Ոստիկանության նոր կտրուկ գործողությունը. Իրավիճակը մտահոգիչ է դառնում

  • Հասարակություն - 30 Հոկտեմբերի 2017, 22:03
Արմավիրի Մանուշակ մանկապարտեզում 3-ամյա տղային պատանդ վերցրած տղամարդուն ոստիկանները վնասազերծել են, ըստ պաշտոնական տեղեկության, ինքնավնասում անելու փորձը կանխելով, կիրառելով «հատուկ միջոց»: Նա տեղափոխվել է հիվանդանոց:  Բանակցությունները տեւել են մոտ 4 ժամ, հաջողվել է ազատել 3-ամյա պատանդ տղային, ներսում, ըստ տեղեկությունների, եղել է երկու վիրավոր, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

Պատճառը, ըստ ԶԼՄ-ների, ընտանեկան անհարթություններն են, տղամարդը մանկապարտեզ է գնացել այնտեղ աշխատող իր կնոջը հանդիպելու համար, ով որոշել է ամուսնալուծվել:

Այս տարվա օգոստոսի 29-ին նույնպես գրանցվեց պատանդառության դեպք. Ոստիկանները բիլիարդանոցում վնասազերծեցին պատանդառուին, դիպուկահարի կրակոցով:

Պատճառներն իհարկե տարբեր էին, ընդհանուրը պատանդառությունն է: Նախկինում նման դեպքեր կարծես թե չէին արձանագրվում, կամ չէին ստանում նման հնչեղություն:

Հատկանշական է, որ այս օրերին քննարկվում է Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծը: Դրա շուրջ տարբեր մեկնաբանություններ կան, ամենատարածվածն «ադաթն» ու «ազգային մենթալությունն» է, որի շրջանակում արդարացվում է կանանց ու երեխաներին «դաստիարակչական ծեծը»: Ընդ որում, բռնությունն արդարացվում է ամենաբարձր մակարդակով, պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

Սա փաստում է, որ Հայաստանի քրեածին իրավիճակի «աղբյուրն» իշխանությունն է իր արժեհամակարգով ու գործունեությամբ, այդ թվում՝ «կենցաղային մակարդակում», ինչը նման միջադեպերի ժամանակ սովորաբար շեշտում են իշխանության ներկայացուցիչները:

Ի՞նչ կեզրակացնեն նրանք Արմավիրի միջադեպից հետո:

Իր հերթին, ոստիկանությունը, որը հանրային լուրջ քննադատության արժանացավ վերջին շրջանում հաճախակի դարձած աղմկոտ միջադեպերի հետեւանքով, գտնվում է կրկնակի «բեռի տակ». Մի կողմից բուն միջադեպերն են հաճախ արյունալի ելքով, մյուս կողմից՝ ամենաբարձր մակարդակով բռնության արդարացումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ինքնադատաստանի, խնդիրներն օրենքի դաշտում լուծելուց խուսափելու միտումներին:

Ոստիկանության կիրառած «հատուկ միջոցները» արդյունք չեն տա, նման միջադեպերը կշարունակվեն, եթե խնդիրը չլուծվի հիմքից: 

Ամենաընթերցվածը