Կառավարութիւնը պէտք է գար անսասան կառավարելու և ոչ խորհրդակցելու ու վիճելու մարդկանց հետ

  • Հասարակություն - 14 Նոյեմբերի 2017, 22:45
Կարսի քաղաքացիական նահանգապետ, գեներալ Ստեփան Ղորղանյանի հուշերի այս հատվածում (ՀԱԱ, Ֆ.477, ց.1, գ.14, թթ.14-24, բնագիր, ձեռագիր) ընթերցողը կծանոթանա հեղինակի այն տեսակետներին, թե ինչ սկզբունքներ և մոտեցումներ անհրաժեշտ էր ցուցաբերել և կիրառել, որպեսզի այդօրվա Հայաստանի մահմեդականներով բնակեցված գավառներում, մասնավորապես, Զանգիբասարում հնարավոր լինել իրականացնել արդյունավետ կառավարում:

Եկեք, սակայն, ընթերցենք փաստաթուղթը:

Վլադիմիր Հարությունյան, Ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր:

ՍՏԵՓԱՆ ՂՈՐՂԱՆՅԱՆ

ՀՈՒՇԵՐ

1922

Արևը թեքվելու վերայ էր, երբ ես իմ ուղղեկիցներով հասայ Մէլիքքեօյ գիւղը, որ Կարսից մի 15 վերստի վերայ էր, Կարս-Աղէքսանդրապօլ խճուղում:

Գիւղը վերացվել էր մի մեծ պատերազմական կայանի: Նրա շուրջը սփռված էր ճանապարհի ընթացքում հանգիստ առնող բազմահազար գաղթականութիւնը, ճանապարհի երկարութեամբ ձգվում էին շարժվող անթիւ սայլեր, բեռներ, ձիաւոր և ոտաւոր և նոցա հետ միասին, շփոթալից և անհոգ, զինւորների և սպաների բազմաթիվ խմբեր, … տարազով, բարխանով:

Որպէս բնութեան գաղտնիք, իրոք, հարստութեան շուրջը միշտ բորբոքվել են իշխանալից և տիրող տրամադրութիւնները և գուցէ դորանով պէտք է բացատրել, որ այդ հարուստ գաւառակներում փառքի և իշխանութեան ծարաւը միշտ շատ բարձր է եղել և միշտ անհագ:

Ազդեցութեան և առաջաւոր անուն հանելու համար, այդ թէ կալվածատէր ազնվականները և թէ հարուստ գիւղացիները, միշտ մրցել են իրար հետ և միշտ ուտեցրել, կաշառել են ռուս պաշտօնեաներին և իրանք այդ առանցքում իրար հետ հաշիւ տեսել:

Պէտք չըկայ ասելու, որ այդ մթնոլորտում կառավարել դժվար չէր: Պրիստավները, գաւառապետները և միւսները, բաժանում էին և այնպէս տիրում ու կառավարում: Ռուս պաշտօնեաները թողնում էին այդ ազնվականներին և հարուստներին մրցել և կռվել իրար հետ, վերապահելով նոցա իրանց հիւրասիրելու և շահելու արտօնութիւնը, այդ պաշտօնեաները մի անվիճելի ծառայութիւն էին մատուցում իրանց կառավարութեանը:

Վիճող և մրցող կողմերից ոչ ոք չէր երազում պաշտօնական գերիշխանութեան մասին: Այդ իրաւունքը, անվճռաբէկ, պատկանում էր ռուսին և այդ ուղղութեամբ ոչ մի խօսք չը կար: Պետական յեղաշրջումը տակնուվրայ արեց բոլոր հասկացողութիւնները: Բոլորը ձգտեցին դէպի ինքնորոշում, բայց աւելի նախանձախնդիր և աւելի եռանդոտ էին այդ իմաստով այն ազնվականները, որոնք ժառանգութեան օրէնքներով տիրացան ռուս պաշտօնեաների իրաւունքները և այսօր իրանք, որպէս «յեղափոխական» և ազատալից կոմիսարներ, եկան վայելելու վաղեմի առատ և համով սեղանը...

