2018 թվականի հունվարից Հայաստանում էական թանկացումներ չպետք է սպասել. ՊԵԿ փոխնախագահ

  • Հասարակություն - 05 Դեկտեմբերի 2017, 13:20
Եվրասիական տնտեսական միության Մաքսային  օրենսգիրքն առհասարակ մաքսատուրքերի հարցին չի առնչվում, քանի որ մաքսատուրքերի հարցը կարգավորվում է ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի համապատասխան որոշմամբ, որով սահմանված է միասնական մաքսատուրք: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: Նա անդրադարձավ հարցերին, թե հաջորդ տարվա հունվարից ի՞նչ չափի թանկացումներ են սպասվում Հայաստանում:

«Հայաստանի համար միասնական տարիֆների բացառության ժամկետը կամաց-կամաց լրանում է՝ մինչև 2020 թվականը յուրաքանչյուր ապրանքատեսակի մասով: Թե քանի տոկոս թանկացում է սպասվում, առհասարակ դժվար է պատասխանել՝ թանկացում սպասվում է, թե ոչ: Օրինակ՝ թռչնի մսի համար նախատեսված է, որ մաքսադրույքը 14 տոկոսից սահմանվելու է 18 տոկոս: Այսինքն՝ 4 տոկոսային կետով ավելացում է լինելու, բայց թե ինչպես դա կանդրադառնա գների վրա, պայմանավորված է մի շարք հանգամանքներով»,- ասաց նա: Ըստ Միրումյանի՝ ԵՏՄ անդամ երկրներից ներմուծումները մաքսատուրքով չեն հարկվում, այսինքն՝ եթե Հայաստանը երրորդ երկրներից ներմուծումը փոխարինում է ԵՏՄ երկրնեից կատարվող ներմուծումներով, նշանակում է, որ մաքսատուրքի թանկացումը չի ազդում այդ ապրանքի վրա:

«Երկրորդ, մենք ունենք ազատ առևտրի մասին համաձայնագրեր մեր գործընկեր այլ երկրների հետ: Եթե տվյալ ապրանքատեսակի ներմուծումը փոխարինվեց տվյալ համաձայնագրի կողմ հանդիսացող երկրներից մեկից ներմուծումներով, բնականաբար, կստացվի, որ որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Այստեղ պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ այն անցումային ժամանակահատվածը, որը տրված էր Հայաստանին, դա նաև տեղական արտադրությունը պաշտպանելու միջոց է: 2015 թվականին մենք արդեն գիտեինք, որ 2018-ից տեղական արտադրողն ավելի լայն հնավորություններ է ունենալու, սա նաև հնարավորություն է տեղական արտադրողի համար, օրինակ, թռչնի մսի արտադրությունն ընդլայնելու համար»,- հավելեց ՊԵԿ փոխնախագահը:

Նա նշեց, որ  այս քաղաքականության նպատակներից մեկն էլ այն է, որ ԵՏՄ անդամ երկրները միմյանց միջև ակտիվ առևտուր անեն: Նա հաստատեց դիտարկումը, որ սա նաև նշանակում է հետևյալը՝ երրորդ երկրներից Հայաստան ներմուծումները կրճատվելու են: «Այո, եթե մաքսատուրքի դրույքաչափերը բարձրանում են, ստեղծվում է այլ հավասար պայմաններում հնարավորություն՝ այնպիսի երկրներից ներմուծելու, որտեղ մաքսատուրքերի ազդեցությունը չեզոքացվում է»,- ընդգծեց նա:

Եվ այս բոլոր բաղադրիչների հանրագումարը, նրա խոսքով, Հայաստանի կառավարությանը հիմք է տալիս ենթադրելու, որ 2018 թվականի հունվարից Հայաստանում էական թանկացումներ չպետք է սպասել:

Անդրադառնալով արդեն իսկ արձանագրված թանկացումներին՝ ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ դրանք մաքսատուրքերով պայմանավորված չեն:

Վախթանգ Միրումյանը նաև ասաց, որ իր կյանք էլ վերջին մեկ տարում չի լավացել, մնացել է նույնը: Հարցին, թե թանկացումներն իր ընտանիքի վրա ինչպե՞ս են ազդել, պատասխանեց. «Ավելի շատ դրամական միջոցներ եմ կորցրել»:

Ամենաընթերցվածը