Նման մեծ խայտառակություն Ծառուկյանը չէր սպասում

  • Հասարակություն - 03 Հոկտեմբերի 2017, 10:37
Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունը երեկ հրապարակել է այն պատգամավորների ցուցակը, ովքեր սահմանված կարգով դիմել եւ ստանում են Երևան քաղաքում բնակարանի վարձի փոխհատուցում, որը կազմում է 100 հազար դրամ:

Ցուցակում կան բոլոր խմբակցություններից պատգամավորներ, այդ թվում՝ Ծառուկյան դաշինքից երեք հոգի: Չորրորդը՝ Գյումրիի նախկին աստվածավախ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, հետ է վերցրել դիմումը:

Այս հանգամանքը մեծ աղմուկ է առաջացրել, թեեւ այսպես ասած պետա-իրավական տեսակետից որեւէ արտառոց բան չկա: Մարզերից ընտրված պատգամավորները երկար ժամանակով լինում են Երեւանում, եւ նրանց կամ պետք է ապահովել ծառայողական բնակարանով, կամ փոխհատուցել տան վարձը: Դա ընդունված է ամբողջ աշխարհում, առավել եւս, որ պատգամավորները արտահայտում են ժողովրդի կամքն ու ցանկությունները:

Խնդիրն այստեղ բարոյական հարթությունում է: Հայաստանում պատգամավորները ստանում են անհամեմատ բարձր աշխատավարձ սոցիալական ընդհանուր անապահով միջավայրում, եւ համարվում է, որ հանրային միջոցներով ձեւավորված պետական բյուջեից չպետք է նրանց վրա լրացուցիչ ծախս արվի: Նրանց գերակշիռ մեծամասնությունն աշխատավարձի հույսին չէ՝ մանդատը նրանց պետք է կամ եղած բիզնեսների բարգավաճման, կամ նորերը ձեռք բերելու համար:

Բացի այդ, «սոցիալապես անապահով» պատգամավորներն ամեն ամիս, ըստ ԶԼՄ-ների, ծրարով գումար են ստանում, որը մի քանի անգամ գերազանցում է նրանց աշխատավարձը:

Այս ֆոնին, զարմանալի չէր այս հարցի շուրջ բարձրացած աղմուկը, առավել եւս՝ Ծառուկյան դաշինքի մասով:

Եվ ահա, այսօր ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, թե նա խիստ զայրացել է այն պատգամավորների վրա, ովքեր դիմում են գրել փոխհատուցման համար: «Դուք հո մուրացկա՞ն չեք», ըստ ԶԼՄ-ների՝ նրանց ասել է Ծառուկյանը:

Դժվար է ասել՝ արդյոք այդպես է եղել, թե ոչ, բայց իրավիճակն իսկապես տհաճ է Ծառուկյանի համար, գրեթե խայտառակություն: Նա մշտապես ժողովրդի կողքին է, շատ է սիրում ժողովրդին ու պատրաստ է ամեն ինչ տալ ժողովրդին: Մյուս կողմից, նա իրենով խորհրդանշում է բարգավաճ Հայաստանը, եւ նրա ֆրակցիան էլ պետք է լինի բարգավաճ ու ժողովրդասեր:

Չէ՞ որ դրա համար է չարչարվել Ծառուկյանը, նույնիսկ բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն ծրագրել, հեռացվել քաղաքականությունից ու նորից վերադարձել: Ըստ Սերժ Սարգսյանի՝ «հարկեր թաքցրել», որոնք մինչեւ հիմա ՊԵԿ-ը փնտրում է նրա բազմաթիվ օբյեկտներում:

Այդ «թաքցված հարկերի» հաշվին են տեղի ունենում ընտրությունները, ապահովվում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի բացարձակ մեծամասնությունն ու նրանց պատգամավորների սոցիալական ապահովությունը, որոնց խնդիրն է քվեարկել համակարգի դրվածքն ու արտոնությունները պահպանելու օգտին:

Ինչպե՞ս կարելի է այսքանից հետո 100 հազար դրամ ստանալ պետությունից:

Այս դեպքում սակայն միայն բարոյական խնդիր չէ, որ առաջանում է. պետական բյուջեից ստացված ցանկացած օրինական լումա որոշակի պարտավորություն է առաջացնում հանրության հանդեպ, եւ դա պատգամավորները կարող են հանկարծ գիտակցել ու լուրջ ընդունել: Սա վտանգավոր է, եւ այս դեպքում ոչ մի բազմաքայլ կոմբինացիա չի օգնի:

Ամենաընթերցվածը