Ինչո՞ւ է Հայաստանում մեծ աղքատությունը և սոցիալական բևեռացումը

    • Հասարակություն - 05 Դեկտեմբերի 2017, 17:48
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ աղքատության ցուցանիշին, որն ըստ ԱՎԾ-ի՝ 2016 թվականին կազմել է 29.4 տոկոս:

«ԱՎԾ վիճակագրությունն ավելի մանրամասն ուսումնասիրության կարիք ունի: Բնականաբար, յուրաքանչյուր տարի, երբ հրապարակվում են այդ տվյալները, մեր նախարարությունը մանրամասն ուսումնասիրում է հատկապես աղքատության ռիսկի ենթակա սոցիալական խմբեի հետ կապված փոփոխություններ կան, թե ոչ, և այն բոլոր գործոնները, որոնք ազդեցություն են ունենում աղքատության վրա: Եվ առաջին հերթին սոցիալական ոլորտի ծրագրերը փորձում ենք հասանելի դարձնել խոցելի խմբերին ու աղքատության կրճատմանը»,- ասաց նախարարը:

Հարցին, թե երբ հնարավոր կլինի հասնել աղքատության կրճատմանը, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ կառավարության ծրագրով ամրագրված մի քանի թիրախային ցուցանիշներից մեկը վերաբերում է հենց աղքատության խնդրին:

«Եվ այդ առումով կառավարության 2017-22 թվականների ծրագրի բովանդակության հիմնական ուղղվածությունը հենց իր մեջ ներառում է աղքատության կրճատման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները»,- ասաց նա:

Հարցին, թե ինչու է Հայաստանում սոցիալական բևեռացումը բարձր, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դա միայն բնորոշ է Հայաստանի Հանրապետությանը: Ընդհանրապես գործազրկության մակարդակի բարձր լինելը լրացուցիչ բացասական ազդակ է հաղորդում եկամուտների հավասարաչափ բաշխման խնդրի լուծմանը: Եթե մենք երիտասարդության մոտ ունենք գործազրկության բարձր մակարդակ, դա նշանակում է, որ երիտասարդների մուտքն աշխատաշուկա ավելի դժվարին ու խրթին է»:


Ամենաընթերցվածը