Բայց ազնվական և կալվածատէր հայ կոմիսարը, որպէս իշխանաւոր այսօր, չունէր ռուս պրիստաւի և ռուս գաւառապետի անվճռաբէկ համարումը: Վէճալից հրապարակը նրան մրցող հակառակորդ էր համարում և այդ առանցքում խախտվում և գունատվում էին կոմիսարի իշխանական իրաւունքները:

Այդ տրամադրութիւնից օգտվեցին դրսի խռովարարները, Բակվի համիսլամականութիւնը և գրգռեցին թուրք ֆանատիկոսութիւնը:

Կովկասի սկզբնական ռուս կառավարութիւնը, օզակոմը, կարողութիւն չունեցաւ ըմբռնելու երկրի այդ վերապրումները: Այդ օզակոմը, տարված և ինքնագոհ, գնում էր իր օրերի հոսանքի յետևից և ջերմագին ծափահարում միայն հրապարակի բոլոր գունալից տեսնիլներին: Այդ մթնոլորտում երկրի իշխանութեան համարումը ընկաւ իսպառ և ճարպիկ ու լարախաղ մարդիք, «ազատութիւն» և «յեղափոխութիւն» գոռալով, հրապարակում տալիս են միայն էժանագին ծաղրածու ներկայեացումներ... Վեդիի, Զանգիբասարի և Արազդայեանի բոլոր թուրք և քուրդ երիտասարդ աւազակները բոլորը յանկարծակի «սօցիալիստ» և «յեղափոխական» դարձան: Նրանք անցան Վեդիի լեռները և Արազդարայի ղամիշով ծածկված ճահիճները և այդ տարածութեան վերայ ինքնորոշվելով, այդ գաւառակները յայտարարեցին ազատ և անկախ հանրապետութիւն...

Այդպէս էր դրութիւնը Երևանի գաւառի այդ անկիւնում հայկական իշխանութեան նախօրեակում: Մեր կառավարութիւնը, դիլիկատ, կամ, գուցէ, «դեմօկրատիկ» միտումներով, հարկ չը համարեց հէնց սկզբից համակվելու իր սուվերէն իրաւունքներով: Նա սրտոտութիւն չունեցաւ ասելու - յեղափոխութիւնը վերջացաւ և երկրի նոր իշխանութիւնը գալիս է կերտելու նոր օրէնքներ և նոր կենցաղ:

Եւ անվճռաբէկ իր իշխանալից ձեռքը առնելով երկրի ղեկը, կառավարութիւնը պէտք է գար անսասան կառավարելու և ոչ խորհրդակցելու ու վիճելու մարդկանց հետ:

«Պարլամենտի» մեր «պատգամաւորները» և այնտեղ կարծում էին, որ Զանգիբասարում «քաղաքական հոսանքներ» կան և հարկ էին համարում, հաշվի առնելով այդ «հոսանքները», նոցա հետ «կոնտակտ» կայացնելու: Եւ այստեղ նորից պարտվեց մեր պետականութիւնը:

Զանգիբասարում կային հին և նոր աւազակներ, կային փառքի և իշխանութեան համար մարտնչողներ, այդտեղ էին եկել Բակվից թուրք քաղաքական շարլատանները և նկատելով հայկական կառավարութեան երերուն և ոչ իշխանալից տրամադրութիւնը, այդ բոլոր «հոսանքները» «բլոկ» կազմելով, մեծ թափով գրոհ գործեցին հայկական իշխանութեան վերայ: Այդ օրերում Երևան եկան և թուրքերի, Բակվի «դիւանագիտական» ներկայացուցիչները: Բայց այդ «հիւպատոսարանը» մի դարան էր միայն, ուր ձևակերպվում և ուղղութիւն էր ստանում Զանգիբասարի հակահայկական խմորը: Այդ «հիւպատոսարանը» զբաղված էր բացառապէս խռովալից մեր դէմ ինտրիգներով և նրա միջոցովն էր անցնում այդ վայրի «թիւրք օրիենտացիան», թիւրքաց ռազմագիտութիւնը, Բակվի ագիտացիոն ոսկին  և Տաճկաստանի ապագայ միտումները: (առկա է տեքստի խզում)

