Այդպես էլ չպարզվեց, թե որն է «ավանդական հայկական ընտանիքը»

  • Հասարակություն - 06 Դեկտեմբերի 2017, 15:49
Ազգային ժողովում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագիծը:

Պատգամավորները փորձում են պարզել, թե որն է ավանդական հայ ընտանիքը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանվն ասաց. «Շատերն ասում են, թե ո՞րն է ավանդական ընտանիքը, ես ասեմ՝ ավանդական ընտանիքը դասական ընտանիքն է՝ հայրիկի և մայրիկի միությամբ, որտեղ ծնվում են առողջ երեխաներ և որոնք մեր հասարակության ապագան են»:

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ ո՞րն է ավանդական հայ ընտանիքի սահմանումը: “Ի վերջո, կառավարությունն ունի՞ սահմանած մեր ընտանեկան ավանդույթների ու արժեքների ցանկը: Ձեր ասածներից ստացվում է, որ այն ընտանիքը, որտեղ տատիկն ու թոռնիկն են կամ մայրիկն ու երեխան են, դրանք  ընտանիք չեն: Մի հատ ցանկը տվեք մենք էլ ծանոթանանք, դուք ինչ նկատի ունեք”,- ասաց Փաշինյանը:

Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, ով հիմնական զեկուցողն է, հստակ չբացատրեց, թե որն է ավանդական հայ ընտանիքը:

Վիգեն Քոչարյանն ասաց, որ օրինագծի նպատակն է ընտանիքի պաշտպանությունը, ինչպես նաև ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց իրավունքների ապահովման համար անհրաժեշտ իրավական կառուցակարգերի ձևավորումը։ Նա հավելեց, որ այս նախագիծը նպաստելու է ընտանիքում համերաշխության վերականգնմանը:

«Օրենքը ամրագրվում է այն հիմնական նպատակները, որոնք արտացոլված են օրինագծի վերանգրում: Օրինագծով բոլոր միջոցառումներն իրականացվելու են՝ ելնելով ընտանիքում բռնության ենթարկված անձանց անվտանգության ապահովման առաջնայնությունից, ինչպես նաև ընտանիքի աջակցման, ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդման և ընտանիքում համերաշխության վերականգնման սկզբունքներից», ասաց փոխնախարարը:

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ապահովման միջոցները այս օրենքով երեքն են՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտության որոշում և դատարանի կողմից պաշտպանական որոշում:

Փոխնախարարի խոսքով՝ նախազգուշացումն իրականացվում է այն ժամանակ, երբ ընտանիքում բռնության դեպքը ոստիկանների կողմից հայտնաբերվել է առաջին անգամ, և կատարված հանցանքը առերևույթ հանցակազմ չի պարունակում:

Իսկ այն դեպքում, երբ ոստիկանը նկատում է, որ ընտանիքում առկա են բռնության դրսևորումներ ու դրանց շարունակվելու հավանականություն, արդեն անհետաձգելի միջամտության որոշում է կայացնում: Այս միջոցը պետք է կիրառվի միայն ծայրահեղ դեպքում, երբ անհրաժեշտ է առանց որևէ հետաձգման անհրաժեշտ որոշում կայացնել մարդկանց կյանքը պաշտպանելու համար»,- նշեց Քոչարյանը։

Մյուս միջոցը պաշտպանական որոշումն է, որը կարող է ընդունվել դատարանի կողմից և տուժած անձի համաձայնությամբ: 

Ամենաընթերցվածը