Օլիգարխների գաղտնի պայմանագիրը Սերժ Սարգսյանի ձեռքին

    • Հասարակություն - 13 Նոյեմբերի 2017, 21:18
Ավելի քան 400 միլիոնատերեր ու միլիարդատերեր նամակ են հղել ԱՄՆ Կոնգրես՝ խնդրելով չիջեցնել հարկերը գերբարձր եկամուտ ունեցողների համար: Այս մասին հայտնում է Վաշինգտոն Փոստը:

Նամակի հեղինակները նշում են, որ գերհարուստների համար հարկերի իջեցումը մեծ սխալ կլինի երկրում անհավասարության մակարդակի պայմաններում:

Նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները հրապարակել են նոր օրինագիծը, որով հարուստ ամերիկացիների հարկային բեռը թեթևացվում է: Դա Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր:

Ամերիկացի մեծահարուստները նշում են երկրում անհավասարության մակարդակը: Պրոգրեսիվ հարկերն, այնուամենայնիվ, որոշ չափով մեղմում են այդ անհավասարությունը, եւ ամենակարեւորը՝ հոգեբանական որոշակի «հավասարակշռություն» են ստեղծում հասարակության մեջ:

Պատկերացնո՞ւմ եք նման մի նամակ հայ մեծահարուստները գրեն Ազգային ժողով կամ կառավարություն: Ավելի ճիշտ՝ նման օրենք կամ որոշում ընդունեն, քանի որ նրանց մեծ մասը նստած են անմիջապես կառավարությունում ու Ազգային ժողովում:

Փոխարենը, պետական իշխանությունը յուրացրած այս խավը ընդունում է օրենքներ ու որոշումներ, որոնք ավելի են մեծացնում անհավասարությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում, ապահովելով սեփական արտոնություններն ու դիրքերը: Ընդ որում, խոսքը միայն ֆինանսական անհավասարության մասին չէ, այլեւ իրավական, կրթական եւ այլն:

Ամերիկացի մեծահարուստները հասկանում են, որ այդ անհավասարությունը հղի է թե անձնական, թե հանրային-պետական մասշտաբի վտանգներով ու սպառնալիքներով: Եվ ընդհանրապես, հնարավոր չէ լիարժեք ապրել ու աշխատել մի միջավայրում, որը ստեղծվում է հանրության մի մեծ մասի հաշվին՝ հանուն փոքրամասնության բարեկեցության: Իհարկե, ամենուր այդպես է, չի կարող լինել հավասարություն, սակայն խնդիրը անարդարության աստիճանի նվազեցումն է բոլորի համար հավասար մեկնարկային նվազագույն պայմանների ու արդարադատության ապահովումով: Այդ ժամանակ մարդիկ հնարավորություն են ունենում դրսեւորվելու եւ ավելի օբյեկտիվ վերաբերմունք են ունենում իրավիճակի վերաբերյալ:

Հայաստանում ամեն ինչ խեղված է հիմքից՝ ոչնչացված է հավասար մեկնարկային պայմանների սկզբունքը, որի վրա էլ կառուցվել է ներկայիս տնտեսա-քաղաքական քրեականացված համակարգը: Խոշոր բիզնեսը մի զգալի մասով ստվերում է, որը խոստովանում են նաեւ պետական մարմինները: Նրանք վճարում են նույն տոկոսադրույքով շահութահարկ, ինչ փոքր բիզնեսը, խուսափում են տարբեր հարկատեսակներից ու կոմունալ վճարումներից զանազան տարբերակներով, եւ այդպես շարունակ:

Այդ համակարգը կառավարվում է այլ օրենքներով ու պայմանավորվածություններով, որոնք արձանագրված են ներքին գաղտնի «սահմանադրության» մեջ, որի կետերը վերաբերվում են քվոտաներին, արտոնություններին ու ռեկետի արեալին՝ համապատասխան ներքին պարտավորություններով: 

Ամենաընթերցվածը