Vision Zero. Ինչպես զրոյացնել ՃՏՊ-ից մահացության դեպքերը

  • Հասարակություն - 07 Դեկտեմբերի 2017, 18:31
Եվրոպայում և Միջին Ասիայում ՃՏՊ-ից մահանալու ամենամեծ հավանականությունը Ղազախստանում է, ամենացածրը՝ Նորվեգիայում: 2013-2014 թվականների տվյալների հիման վրա պատրաստված քարտեզի համաձայն՝ Ղազախստանում 100 000 մարդուն բաժին է ընկնում 24.2 մահ ՃՏՊ-երի հետևանքով: Նորվեգիայում այդ թիվն ընդամենը 2.2 է: Հայաստանում այդ թիվը 10.6 է, ըստ պաշտոնական վիճակագրության, վերջին տարիներին Հայաստանում ՃՏՊ հետևանքով մահացությունների թիվը նվազել է:

Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը հրապարակել է ոստիկանությունից ստացած տվյալները վերջին 10 տարիների համար:

2007թ.-ին 1943 ՃՏՊ, զոհվել է 371, վիրավորվել՝ 2720-ը,

2008թ.-ին` 2202 ՃՏՊ, զոհվել է 407, վիրավորվել՝ 3125-ը,

2009թ.-ին` 2002 ՃՏՊ, զոհվել է 325, վիրավորվել՝ 2753-ը,

2010թ.-ին` 1974 ՃՏՊ, զոհվել է 294, վիրավորվել՝ 2670-ը,

2011թ.-ին` 2319 ՃՏՊ, զոհվել է 327, վիրավորվել՝ 3354-ը,

2012թ.-ին` 2602 ՃՏՊ, զոհվել է 311, վիրավորվել՝ 3739-ը,

2013թ.-ին` 2824 ՃՏՊ, զոհվել է 316, վիրավորվել՝ 3994-ը,

2014թ.-ին՝ 3156 ՃՏՊ, զոհվել է 297, վիրավորվել՝ 4479-ը,

2015թ.-ին՝ 3399 ՃՏՊ, զոհվել է 346, վիրավորվել՝ 4738-ը,

2016թ.-ին՝ 3203 ՃՏՊ, զոհվել է 267, վիրավորվել՝ 4451-ը,

2017թ. 10 ամիս՝ 2938 ՃՏՊ, զոհվել է 229, վիրավորվել՝ 4353-ը:

Պատգամավորը հարց է ուղղում՝ ի՞նչ անել: Իրավիճակը, իրոք, մտահոգիչ է, և շատերը նշում են, որ պետք է խստացնել պատիժները և հարց ուղղում՝ այդ դեպքում ինչ նպատակի են ծառայում տեսախցիկներն ու արագաչափերը:

Խնդիրը պետք է փնտրել, առաջին հերթին, ճանապարհների ու փողոցների ճիշտ կառուցման ու կահավորման մեջ: Այսինքն, ոչ թե հույսը դնել միայն վարորդի կարգապահության և ուշադրության վրա, և կարծել որ հարցը կլուծվի տուգանքի միջոցով, այլ այնպես կահավորել ճանապարհները, որը կստիպի վարորդին զգույշ, կարգապահ և ուշադիր լինել:

Շվեդիան, օրինակ, իրականացնում է Vision Zero ծրագիրը, որի նպատակն է ՃՏՊ հետևանքով զոհերի ու ծանր վիրավորումների թիվը հասցնել 0-ի: Ծրագիրը ճանապարհային երթևեկությունն այնպես է կազմակերպում, որ մարդու սխալը ճակատագրական հետևանք չունենա:

Օրինակ, շվեդները պարզել են, որ լուսացույցով կարգավորվող խաչմերուկներում վթարներն ավելի ծանր հետևանքներ են ունենում, քան շրջանաձև երթևեկությամբ փողոցներում: Մյուս կետը բաժանարար արգելքների կառուցումն է, որը բացառում է դիմահար վթարը:

Կարևոր կետ է երթևեկության արագության սահմանափակումը բնակավայրում մինչև 50 կմ/ժամ, իսկ որոշ տեղերում՝ 30 կմ/ժամ: Օրինակ, ուսումնասիրությունները պարզել են, որ 30 կմ/ժամ արագությամբ ընթացող մեքենայի հարվածի դեպքում 10 հետիոտնից 9-ը ողջ է մնում: 50 կմ/ժամ արագությամբ դեպքում ողջ է մնում 10-ից 5-ը: 65 կմ/ժամի դեպքում 10-ից միայն 1-ը ողջ կմնա: Երևանի փողոցների մեծ մասում թույլատրելի արագությունը 60 կմ/ժամն է, իսկ արագաչափերն արձանագրում են 70 կմ/ժամից:

Բազմաթիվ այլ միջոցառումներ ևս կան՝ սկսած անվտանգության կանոնների քարոզումից, վերջացրած ոստիկանների աշխատանքի բարելավմամբ:

Նշենք մի շարք այլ միջոցառումներ.

