Շաքարային դիաբետով հիվանդների թիվը 17 տարում կրկնապատկվել է

  • Հասարակություն - 14 Նոյեմբերի 2017, 15:25

Այս տարեսկզբին հաշվարկել են շաքարային դիաբետով 83 000 հիվանդ: 2000 թվականին  ցուցանիշը փոքր էր 2 անգամ՝ 40 000 հիվանդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 14-ին՝ Շաքարային դիաբետի դեմ պայքարի օրը լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմանյանն ասաց, որ շաքարային դիաբետով տառապող ոչ մի հիվանդ Հայաստանում չունի անհրաժեշտ դեղորայքի պակաս:

«Աշխարհում այսօր հաշվարկվում  է շաքարային դիաբետով հիվանդ մոտ 400 մլն մարդ: Տարեցտարի այդ թվերն աճում են: Նույն պատկերն է նաև Հայաստանում: Եթե 2000 թվականին ունեինք մոտ 40 000 դիաբետով հիվանդ մարդ, այս տարեսկզբին հաշվարկվել է մոտ 83 000: Տարեվերջին մենք կունենանք մոտ 90 000 հիվանդ»,-ասաց Թորոմանյանը:

83 000 հիվանդից 65 000-ը տառապում են երկրորդ տիպի շաքարային դիաբետով: Մնացածն ունեն առաջին տիպի շաքարային դիաբետ: Նրանց մոտ առկա է ինսուլինի բացարձակ անբավարարություն, ինչի պատճառով ինսուլինի ներարկումներ են ստանում: 

Կյանքում առաջին անգամ գրանցված շաքարային դիաբետի դեպքերը Հայաստանում կազմում են տարեկան 7 000-8 000 հիվանդ: 20 տարի առաջվա համեմատ այդ ցուցանիշն աճել է 5 անգամ:

ՄԱԿ-ի կողմից 2010-ին ընդունված որոշմամբ՝ բոլոր պետությունները պարտավորվում են զբաղվել դիաբետով հիվանդների խնդրով: Դիաբետի դեմ պայքարը հիմնվում է 4 հիմնաքարերի վրա՝ սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն, դեղորայքային բուժում և ինքնահսկողություն:

«Հայաստանում ապրող բոլոր մարդիկ, որոնք տառապում են շաքարային դիաբետով  և ինսուլինի ներարկման կարիք ունեն, պետության կողմից ապահովվում են դրանով: Ինսուլինի խնդիր այսօր հանրապետությունում չկա: «Հայաստան-Արցախ» հիմնադրամը ևս օգնություն է ցուցաբերում այն դեղորայքով, որը տարածված է զարգացած շատ երկրներում»,-ասաց Թորոմանյանն ու հավելեց՝ դեղերի տրամադրման ժամկետի ուշացման խնդիր ևս չունենք: 

Գլխավոր էնդոկրինոլոգի խոսքով՝ դիաբետի զարգացման գործոններից առաջինը ժառանգականությունն է՝ հիվանդների 50-70 տոկոսը դիաբետը ժառանգել են: Երկրորդ կարևոր գործոնը ճարպակալումն է, հետո՝ ճարպային նյութափոխանակության խանգարումները, արյան բարձր ճնշումը, ցածր ֆիզիկական ակտիվությունն ու սննդակարգը:

Ամենաընթերցվածը