Զինվորները ծեծեցին իրանց մի սպայի, որ իր զինվորներին մերկ և քաղցած էր պահում

  • Հասարակություն - 29 Սեպտեմբերի 2017, 23:05
Իր հուշերի այս հատվածում (ՀԱԱ, Ֆ.477, ց.1, գ.22, թթ.1-8, բնագիր, ձեռագիր:) Կարսի քաղաքացիական նահանգապետ, գեներալ Ստեփան Ղորղանյանն ընթերցողին է ներկայացնում Կարսի մարզում և Հայաստանում ծավալված այն իրադարձությունները, որոնք նախորդել և փաստորեն նախապատրաստել են 1920 թ. բոլշևիկյան հակապետական խռովությունը: Հեղինակը տեղեկացնում է մեզ Կարսի մարզում գործող ռուսական, հունական և մահմեդական ազգային խորհրդների գործունեության ուղղության մասին: Այն ուղղության, որը նրանց մոտ միասնական էր, քանզի բոլորն էլ տենչում էին հայկական իշխանության տապալումը: Ներկայացված են նաև այդ օրերին Կարսի մարզում  բոլշևիկների իրականացրած քարոզչության մասին, որն ուղղված էր գործող պետական համակարգի վերացմանը:

Եկեք ընթերցենք փաստաթուղթը:

Վլադիմիր Հարությունյան, Ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր:

ՍՏԵՓԱՆ ՂՈՐՂԱՆՅԱՆ

                                     ՀՈՒՇԵՐ

                                         1922

Դեռ 19 թվի վերջերում և 20 թվականի յունվարին Կարսի ռուս ազգաբնակութեան մէջ նկատվում էր խուլ բորբոքում ու անցուդարձ: Այդ իրարանցումը կատարվում էր ռուս ազգային ժողովի շուրջը և նա մի նոր, կարծես, բնոյթ էր ստանում: Խօսում էին այդ խորհրդի նոր «ընտրութիւնների» մասին, բայց այդ առիթով ինչ-որ գաղտնի ցուցմունքներ էին սպասում դրսից, Թիֆլիզից: Յունվարի սկզբներին Թիֆլիզից Կարս եկան երկու հրեայ մարդիկ, որոնք իրանց «էս-էր» էին անվանում: Մեր օրերում այդ անգոյն և անհօտ կոչումը շատ ձեռնտու զրահ էր այլևայլ պատահարներից: Այդ կոչումի տակ թաքնվողները ոչ այս էին, և ոչ այն և այդպիսով ապահոված էին թէ՛ ջրից և թէ՛ կրակից...

Այդ պարոններին ոչ ոք չէր ճանաչում Կարսում, բայց այնուամենայնիւ նրանք շատ շուտ ընտե­լացան մթնոլորտին և շատ շուտ յարաբերութեան մէջ մտան ռուս, թուրք և յոյն մի քանի արկածա­խնդիրների, որոնք ուզում էին թագաւորութեան մէջ թագաւորութիւն անել և չէին կարողանում տանել հայկական իշխանութիւնը:

Մի քանի օրից յետոյ ռուս գիւղերից եկան մի քանի գիւղական ուսուցիչներ և Կարսում, իբր թէ, հա­ւաքվել էր Կարսի նահանգի ռուս ազգաբնա­կութեան համագումարը ազգային խորհրդի ընտրութեան համար: Պէտք չը կայ պարզելու, կարծեմ, որ այդ պատահական և ինքնակոչ պատվիրակները ժողովուրդ չեն ներկայեացնում:

«Ընտրութիւնների» բնոյթին մենք լաւ ծանօթ ենք, այդ ընտրութիւնները միայն կրում են «համա­ժողովրդական» անունը, բայց բուն ժողովուրդը այդ «ընտրութիւնների» մասին ոչ մի հասկացողութիւն չունի:

Մի բուռն մարդիկ, գաղափարական հասարա­կական դիմակի տակ կարգաւորելով իրանց անձնական գործերը և այդ դեմագօգ մթնոլորտում լաւ և անպատասխանատու վաստակ ունենալով աղմկում են հրապարակը և իրանք իրանց ժողովրդի ներկայեացուցիչներ հռչակելով, չափում և ձևում են այդ թշվառ «ժողովրդի» անունից:  Եւ այժմ, երբ «ազատագրական» և «գաղափարական» փորձերի բովը վերջանալու վերայ է, կարծում եմ, որ այդ դիտողութիւնը, որ բոլորին շատ լաւ յայտնի է, կարելի է արձանագրել... Եւ Կարսի նահանգի ռուս ազգաբնակութեան այդ անկոչ «պատվիրակները» ժողով կայեացնելով, այդ երկուք հրեաներից մեկին «ռուս ազգային խորհրդի» նախագահ են ընտրում, իսկ միուսին՝ տեղապահ վարչութեան անդամ...:

Ես ուշադրութեամբ դիտում էի այդ բոլորը և, երբ այդ դիմակահանդէս «ընդրութիւնները» վերջացան և հրեաները գործի անցան, ես պատվիրեցի Կարսի ոստիկանապետին հրաւիրել երկուսին էլ իր գրա­սենեակը և առաջարկել առաջիկայ գնացքով թող­նել Կարսի նահանգի սահմանները...