… Կառավարութիւնը «ընդհանուր լեզու» չըգտաւ Զանգիբասարի արկածախնդիր աւազակների հետ խոսելու համար, այն ժամանակվայ Ներքին գոր­ծոց մինիստր Գիւլխանդանեան խնդրեց Կարսի նահանգապետին ուղարկել Երևան մի թուրք պաշտօնեայ, որին նա կարող լինէր վստահել Զանգիբասարի գաւառապետի պաշտօնը:

Էջմիածնի գաւառի յայտնի կալվածատեր Սուլթանօվները մեծ համարում ունէին Արա­րատեան դաշտում և նոքա բոլորը իր ժամանակին մեծ յաջողութեամբ վարել են այդ գաւառներում վար­չական պաշտօններ:

Ես բոլորին ճանաչում էի և բոլորի հետ երբէմն պաշտօնաւարել եմ:

Այդ Սուլթանօվներից մէկի որդին, իրաւաբան ուսանող, պետական յեղաշրջումից յետոյ նոյնպէս նետվեց հրապարակ և ձգտելով, որպէս իւր ժամանակին իր հայրը, իշխելու ու փայլելու, նա յեղափոխական կօմիսար դարձաւ Երևանի նա­հան­գի համար: Նա կարմիր ժապաւէնով միայն քողարկել էր իր թուրք անհամբեր և մոլեռանդ դէմքը և հայերը շատ շուտ տեսան, որ այդ □յեղափոխականը□ նախկին պրիստաւի և հզօր կալ­վածատէրի որդին է: Հայկական իշխանութեան օրով նա չքացաւ ծափերի ասպարէզից, բայց ես ուզեցի օգտագործել այդ ընդունակ, խորամանկ, ճարպիկ և կապեր ունեցող թուրք երիտասարդին: Նա չէր նստում իմ ներկայիւթեամբ, իսկ ես, իմ վարչական միտումներում, տրամադրված չէի խախտելու այդ ամօթխածութիւնը: Ես պատվիրեցի Երևանի իմ թուրք բարեկամներից մէկին ուղարկել երիտասարդին ինձ մօտ: Յիշեցնելով նորան իմ հին բարեկամութիւնը նորա հօր և ազգականների հետ ասացի, որ պարտաւորութիւն եմ զգում հովանաւորելու նորան՝ կեանքի ձախորդ ալիք­ներից պահպանելու համար և Կարսի գաւառա­պետի օգնական նշանակեցի: Հազիւ թէ պէտք է ասել, որ այդ անուն ունեցող թուրքի միջոցով ես կը տանէի թուրք վայրերում իմ գիծը: Բայց ես պէտք է կատարէի մինիստրի խնդիրը և ուղարկեցի երիտասարդին Երևան: Նա նշանակվեց Երևանի գաւառապետի օգնական և նրան յանձնարարվեց Զան­գիբասար կառավարել: Ինչպէս յետոյ պարզվեց, այդ ընդունակ և պէտք երիտասարդին նո­րա մօտ իշխանաւորը չը կարողացաւ սանձերի մէջ պահել:

Երիտասարդը շատ շուտ զգաց, որ ինքը ինք­նագլուխ է, նա իր շուրջը հեղինակութիւն չը տեսաւ, որի առաջ նա կարող էր խոնարհվել և նրա մէջ մեծ չափով առաջ եկաւ արկածալից թուրքը... Նա երկծայրանի սուր դարձաւ Երևանի վարչութեան համար և աւելի խըճըճելով առանց այն էլ անիշխան դրութիւնը Զանգիբասարում, Սուլթանով փախաւ Բագու, չարիքի փոքրագոյնը ընտրելով իր համար այդ անյոյս դրութեան մէջ...

Տեքստը մուտքագրել է Անուշ Համբարձումյանը

Ամենաընթերցվածը