«Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի մասնակիցների այցը «Այբ» դպրոց

  • Հասարակություն - 06 Դեկտեմբերի 2017, 13:01
2017թ. դեկտեմբերի 6-ին Մանկական զարգացման հիմնադրամի, Beeline-ի և PicsArt-ի համատեղ՝ «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի մասնակիցներն այցելեցին «Այբ» դպրոց։

Ծրագրի մասնակիցները շրջեցին «Այբ» դպրոցի Ա, Բ և նոր Գ մասնաշենքերում, ինչպես նաև ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համատեղ բացված ֆաբլաբում: Մասնավորապես, շրջայցի մասնակիցներին տպավորեցին «Այբ» դպրոցի նորարար՝ քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության լաբորատորիաները, լեգո լաբը, մեդիալաբն, արվեստի ստուդիաները, գրադարանը և Ֆաբլաբը, որտեղ «Այբ»-ի աշակերտները նախագծում և պատրաստում են ռոբոտներ, անօդաչու թռչող սարքեր և այլն:

«Մենք Beeline-ում մեծ նշանակություն ենք տալիս կրթության զարգացմանը և ուսուցման առաջադեմ մեթոդների ներդրմանը, հատկապես նոր տեխնոլոգիաների ոլորտում։ Եվ երիտասարդների հետաքրքրությունն այս ամենի հանդեպ շատ ողջունելի է։ Վստահ եմ, որ այցելությունն «Այբ» կոգևորի մեր ծրագրի մասնակիցներին էլ ավելի խորանալ ժամանակակից տեխնոլոգիաների մեջ և փոխել կյանքը երկրում դեպի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մարդկության ապագան սերտորեն կապված է տեխնոլոգիաների կիրառման հետ և քանի որ դպրոցներում կերտվում է այսօրվա աշակերտների ապագան՝ տեխնոլոգիաների հետ առնչվելը դպրոցական կյանքում ծայրահեղ կարևոր է: Նրանք, ովքեր այսօր ընդամենը ոգևորված են տեխնոլոգիաներով, վաղը կվերածեն դրանք իրենց հաջողության գրավականի: «Այբ»-ն այս մոտեցումն է պահում է իր ուշադրության կիզակետում», - հավելեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը։

««Այբ» դպրոցը շատ ժամանակակից է, և կարևոր է, որ պատանիները անձամբ ծանոթանան դպրոցին և առաջարկվող հնարավորություններին: Beeline-ի աջակցությամբ «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի մասնակից հինգ համայնքների ներկայացուցիչները հնարավորություն ստացան յուրացնել նոր տեխնոլոգիաների միջոցով համայնքային խնդիրները վեր հանելու հմտությունները։ Իսկ այս այցերի արդյունքում նրանք համայնքներ են տանում այն տեղեկատվությունը, որը կօգնի ապագայում կյանքի կոչել իրենց գաղափարները և մտահղացումները», - նշեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

«Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի շրջանակներում մասնակիցները լուսանկարում են իրենց համայնքների խնդիրները և PicsArt հավելվածի միջոցով պատկերում են այդ խնդիրների լուծումները: Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի զարգացնել նոր տեխնոլոգիաներ օգտագործելու երեխաների հմտությունները:

Ամենաընթերցվածը