Հրեաները փորձեցին միջնորդել ունկնդրութիւն խնդրելու ինձանից, բայց ես արդէն որոշ տվեալներ ունէի այդ խռովարարների մասին, մերժեցի այդ միջնորդութիւնը և նրանք ստիպված էին հենց նոյն օրը թողնելու Կարսը: Ռուս հասարակութեան բան­իմաց  մասը շատ գոհ մնաց իշխանութեան այդ կարգադրութիւնից և իր ուրախութիւնն էր յայտնում, որ ազատվեց Իսրաէլի այդ զաւակներից:

Բայց այդ պարոնները գնում են Երևան, այցե­լում են Ներքին գործերի մինիստրի պաշտօնա­կա­տար Սարգ. Մանասեանին և բողոքում «ընկերին» նահանգապետի կարգադրութեան դէմ: Այդ հրեա­ները հաւատացնում են մինիստրի պաշտօ­նակա­տարին, որ իրանք, առաջինը էս-էրներ են և իզուր է նահանգապետը նոցա մեծամասնական կարծում, երկրորդը՝ իրանք ռուսներ են և ոչ հրեաներ, իսկ երրորդը՝ նահանգապետը բռնանում է «ժողովրդի» կամքի վերայ և նոցա ժողովրդի ընտրվածներ չի ճանաչում:

Առանց նահանգապետին հարցնելու և առանց, վերջապէս, ստուգելու հրեաների այդ պատմու­թիւնը, մինիստրի պաշտօնակատարը, տարված, երևի, ընկերվար սկզբունքներով, հաւատում է «ընկերներին» և հրաման արձակում, որ կառա­ վարութիւնը իրաւունք է տալիս  նոցա վերադառնալու Կարս...

Բայց խեղճ Սարգիս Մանասեան չը գիտէր, որ այդ մարդիկ ճակատագրական են իր համար, որ մայիսին այդ էս-էրները, իրանց դիմակը ձգելով, ապստամբութիւն կը բարձրացնեն Կարսում հայ­կական կառավարութեան դէմ, իսկ նոցա ընկերնե­րը Դիլիջանի ձորում կը ձերբակալեն իրան՝ Մանասեանին և ապա կը գնդակահարեն...

Մեր յիշողութիւնների սկզբում մենք առիթն ենք ունեցել բնորոշելու ռուս, թուրք և յոյն ազգային խորհուրդները Կարսի նահանգում: Այդ խոր­հուրդները կազմակերպվեցին այն մարդկանց ձեռ­քով, որոնք ռուս պետական յեղաշրջումից յետոյ առաջացած անիշխան մթնոլորտում պղտոր ջրում ձուկ էին որսում: Կարսի նահանգում այդ հաս­տատութիւնները առաջ եկան հայկական իշխանու­թեան օրով և այնտեղ պատսպարվեցին այն բոլոր արկածախնդիրները, որոնց ճաշակով չէր, իհարկէ, դէպի իրաւակարգ ձգտող իշխանութիւնը: Այդ զանազան արհեստների պարանից, թոկից փախածները, գէթ ազգային խորհրդի դիմակի տակ ձգտեցին պահպանել իրանց ձեռքում մի որևէ իշխանութիւն և նշանակութիւն երկրում, իսկ իրանց սրտի խորքերում, իհարկէ, նրանք փայփայիւմ էին հայկական կառավարութիւնը տապալելու երազը:

Իւր ժամանակին ես փաստացի և մանրամասն զեկուցում էի ուղարկել կառավարութեանը այդ մասին և ներկայեացրել էի այդ բոլոր «գործիչների» կենսագրութիւնը: Եւ երբ այդ երկու հրեան, շատ յիմնաւոր կերպով սկսեցին իրանց հակապետական գործունէութիւնը Կարսի նահանգում, ես մանրա­մասն հաղորդեցի կառավարութեանը այդ մասին և երկուսին էլ աքսորեցի նահանգի սահմաններից:

Բայց, ասում են, անիմանալի է ամենակարողի կամքը և կեանքի պրօբլեմը լուծվում է շատ անգամ  ոչ մեր ցանկութիւններով: Եւ խեղճ Սարգ. Մանասեան, իր օրերի այդ մոլեռանդ հայրենա­սէրը, առաջինը ընկաւ այն դարանը, որի դժոխային անձեռնամխելիութիւնը նա այնչափ միամտօրէն պաշտպանում էր...

