Ուշագրավ նորություն Ավրորայից

    • Հասարակություն - 01 Դեկտեմբերի 2017, 12:57
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հայտնում է, որ Ավրորա մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովին է միացել ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերը: Սամանթա Փաուերը ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի վարչակազմում եղել է նշանակալի դիվանագետներից մեկը, լինելով արտաքին քաղաքական ոլորտի հայտնի մասնագետ:

Մինչ ՄԱԿ-ում աշխատելը նա ծառայել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես նախագահի հատուկ օգնական եւ Բազմակողմ հարաբերությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի գլխավոր տնօրեն:

Մեկ այլ ուշագրավ հանգամանք է այն, որ Սամանթա Փաուերը պատկանում էր Օբամայի դեմոկրատական վարչակազմի այսպես ասած «բազեների» թեւին, համաշխարհային քաղաքականության մեջ ԱՄՆ նախաձեռնող եւ պատասխանատու առաջատարության հավատամքով, թե որպես քաղաքական, թե որպես քաղաքակրթական լոկոմոտիվ:

Ի դեպ, եւս մեկ ուշագրավ հանգամանք` կապված Փաուերի հետ. 2015 թվականի մայիսին Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցի ընթացքում նա փոխնախագահ Բայդենի հետ մասնակցեց Վաշինգտոնի տաճարում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հոգեւոր արարողությանը:

Այդպիսով, Ավրորա մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովին միանում է համաշխարհային քաղաքականության գործընթացներում առանցքային դերակատարում ունեցած գործիչը, ինչը Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության համաշխարհային ճանաչման յուրօրինակ ակտ է: Ավրորայի Ընտրող հանձնաժողովում շատ են միջազգային տարբեր դերակատարում ունեցող գործիչները, այդ թվում նախկին պաշտոնյաներ, սակայն Սամանթա Փաուերի միանալու հանգամանքը բոլորովին այլ մակարդակ է եւ համատեքստ:

Գործնականում դա Հայաստանի համաշխարհային քաղաքակրթական յուրօրինակ ճեղքման, կարգավիճակի մի օրինակ է, որ կատարվում է Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության միջոցով, այդ հարթության վրա: Ի դեպ, այդ տեսանկյունից հետաքրքիր հարց է, թե արդյոք պատահականություն, թե նախախնամություն է, որ Փաուերի միանալու մասին հայտարարվում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո:

«Ավրորա» մրցանակը ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: 2018 թվականին այն շնորհվելու է երրորդ անգամ:

Ավրորայի վերաբերյալ Հայաստանում կարծիքներ տարբեր են, ընդհուպ կա տեսակետ, թե մրցանակաբաշխության համար ծախսվող փողը հնարավոր է ծառայեցնել այլ, ավելի կարեւոր նպատակների:

Ավրորայի մեսիջը սակայն ոչ միայն պակաս կարեւոր չէ, այլ գործնականում ունի ահռելի ռազմավարական նշանակություն հայկական պետականության համար: Դա հայկական պետությունում ծնված մի նախագիծ է, որը համաշխարհային կյանքում Հայաստանի դերակատարության հայտ է, երբ հայերը, Հայաստանը ոչ միայն «պատմական եւ մարդկային արդարություն» հայցող են, այլեւ կերտող:

Իսկ այդ փիլիսոփայությունը չի լինում առանձնացված, այն ամբողջական պետական փիլիսոփայության հայտ է, որի դրսեւորումը Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխությունն է, բայց որի կրողն ու իրացնողը կարող է լինել միայն հայկական պետականությունը:

Ահա այդ համատեքստում է խիստ ուշագրավ դառնում այնպիսի մասշտաբի դիվանագետի ներգրավումը Ավրորայի Ընտրող հանձնաժողով, ինչպիսին Սամանթա Փաուերն է: Դա գործնականում հայկական պետականության հայտի որոշակի բավարարում է, Ավրորայի միջոցով համաշխարհային կյանքում Հայաստանի, հայկական պետական եւ ազգային սուբյեկտության յուրօրինակ «վկայագիր», համաշխարհային գլոբալ ճգնաժամի պայմաններում ելքի եւ նոր աշխարհակարգի որոնման գործում հայկական մասնակցության որոշակի դերի ճանաչում:

Դա անկասկած հաջողություն է, բայց միեւնույն ժամանակ չափազանց լուրջ պատասխանատվություն ենթադրող:

Ամենաընթերցվածը