Երկու և ավելի երթևեկելի գոտիներ ունեցող փողոցներում հետիոտնային անցումների առկայության դեպքում լուսացույցի տեղադրում: Օրինակ, Արշակունյաց պողոտայում, որտեղ 8 գիծ կա, հետիոտնային անցումներ կան առանց լուսացույցի, ինչը վթարների մեծ ռիսկ է առաջացնում: Այս առումով ճիշտ էր Կոմիտաս-Շահսուվարյան փողոցի անցումից առաջ լուսացույց տեղադրելը, որի մասին ՃՈ-ն հայտարարել է նախօրեին:

Կարևոր քայլ է անցումները կահավորել «անվտանգության կղզյակով»: Դրանք նեղացնում են երթևեկելի հատվածը և ստիպում վարորդներին գցել արագությունը: Անհրաժեշտ է լուսավորել հետիոտնային անցումները: Գիշերային ժամերին, մանավանդ երբ հետիոտնը մուգ հագուստով է, վարորդի համար դժվար է հեռավորությունից նկատել նրան:

Կան մի շարք մեթոդներ, որոնք կանխում են, որ վարորդները չարագացնեն ընթացքը: Այդպիսի «խորամանկություններից» են փողոցների վտանգավոր հատվածներում ճանապարհի մի փոքր բարձրացումը ընդհանուր մակարդակից կամ սալարկի միջոցով անհարթությունների ստեղծումը, որոշ հատվածներում երթևեկելի մասի նեղացումը, ուղիղ հատվածների երկարությունը նվազեցնելը՝ արհեստական կորություն ստեղծելու միջոցով:

Vision Zero ծրագիրն իրականացվել և իրականացվում է նաև ամերիկյան մի շարք քաղաքներում, որոնք նպաստում են ՃՏՊ հետևանքով մահացությունների թվի նվազմանը: Ներկայում Շվեդիան նշված ցուցանիշով Եվրոպայում երկրորդ երկիրն է Նորվեգիայից հետո: Սկանդինավյան այդ երկրում 100 000 մարդուն բաժին է ընկնում 2.7 մահ:

Երևանի դեպքում փողոցները վտանգավոր են հետիոտների համար: Մասնավորապես, բացակայում են անվտանգության կղզյակները, լուսավորությունը բավարար չէ և այլն: Վերջին տարիներին կտրուկ աճել է ավտոմեքենաների թիվը, ինչի պատճառներից մեկը նաեւ հանրային տրանսպորտի խայտառակ վիճակն է:

Գոյություն ունի այսպես կոչված «երթևեկության թարս բուրգ», որտեղ նշված են տրանսպորտային միջոցները՝ ըստ առավելության ու արտոնությունների: Բուրգի վերևում հետիոտն է, այնուհետև՝ հեծանվորդը: Հեծանիվին բուրգի ավելի ցածր մակարդակում հաջորդում է հանրային տրանսպորտը, ապա տաքսին և նոր միայն հիերարխիայի վերջում անձնական օգտագործման մեքենան:

Մեկ այլ խնդիր է պատահարները մայրուղիներում: Այստեղ լուծումները շատ ավելի պարզ են՝  որակյալ ճանապարհածածկ, լուսավորություն, հնարավորության դեպքում բաժանարար արգելք հանդիպակաց երթևեկության գոտիների միջև: Հայաստանը, ցավոք, առայժմ չի կարող հպարտանալ որակյալ ու անվտանգ մայրուղիներով:

Հայաստանում կա մեկ այլ խնդիր ևս, որը շտապ կարգով պետք է լուծվի: Խոսքը ռուսական պետհամարանիշերով մեքենաների «բեսպրեդելն է» ու օրենքների չպահպանումը: «Բեսպրեդելին» նպաստում է այն, որ տեսախցիկների ու արագաչափերի միջոցով չեն արձանագրվում օտարերկրյա համարանիշով մեքենաների խախտումները:

Ամենաընթերցվածը