Ջինիշյան հիշատակի ԱՄՆ ծրագիրը տոնում է իր գործունեության 50-րդ տարելիցը

  • Հասարակություն - 11 Հոկտեմբերի 2017, 10:53
2017 թվականին Ջինիշյան հիշատակի ԱՄՆ ծրագիրը տոնում է իր գործունեության 50-րդ տարելիցը և տոնակատարության շրջանակում կազմակերպում է միջոցառում նվիրված ծրագրի հիմնադրման 50-րդ ամյակին, որը տեղի է ունենալու ս.թ.-ի հոկտեմբերի 14-ին, ժամը 16:30-18:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում (Գրիգոր Լուսավորիչ 6, կառավարական մուտք):

Միջոցառման շրջանակում նախատեսվում է ընդունելություն, որին հրավիրված են մի շարք բարձրաստիճան հյուրեր (ՀՀ վարչապետ, նախարարներ, դեսպաններ, ինչպես նաև ԱՄՆ-ից ժամանած Ջինիշյան հիշատակի ծրագրի ներկայացուցիչներ): Ընդունելությանը հաջորդելու է «Մեծապատիվ Մուրացկաններ» նոր, երաժշտական ներկայացումից ծաղկաքաղ, առաջնախաղը, որի բեմադրության գլխավոր աջակիցն է Ջինիշյան հիշատակի հիմնադրամը: Ներկայացման ամբողջական տարբերակը ներառվելու է թատրոնի հիմնական թատերացանկում: Ներկայացումը տեղի է ունենալու ս.թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Ջինիշյան հիշատակի ծրագիրը բարեգործական հաստատություն է, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում 1966 թվականի մայիսի 17-ին` Վարդան Ջինիշյանի կտակի հիման վրա` ի հիշատակ իր ծնողների: 1966 թվականից սկսած Ջինիշյան հիշատակի ծրագիրը ծավալուն և կենսական կարևորության նախաձեռնություններ է իրականացրել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հարյուր հազարավոր հայերի համար, որոնք ապրելով հակամարտության, աղքատության և անկայուն պայմաններում` դժվար կացության մեջ են հայտնվել: Ներկայումս ծրագիրն իր գործունեությունը ծավալում է Լիբանանում, Սիրիայում, Թուրքիայում, Իսրայելում, Հայաստանում, Արցախում և Վրաստանում, որտեղ Հայաստանի մասնաբաժինն ամենամեծն է:

Ջինիշյան հիշատակի ծրագիրն իրականացնում է ինչպես մարդասիրական, այնպես էլ զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր` հաշվի առնելով տվյալ երկրում առկա առաջնային խնդիրները, մարտահրավերները և զարգացման հնարավորությունները: Հիմնադրման պահից մինչ օրս, Ջինիշյան հիշատակի ծրագիրն ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել վերոհիշյալ երկրներում տարաբնույթ ծրագրերի իրականացման համար` նպաստելով մեր հայրենակիցների կյանքի որակի բարձրացմանը և արժանապատիվ կյանք վարելու իրենց իրավունքի իրականացմանը:

Ջինիշյան հիշատակի ծրագիրը Հայաստանում, Արցախում և Վրաստանում իր գործունեությունն իրականացնում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի միջոցով, որն իր գործունեությունը Հայաստանում սկսել է ԽՍՀՄ փլուզումից հետո` 1993 թվականին: Հիմնադրամը գործունեություն է ծավալում կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքացիական հասարակության, տնտեսական և համայնքային զարգացման բնագավառներում: Հիմնադրամի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.jinishian.org:

Ամենաընթերցվածը