխտիր գործող կարգով տեղեկանան իրենց զավակի հետ տեղի ունեցածի մասին, այլ նաեւ ստանան անհրաժեշտ հոգեբանական աջակցություն, անուշադրության կամ մոռացության մատնվածի զգացում չունենալու համար:

Ամենաընթերցվածը