Այդ երկու հրեան, նորից Կարս գալով, շարու­նակեցին, իրանց գործունէութիւնը: Մէկը՝ աւագը, Ազգային խորհրդի նախագահի դիմակի տակ, իսկ միուսը՝ որպէս անդամ խորհրդի, շրջում էր ռուս գիւղերը և մեծամասնական պրօպօգանդա անում: Բայց մի ամսից յետոյ այս վերջինը յանկարծակի մեկնեց Թիֆլիս և այլև չը վերադարձաւ այնտեղից: Նա Կարս էր եկել կազմակերպչական հրահանգ­ներով և ծանոթանալով նահանգի դրութեան և տրամադրութիւնների հետ, վերադարձաւ ում հարկն էր զեկուցում տալու:

Այդ միջոցում ռուս մի թերթում, որ չեմ յիշում որտեղ էր հրատարակվում, մի երկու յօդված  երևաց Կարսի նահանգապետի «հակայեղափո­խական» ուղղութեան մասին:

Բայց այդ օրերում մթնոլորտը արդէն պղտոր­վում էր և Աղէքսանդրապօլից, այդ հոսանքների և հանդիպումների հանգոյցից, անհանգիստ լուրեր էին գալիս: Նկատվում էր ազգային խորհուրդների ինչ-որ մերձեցում, նրանք սկսեցին բարեկամութիւն անել իրար հետ և ինչ որ խառն ժողովներ ունեցան:

Այդ ժամանակամիջոցում առաջ եկան առաջի անկարգութիւնները Կարսի զօրանոցներից մէկում, այդ Կարսի պահակական գումարտակն էր, որի հրամանատարն էր փոխգնդապետ Միրզօեվ: Նրա զինվորները ամենաթշվառ դրութեան մէջ էին, բոլո­րը մերկ, ցնցոտիների, կեղտի մէջ, բոլորը սոված և բոլորը անուշադիր:

Հազիւ թէ պէտք է ասել, որ մեր մատնիչ-դաւաճան հրեշները, շատ զգաստ դէպի մեր ցաւօտ տեղերը, օգտագործեցին այդ գումար­տակի անցուդարձը և Աղէքսանդրապօլից ինչ-որ հակապետական պրօկլամացեաներ տարածեցին այդ գումարտակի զօրանոցներում: Այդ պարարտ հողի վերայ առաջին անգամ խմորվեց ըմբոստ տրամադրութիւնը և զինվորները ծեծեցին իրանց մի սպայի, որ իր զինվորներին մերկ և քաղցած էր պահում, իսկ ինքը կարագ ու մեղր վայելում...

Այդ գունդը արդէն տրամադրված էր զինված դուրս գալու, բողոքի ցոյց անելու համար իշխա­նութեան դէմ, բայց այդ մասին ես պատահմամբ տեղեկացայ մի քանի ժամ առաջ և հենց գիշերը հաղորդեցի գեներալ Յովսէփեանին: Վերջինը ձեռք առաւ բոլոր միջոցները և միջադէպը անցաւ... Այդ բոլորի մասին ես նոյն գիշերը ծածկագիր հեռագրով հաղորդեցի Երևան, բայց Կարսի հրամանատարու­թիւնը հերքեց, իհարկէ, նահանգապետի հաղորդագրութիւնը, քնացրեց բարձր իշխանութիւնը և ինքն էլ, իհարկէ, շարունակեց նիրհել...

Ինչպէս յիշում է ընթերցողը, փոխ-գնդապետ Միրզօեվը Կարսի պարետ գեներալ Փիրումօվի փեսան էր: (ջնջած է)

Խրախուսված այդ բոլոր նպաստաւոր պայման­ներից և տեսնելով, որ իրազեկ նահանգապետի հաւաստիացումները զինվորական իշխանութիւնը տրամադիր է հերքելու անվերաբեր նոցա ճշտու­թեանը, մեր հայրենիքի թշնամիները, մեր այդ տան գողերը շարունակեցին մեծ թափով իրանց գործու­նէութիւնը:

Ապրիլի վերջերում արդէն մթնոլորտը Կարսում անհանգիստ էր:

Մի քանի զօրամասերի զինվորներ, հայկական դիմակ հագած մի երկու սպաների դրդմամբ, խո­սում էին մայիսի մէկը տօնելու մասին, իրանք էլ իհարկէ, չը հասկանալով, թէ ինչումն է բանը: Այդ ալեկոծ դրութիւնը նկատվում էր և երկաթուղու ծառայողների մէջ:

Արխիվային ձեռագիր տեքստը մուտքագրել է Անուշ Համբարձումյանը

Ամենաընթերցվածը