Սերժ Սարգսյանի 2008-ի գաղտնիքը. Ինչ գիտեր նա, որ չէր ասում

    • Հասարակություն - 03 Նոյեմբերի 2017, 14:13
Եթե նախագահը հայտարարել է, ուրեմն դրա համապատասխան նաեւ հաշվարկներ, մոտեցումներ արվել են, հայտարարել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, անդրադառնալով 2040 թվականին 4 միլիոն բնակչությամբ Հայաստան ունենալու մասին Սերժ Սարգսյանի հռչակած նպատակին:

Օրերս Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկություն հրապարակեց  Հայաստանի բնակչության թվի մասին: Հայաստանի մշտական բնակչությունն արդեն տեւական ժամանակ ցածր է հոգեբանական շեմ համարվող 3 միլիոնից:

Իրատեսակա՞ն է արդյոք մինչեւ 2040 թվականը մեկ միլիոն հայրենադարձություն ապահովելը: Մյուս կողմից, գուցե խնդիրը հայրենադարձությունն էլ չէ, որովհետեւ Հայաստանի մշտական բնակչությունը 4 միլիոնի հասցնելու տեսականում այլ տարբերակներ էլ կան: Խոսքն իհարկե ծնելիության բումի մասին չէ, հաշվի առնելով մնացած ժամանակահատվածը՝ դա խիստ անիրատեսական է:

Բայց Հայաստանն օրինակ հնարավոր է բնակեցնել տարբեր այլ ազգություններով, այն երկրներից, որտեղ կա բնակչության գերաճ, տարածքի խնդիրը, ընդհանրապես բնակչությանը պահելու խնդիր:

Դա իհարկե թվում է աներեւակայելի, հաշվի առնելով այն, որ Հայաստանի հանրությունը սովոր չէ մուլտիէթնիկ պատկերի: Հայաստանը գրեթե մշտապես եղել է մոնոէթնիկ պետություն, ազգային փոքրամասնություններն այստեղ միշտ եղել են խիստ փոքրաթիվ: Մյուս կողմից, չէ՞ որ եղել է ժամանակ, երբ հայերը ապրել են օրինակ թուրքերի հետ, կողք կողքի: Ինչու՞ չապրել ասենք Հայաստան տեղափոխված տասնյակ հազարավոր չինացիների, կամ ասենք հնդիկների հետ:

Այդ ամենն այսօր կարող է թվալ զավեշտալի, կարող է թվալ անգամ անհեթեթություն, վառ երեւակայություն, շատերը կհամարեն նույնիսկ զառանցանք:

Խնդիրը սակայն այն է, որ իշխանությունը հռչակել է ինչ որ մեծ նպատակ, շատ կարեւոր եւ անհրաժեշտ նպատակ, սակայն կարծես թե ինքն անգամ չի ցուցաբերում այդ նպատակի շուրջ հանրային քննարկումներ ծավալելու շահագրգռություն, ջանք: Ինչպիսի՞ն են Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու տարբերակները, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, դա հնարավոր է անել միայն հայրենադարձությա՞մբ, թե Հայաստան նաեւ այլ ազգությունների ներկայացուցիչների միգրացիա ապահովելով:

Եթե հռչակված նպատակը «Սերժ Սարգսյանը մի բան գիտե, որ ասել է» մակարդակի է, ապա Սերժ Սարգսյանը 2008 թվականին էլ ասում էր Հայաստան-Իրան  երկաթուղու, Համահայկական բանկի եւ նոր ատոմակայանի մասին: Մի բան գիտեր երեւի, որ ասում էր, բայց ներկայում բոլորը գիտեն, որ Սարգսյանի հռչակած այդ երեք մեծ նպատակներից որեւէ մեկը իննը տարում կես քայլ անգամ չի մոտեցել իրականությանը: Սերժ Սարգսյանը հաստատ մի բան գիտեր, բայց փաստորեն նրա իմացածն այդպես էլ մնաց գաղտնի, որովհետեւ թե նրա հաշվարկները անհայտ մնացին, թե թղթի վրա մնացին նրա հռչակած նպատակները:

Սարգսյանն իհարկե մի բան գիտեր, որ ասում էր, բայց ամբողջ հարցն այն է, թե նրա իմացածը որքան առնչություն ունի հանրության ու պետության խնդիրներին, եւ որքան է կապված ընդամենը իր իշխանական-քաղաքական խնդիրների հետ: Այլապես բոլորի համար է պարզ, որ Սարգսյանը հենց այնպես ոչինչ չի անում կամ ասում:

Մեծ նախագծերը, մեծ նպատակներն անկասկած հույժ կարեւոր են, եթե անգամ ներկայում դրանք թվում են անհասանելի բարձունքներ, միեւնույն է, հանրությանն անկասկած պետք է տալ մտածելու լայն ուղենիշներ: Բայց եթե իշխանության նպատակը դա է, ապա հռչակվող մեծ ծրագրերին պետք է հաջորդի հանրային քննարկումների նախաձեռնությունը, լայն հարթակներում, տեղեկատվական հարթության վրա, այդ մեծ նպատակներն իշխանության քաղաքական ծրագրից դուրս բերելու եւ հանրությանը դրանցով վարակելու համար: Իսկ դա միմիայն կնպաստի այդ նպատակների իրականանալիության աստիճանը բարձրացնելուն:

Բայց Սերժ Սարգսյանը երեւի մի բան գիտե, որ ասում է, բայց չի անում:

Ամենաընթերցվածը