Սերժ Սարգսյանի հարսանիքների ցանկը. «Էլիտան» բազմանում է, ժողովուրդը՝ պակասում

  • Հասարակություն - 04 Հոկտեմբերի 2017, 12:01
Հրապարակ թերթը գրել է, որ հոկտեմբերի 2-ին «Ֆլորենս» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել հերթական «էլիտար» հարսանիքը․ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի որդին ամուսնացել է Սամվել Կարապետյանի քրոջ դստեր հետ: Սերժ Սարգսյանը ներկա է եղել այդ հարսանիքին:

Մի քանի օրից մեկ այլ «էլիտար» հարսանիք է սպասվում՝ ամուսնանում է ՍԱՍ-ի Արտակի դուստրը, եւ Սարգսյանն անպայման ներկա կլինի:

Այս տարի Սերժ Սարգսյանը բազմաթիվ հարսանիքների է մասնակցել.

Հունիսի 24-ին՝ ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի դստեր հարսանիքին:

Հուլիսի 3-ին՝ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հարսանիքին:

Հուլիսի 21-ին՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքին:

Հուլիսի 29-ին՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու՝ Հայկ Ամիրյանի հարսանեկան արարողությանը:

Օգոստոսի 29-ին՝ Գյումրիում ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդու հարսանիքին:

Սեպտեմբերի 18-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին:

Սեպտեմբերի 30-ին Սերժ Սարգսյանը մասնակցել է Լեւոն Արոնյանի հարսանիքին, որի քավորն է եղել:

Չի բացառվում, որ այս ցանկը թերի է: Սերժ Սարգսյանին հասկանալ կարելի է՝ հայկական «էլիտան» ներկայում այն տարիքում է, որ նրանց զավակները հասունացել են եւ կյանք են մտնում՝ ապահովելով վերարտադրության փուլը: Ընդ որում, «պատահական» ամուսնություններ գրեթե չկան, եւ վերարտադրությունը ոչ միայն կենսաբանական է, այլեւ տնտեսա-քաղաքական եւ տեղավորվում է իշխանության «սերնդափոխության» տրամաբանության մեջ:

Այսօր հրապարակվել է 2017 թ. տվյալը, ըստ որի՝ այս տարվա 9 ամիսներին Հայաստանի բնակչությունը նվազել է մոտ 12 հազարով: Սերժ Սարգսյանի եւ նրա «էլիտայի» իշխանության օրոք այդ թիվն ընդհանուր առմամբ մոտ է 300 հազարին, ըստ պաշտոնական տվյալի:

Կա՞ ուղիղ կապ «էլիտար» հարսանիքների, որոնք վաղուց դադարել են զուտ սոցիալական երեւույթ լինելուց, եւ արտագաղթի միջեւ:

Հայկական «էլիտան» ձեւավորվել ու հարստացել է այն միջավայրում ու պայմաններում, որոնք դարձել են սոցիալ-տնտեսական աղետի, հանրային-պետական ինստիտուտների դեգրադացման եւ ըստ այդմ՝ արտագաղթի պատճառը՝ քվոտավորված հակաօրինական փակ համակարգ, մենաշնորհներ, ազատ մրցակցության բացառում, իշխանության ձեւավորման սահմանադրական մեխանիզմների ոչնչացում, համակարգային կոռուպցիա եւ այլն:

Այս պայմաններում «էլիտան» բազմանում, վերարտադրվում ու վերարտադրում է համակարգը՝ Սերժ Սարգսյանի անխափան ներկայությամբ, իսկ ժողովուրդը՝ արտագաղթում ու պակասում:

Ամենաընթերցվածը