Աղքատության մակարդակը Հայաստանում. Նոր տվյալներ

  • Հասարակություն - 05 Դեկտեմբերի 2017, 19:42
Հայաստանում 2016 թվականին աղքատության մակարդակը կազմել է 29.4 %, այս թվերը հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1.8%,  8.0%-ը՝ շատ աղքատ են, իսկ մնացած 19.6 %-ն՝ ուղղակի աղքատ:

2016 թ. աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 880 հազար մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները) մոտ 295 հազար է եղել, իսկ ծայրահեղ աղքատների թվաքանակը՝ մոտ 54 հազար մարդ:

2016 թվականին աղքատության խորությունը գնահատվել է 4.3%՝ 2008 թվականի 5.1%-ի համեմատ, իսկ աղքատության սրությունը գնահատվել է 1.1 %:

ԱՎԾ տվյալներով՝ 2004-2016 թվականներին Հայաստանում աղքատության մակարդակը նվազել է 45%-ով կամ 1.8 անգամ՝ 53.5 %-ից դառնալով 29.4 %: Ծայրահեղ աղքատության մակարդակը նվազել է 59 %-ով կամ 2.4 անգամ:

Հայաստանում 15-17 տարեկան երեխաների շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է այլ տարիքային խմբերի համեմատ: Բազմանդամ և երեխաներ ունեցող տնային տնտեսությունների շրջանում աղքատ լինելու հավանականությունն ավելի մեծ է:

Աղքատության հարաբերական ռիսկն աճում է տնային տնտեսության չափին զուգահեռ: Հայաստանում մինչև 6 տարեկան երեք և ավելի երեխաներ ունեցող տնային տնտեսություններն  ունեն աղքատության 1.7 անգամ ավելի բարձր ռիսկ հանրապետական միջին մակարդակի համեմատ:

Նաև ֆիքսվել է, որ կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունների աղքատության մակարդակը նախորդ տարի ավելի բարձր է եղել տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսությունների աղքատության մակարդակից՝ 33.4%՝ 28.0%-ի դիմաց:

2016 թ. կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունները կազմել են աղքատների և ամբողջ բնակչության համապատասխանաբար՝ 30 %-ը և 27 %-ը: Բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար աղքատ լինելու հավանականությունն ավելի փոքր է: Միջնակարգ ընդհանուր կրթությամբ անձինք աղքատ բնակչության շրջանում կազմում են ամենամեծ խումբը:

Ըստ ԱՎԾ-ի՝ մայրաքաղաք Երևանում աղքատության մակարդակն ամենացածրն է, այն 1.3 անգամ ցածր է, քան Երևանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում:

Նախորդ տարի գյուղական բնակչության աղքատության մակարդակը բարձր է միջին հանրապետականից՝ կազմելով 30.4%՝ միջին հանրապետականի 29.4%-ի դիմաց:

ԱՎԾ-ն արձանագրում է, որ 2008-2016 թվականներին Հայաստանում աղքատության մակարդակի աճը պայմանավորող առավել կարևոր գործոնը 2009 թվականի տնտեսության խոր անկումն էր:

Ամենաընթերցվածը