Յոգայի պրակտիկան օգնում է ավելի գիտակից մոտենալ մայրանալուն. Հայաստանում տարեցտարի զարգանում է պրենատալ յոգան

  • Հասարակություն - 11 Նոյեմբերի 2017, 11:32
Հայաստանում տարեցտարի ավելանում է այն հղիների թիվը, ովքեր մինչ ծննդաբերությունը զբաղվում են պրենատալ յոգայով: «Արմենպրես»-ի հետ զրույցում յոգայի մարզիչ Ստելլա Բեջանյանը, ով արդեն մի քանի տարի է հղիների հետ յոգայի դասընթացներ է անցկացնում, նշեց, որ հղիների յոգան ներառում է ֆիզիկական, շնչառական ու հանգստացնող մեդիտատիվ վարժություններ, որոնք օգնում են թե ֆիզիկապես, եւ թե հոգեպես պատրաստվել ծննդաբերությանը։ «Յոգայի պրակտիկան օգնում է ավելի գիտակից մոտենալ մայրանալուն։ Մեղմ նախապատրաստել մարմինը հղիության հետագա փուլերին եւ ծննդաբերությանը, ինչպես նաեւ  կապ հաստատել մոր և մանկան միջև»,-ասաց նա:

Մարզչի խոսքով` պրենատալ յոգան օգնում է ավելի ամուր և ճկուն դարձնել մարմինը, հանգստացնել միտքը , ազատվել ավելորդ լարվածությունից։

Նա նշեց, որ պրենատալ յոգայով զբաղվելու համար կան նաեւ հակացուցումներ: «Եթե մինչ հղիություն կինը չի զբաղվել յոգայով, ավելի լավ է հղիության առաջին երեք ամիսներին շեշտը դնել հանգստացնող և շնչառական վարժությունների վրա, իսկ 2-րդ եռամսյակից  սկսած աստիճանաբար ավելացնել նաև ֆիզիկական ակտիվությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե հղին բժիշկից ցուցում է ստացել խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, այդ դեպքում եւս յոգան հակացուցված է»,- ասաց նա:

26-ամյա Անին արդեն չորս տարի է, յոգայով է զբաղվում: «Ամեն ինչ շատ պատահաբար ստացվեց: Գովազդով լսեցի պրենատալ յոգայի մասին եւ առաջին հղիության ժամանակ որոշեցի դասընթացների հաճախել: Ճիշտ է՝ սկզբում մի փոքր վախ ունեի, բայց հետո աստիճանաբար այն անցավ, սկսեցի ավելի թեթեւ տանել հղիությունս»,-ասաց նա:

Ամենաընթերցվածը