Մատենադարանի ասպիրանտները ՀԲԸՄ կրթաթոշակներ ստացան

  • Հասարակություն - 06 Դեկտեմբերի 2017, 18:49
ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ասպիրանտներին կրթաթոշակի հավաստագրեր շնորհեց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մատենադարանը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը դեկտեմբերի 6-ին համատեղ իրականացրին 2017 թվականի ասպիրանտական կրթաթոշակի հավաստագրերի հանձնման արարողությունը։

«Շատ եմ կարևորում այն փաստը, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը տարիների ընթացքում միշտ կանգնած է եղել Մատենադարանի կողքին։ Շատ կարևոր է աջակցել երիտասարդ գիտաշխատողներին իրենց աշխատությունների հարցում»,- ասաց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը։

ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանն ընդգծեց, որ Միությունը կրթաթոշակների տրամադրման մեծ փորձ ու պատմություն ունի և՛ Հայաստանում, և՛ հատկապես արտասահմանում։

«Հազարավոր հայ ուսանողներ իրենց կրթությունը ստացել են ՀԲԸՄ տրամադրած կրթաթոշակների միջոցով։ Ինձ համար առանձնահատուկ կարևոր է այս ծրագիրը, որը հայ երիտասարդ գիտնականներին մղում է դեպի գիտություն և հայագիտություն։ Կրթության նպաստող մեր ծրագիրը, որի շրջանակում մենք աջակցում ենք Մատենադարանին, առանձնահատուկ նշանակություն ունի»,- նշեց Եորդեկյանը։

Նա հավելեց, որ նախորդ տարիներին 30 երիտասարդ, խոստումնալից գիտնական օգտվել է այս ծրագրից և հույս հայտնեց, որ այն շարունակական կլինի։

Ասպիրանտուրայի 3-րդ կուրսի ուսանող Սյուզաննա Խոջամիրյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն երրորդ տարին անընդմեջ է ստանում կրթաթոշակ։

«Առաջին կուրսից սկսած ստանում եմ կրթաթոշակ։ Այդ տարի բոլորս ստացանք, բայց ինչ-ինչ պատճառներից ելնելով մի քանի հոգի դուրս մնացին այդ համակարգից։ Առաջին կրթաթոշակս ծախսել եմ անտիպ փաստաթղթերի թվայնացման գործընթացի վրա։ Գրականության և արվեստի թանգարանում շատ արժեքավոր նյութեր էին գտել, որոնք թվայնացնելու համար գումար էր անհրաժեշտ։ ՀԲԸՄ-ն այս գումարները տալով մեծ ներդրում է անում գիտության մեջ։ Երկրորդ տարին մեկնել եմ Միլան թանգարանների միջազգային կոմիտեի գլխավոր վեհաժողովին, որտեղ ես ազգային խորհրդի անդամ եմ և անդամագրված եմ Արխիվագիտական կոմիտեում։ Գիտաժողովը 12 օր է տևել»,- նշեց Սյուզաննա Խոջամիրյանը։

Նա դեռևս չի որոշել, թե ինչպես է տնօրինելու իր երրորդ կրթաթոշակը, բայց մեծ հույսեր ունի արտասահմանյան արխիվներ ուսումնասիրելու։

Ամենաընթերցվածը