«Քշի Թուրքիա»

  • Հասարակություն - 05 Հոկտեմբերի 2017, 16:26
Երեկվանից համացանցում մեծ վրդովմունք են առաջացրել Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանի լուսանկարները Կարմիր գրքում գրանցված անգղերի հետ, որոնք, մամուլի հրապարակումների համաձայն, ընկել են նրա և որսընկերների արձակած կրակոցներից:

Գյուղապետը որպես մեղմացուցիչ հանգամանք նշել է, որ վաղուցվա նկարներ են՝ 2007 թվականի, և համ էլ Թուրքիայից եկած գիշանգղներ էին: 

«Չնայած Թուրքիայի կողմից եկած են, բայց ի՞նչ տարբերություն, հաստատ թուրքական գիշանգղ են, որովհետև, ես ինչ հիշում եմ, մեր մոտի տարածքում ըտենց թռչուն չկա», - Yerkir.am-ին ասել էր Մկրտչյանը:

Այս դեպքում եթե պաշտոնյան հղում է անում անգղի ազգությանը, ապա լավ կլիներ պարզել՝ միգուցե անգղը ծպտյալ հայ էր, կամ էլ Հայաստանից էր մեկնել Թուրքիա և վերադառնում էր:

Ընդհանրապես, Թուրքիան յուրատեսակ «քավության նոխազ» է դարձել հայ պաշտոնյաների համար: Կարելի է հիշել տարիներ առաջ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանի հուզիչ պատմությունը կարկտային ամպերի մասին:

«Մեր հանրապետության տարածք նա մտել է արդեն որպես խոշոր կարկտային ամպ: Թուրքիայի մոտով նա մտել է մեր հանրապետության տարածք, նա արդեն լրիվ կազմավորված է մտել, կատաստրոֆիկ ամպի մեջ եղել է 2.5 սանտիմետրանոց կարկուտ և թափվել է մեր հանրապետության վրա»:

Այս տարվա օգոստոսին, երբ խոշոր հրդեհ էր բռնկվել Նաիրիտում, ԱԻՆ-ը զեկուցել էր, որ ծուխը գնում է Թուրքիա: 

Երեկ էլ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել էր, թե ինչ կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում: Պարզվում է, որ ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է: 

Ամենաընթերցվածը