Գործ ունենք անպաշտպան մայրության և խտրականության հետ

    • Հասարակություն - 11 Նոյեմբերի 2017, 10:46
Լուսանկարը Aysor.am-ի
Լուսանկարը Aysor.am-ի
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի վերաբերյալ

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի նախկին պաշտոնակատար Սուսան Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ֆիզարձակուրդում գտնվելու ժամանակահատվածում իր զբաղեցրած պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ և եղել հաղթող անձ:

Իր հերթին, ՀՀ կառավարությունը Aysor.am-ի հարցմանանն ի պատասխան բերել է մի շարք հիմնավորումներ, այդ թվում մեջբերելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քաղծառայության խորհրդի և վարչապետի որոշումներ։

Այժմ չեմ ցանկանում մտնել փաստաթղթային մանրամասների մեջ, սակայն փաստն այն է, որ կինը՝ գտնվելով ֆիզարձակուրդի մեջ, անակնկալի է եկել, տեղեկանալով, որ իր աշխատանքային պայմանագիրը լուծվել է։ Այժմ հիմնական հարցն այն է, թե արդյոք նույն վիճակում կհայտնվեր կինը, եթե չլիներ ֆիզարձակուրդում։ Իհարկե ոչ, նա պատշաճ կերպով տեղեկացված կլիներ, որ իր աշխատանքային պայմանագիրն ավարտվում է։ Ժամանակ և հնարավորություն կունենար կողմնորոշվելու՝ մասնակցել թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին, կամ՝ կնախընտրեր չմասնակցել։ Այս տեսանկյունից մենք գործ ունենք անպաշտպան մայրության և խտրականության հետ։

Մայրությունն առանց այդ էլ խոցելի է դարձնում կնոջը, նա հաճախ մտահոգվում է իր աշխատանքի, աշխատանքային հմտությունների կորստի համար։ Որևէ գործատու չի էլ մտածում, որ կարելի է երկու տարի ֆիզարձակուրդում գտնվող կնոջը վերապատրաստման ուղարկել, փորձել լրացնել այն մասնագիտական բացը, որն առաջացել է մայրանալու և երեխային խնամելու ընթացքում։ Եվ մենք, որպես հասարակություն, պետք է ուշադիր լինենք և պարտադրենք պետությանն առավել պատասխանատու լինել կանանց նկատմամաբ, որոնք մայրանալով՝ մասնագիտական առումով գտնվում են առավել խոցելի վիճակում։

Եթե առաջնորդվենք վայրի մրցակցության կանոններով, իհարկե, երկու-երեք տարի ընդհատումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ կնոջ համար՝ աշխատաշուկայում ստեղծելով անհավասար պայմաններ։ Ուստի, ելնելով հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների սկզբունքից՝ մենք պետք է հնարավորություն տանք կանանց լինել հասարակության լիիրավ անդամ և ունենալ պաշտպանված մայրություն։ Դա է սահմանում Հայաստանի վավերացրած «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան՝ իր 11-րդ հոդվածով։

Ի դեպ, ես հակված եմ տղամարդկանց ֆիզարձակուրդի մասսայական կիրառմանը։ Թող տղամարդիկ էլ իրացվեն, որպես ծնող, գոնե 1 տարին լրացած երեխայի կողքին նստեն օրերով, խնամեն, կերակրեն, լվանան, զբոսնեցնեն իրենց փոքրիկին ու հավասար կիսեն ծնողական պարտականությունները։ Դա վստահաբար կլինի առավել արդար կանանց նկատմամբ՝ մասնագիտական հմտությունների պահպանման տեսանկյունից, և ի նպաստ՝ հավասար ծնողական իրավունքների ու պարտականությունների իրացման։

Ամենաընթերցվածը