Կալաձեն թբիլիսցիներին խոստացել է լուծել հանրային տրանսպորտի խնդիրը

    • Հասարակություն - 18 Հոկտեմբերի 2017, 10:03
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, ինչպես և Երևանում, բնակիչները քաղաքային իշխանությունից պահանջում են անհապաղ լուծում տալ հասարակական տրանսպորտի խնդրին: Թբիլիսիում հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոպոլիտենն աշխատում են գերբեռնված, ավելացել են խցանումները: Հասարակությունը նաև էկոլոգիապես մաքուր տրանսպորտ գործարկելու հարցն է բարձրացնում: Խնդրի լուծման խոստումներ այս օրերին թբիլիսցիներին տալիս են քաղաքապետի թեկնածուները, որոնց թիվը 13 է: Նրանց գրեթե բոլորի նախընտրական ծրագրերում, ըստ բնակիչների, այս խնդրի լուծումը ներառված է:

Հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու: Թբիլիսիում նույնպես պետք է ընտրեն քաղաքապետ ու քաղաքային խորհրդի պատգամավորներ: Թբիլիսիում նախընտրական տրամադրություններ են, ամենուր նախընտրական պաստառների առատություն է: Թեկնածուները զանազան խոստումներ են տալիս բնակիչներին, չնայած ցուրտ եղանակին՝ փողոցներում ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքներ են կատարվում:

Թբիլիսիում առանցքային երեք թեկնածուները հետևյալն են՝ «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Կախա Կալաձե, ընդդիմադիր թեկնածու Ալեկո Էլիսաշվիլի և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Զաալ Ուդումաշվիլին:

Իշխող ուժի թեկնածու Կախա Կալաձեն նախկին ֆուտբոլիստ է, Թբիլիսիում անցկացված տարբեր հարցումների համաձայն՝ թեկնածուներից առաջատարն է: Թբիլիսիի բնակիչները մեզ հետ զրույցում նույնպես չէին թաքցնում, որ համակրում են Կալաձեին: Նրանց կարծիքով՝ երիտասարդ թեկնածուն ի վիճակի կլինի քաղաքում բարեփոխումներ իրականացնել:

Կալաձեն Թբիլիսիի բնակչությանն առաջին հերթին խոստանում է փոխել քաղաքի կառուցվածքը, որը քաոսային է որակել: Նա խոստանում է խիստ լինել հողահատկացման ու շինարարության թույլտվության հարցում, ներկրել 700 նոր ավտոբուս, ավելացնել հանրային տրանսպորտի գծերը, վերանորոգել մետրոպոլիտենը:

Թբիլիսիում քաղաքապետի թեկնածուներ են առաջադրել նաև «Եվրոպական Վրաստան», «Նոր Վրաստան», «Լեյբորիստական» կուսակցությունները, «Վրաստանի հայրենասերների դաշինքը», «Ազգային դեմոկրատական շարժումը»:

Ամենաընթերցվածը