Բեռլինում սկսվեց Aurora Dialogues քննարկումների շարքը

  • Հասարակություն - 05 Դեկտեմբերի 2017, 11:40
Դեկտեմբերի 4-ին Բեռլինում սկսվեց Aurora Dialogues քննարկումների շարքը, որը կրում է «Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման և ինտեգրացիայի անհրաժեշտություն» խորագիրը: Այն մեկնարկեց երեկոյան ընդունելությամբ, որին հաջորդեց քննարկում տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստոֆ Բոշը եւ «Ավրորա» մարդասիարական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: Քննարկումները շարունակվելու են դեկտեմբերի 5-ին:

Բեռլինի Aurora Dialogues-ն առաջինն է քննարկումների շարքում, որ անցկացվում է Հայաստանից դուրս: Dialogues-ին մասնակցում են քաղաքացիական հասարակության, բիզնեսի եւ հումանիտար ոլորտի հեղինակավոր առաջնորդներ՝ նպատակ ունենալով իրենց փորձառությունն ուղղելու աշխարհի ամենահրատապ մարտահրավերներից մեկի՝ միգրացիայի քննարկմանը: Քննարկումներին մասնակցում են նաեւ «Ավրորա» մրցանակի հավակնորդները եւ դափնեկիրները:

Քննարկումների ընթացքում անդրադարձ կկատարվի գլոբալ միգրացիոն ճգնաժամի ներկայիս վիճակին եւ կդիտարկեն տարբեր գործիչների դերը դրական փոփոխություններն առաջ մղելու գործում, ինչպես նաեւ կխոսեն զարգացման ծրագրերի եւ այն լուծումների մասին, որոնք կարող են փոփոխություն բերել:

Բեռլինի Aurora Dialogues-ն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի եւ «Գլոբալ հեռանկարներ» հիմնադրամի համատեղ ձեռնարկն է, որն իրականացվում է «Մերկատոր» հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ «Միավորված աշխարհի քոլեջներ» (UWC)-ի աջակցությամբ:

Aurora Dialogues քննարկումների շարքն աշխարհի առաջատար հումանիտար, գիտական, քաղաքացիական հասարակության ոլորտի ներկայացուցիչների եւ բարերարների համար հարթակ է՝ հավաքվելու եւ այսօրվա մարդասիրական ամենահրատապ մարտահրավերների մասին կարեւոր քննարկումներ ունենալու համար: : «Ավրորա» մարդասիրական մրցանակի գաղափարին հավատարիմ՝ Aurora Dialogues քննարկումների շարքը ներկայացնում է մարդկանց, որոնք իրականում եւ շարունակաբար աշխատում են ընդդեմ այսօրվա վայրագությունների, ինչպես նաեւ նախանշում այնպիսի գաղափարներ, որոնք կարող են շոշափելի փոփոխություններ բերել:

Ամենաընթերցվածը