Իջևանի դենդրոպարկի տնօրենը ցանկանում է այգին ազգային արժեք դարձնել

  • Հասարակություն - 14 Նոյեմբերի 2017, 15:27

Իջևանի դենդրոպարկի այցելուները կարող են իրենց ցանկացած տնկին գնել ու իրենց անունով ծառ տնկել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանն ասաց, որ անվանական ցուցանակները հետզհետե կավելանան:

Էկո-մեդիա ցանցի լրագրողները ՀՀ բնապահպանության աջակցությամբ այց կատարեցին Տավուշի մարզ, որի ընթացքում եղան Իջևանի դենդրոպարկում:

Այնտեղ կան 600-ից ավելի ծառաթփատեսակ, ընդհանուր տարածքը 14 հա է:

«Ընդհանուր առմամբ 630 տեսակի ծառ ու թուփ կան,  բայց դրանցից որոշները երաշտի պատճառով չորացել են, այժմ փորձում ենք վերականգնել։ Բացի դրանից` նորից բերում, համալրում ենք: Մեկը նվիրում է, մի տեղից ձեռք ենք բերում և փորձելու ենք 1000 տեսակն անցնել: Այսօր տեղի ծառերը հիմնականում մոտ 60 տարեկան են»,-ասաց տնօրենը և կատակեց, որ դրանք իր տարիքին են, իր քույրերն ու եղբայրներն են:

Սայադյանը շրջայցի ժամանակ լրագրողներին ներկայացնում էր բոլոր հետաքրքիր ու յուրօրինակ, ինչպես նաև արտասովոր ծառերը:

«Մեզ մոտ կա հատապտղային կենի, նաև մեկ այլ տեսակի կենի, որոնք «Կարմիր գրքում» գրանցված են, ինչպես նաև մետա սեքվոյա, դենդրոն սեքվոյա: Մեր դենդրոպարկում կա նաև աշխարհում միակ արջատխլենու ծառուղին»,- նշեց դենդրոպարկի տնօրենն ու հավելեց, որ բնապահպանության նախարարի կողմից բարյացակամ վերաբերմունք է տեսնում:

Նա մեծ հույս ունի, որ այս և մյուս դենդրոպարկերը ազգային արժեք կդառնան:

Տնօրենը նշեց, որ իրենք այգին համալրում են ծառատեսակներով և հիմնականում էկզոտիկ տեսակներ են ձեռք բերում: Սայադյանը շեշտեց նաև, որ իրենք տնկիներ են աճեցնում և հարուստ տնկանյութեր ունեն:

Դենդրոպարկում տեղադրված տաղավարները ցանկացողներին տրամադրվում են անվճար: Առաջիկայում տուրիստական հոսքեր ապահովելու համար նա նպատակ ունի խանութ բացել, որպեսզի ստացված ֆինանսներով ավելի զարգացնեն այգին:

Այգու մուտքն ազատ է և շատ են զբոսնողները, իրենց հանգիստն անցկացնողները:

Իջևանի դենդրոպարկի հիմնադիրն եղել է Մեխակ Սայադյանի հայրը`կենսաբանական գիտությունների թեկնածու, Իջևանի պատվավոր քաղաքացի Լյուդվիգ Սայադյանը: Նրա հուշարձանը տեղադրված է հենց մուտքի մոտ:

Այգու հիմնադրմանն աջակցել են նաև անտառագետներ Հայկ Հախինյանը և Գրիգոր Ադամյանը:

Ամենաընթերցվածը