Այժմ իշխանությունն է սպանում պետությունն էլ, եկեղեցին էլ

    • Հասարակություն - 13 Սեպտեմբերի 2017, 17:24
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեւում է նոր «համահայկական» բանավեճ է հրահրում, այս անգամ եկեղեցու թեմայով: Հրանտ Բագրատյանը հանդես է եկել հայտարարությամբ, որ Հայ Առաքելական եկեղեցին պատմության մեջ առնվազն երկու անգամ գիտակցաբար գնացել է պետության «մահվան»:

Բագրատյանին արդեն հասցրել է արձագանքել ԱԺ փոխնախագահ, մասնագիտությամբ պատմաբան Էդուարդ Շարմազանովը: Նա բնականաբար չի համաձայնել Բագրատյանի հետ եւ ասել է, որ եկեղեցին պետությունը փրկողն է, ազգը փրկողն է, եկեղեցի կառուցելն ու բոլորին, ամենուր՝ թե բանակում, թե պառլամենտում աղոթել տալն է ճիշտը:

Պատմությունն անկասկած սուբյեկտիվ գիտություն է եւ անկասկած կլինեն Բագրատյանի հետ համաձայնողներ եւ անհամաձայններ: Ամեն մեկն էլ կունենա իր շարժառիթը՝ համաձայնել-չհամաձայնելու:

Բայց եկեղեցու պատմական դերից շատ ավելի կարեւոր է, թե ինչ դեր ունի ՀԱԵ-ն ներկայում:

Եթե անցյալում եկեղեցին հանուն իր «կորպորատիվ» շահի պետությունն է տարել «մահվան», այժմ եկեղեցին գտնվում է իշխող համակարգի լիակատար վերահսկողության ներքո, եւ գործնականում հնարավոր է ասել, որ իշխանությունն է եկեղեցուն տանում «մահվան», եւ այդ առումով աշխարհիկ իշխանությանը լիովին աջակցում է եկեղեցական, հոգեւոր իշխանությունը:

Բանն այն է, որ եկեղեցին, որպես կառույց, ներկայում դարձել է իշխող համակարգի մասերից մեկը: Ըստ այդմ, եկեղեցին երբեմն լուծում է հանրային, անգամ պետական խնդիրներ՝ որքանով որ դա պահանջվում է համակարգի շահի դիտանկյունից, իսկ ընդհանուր առմամբ պետական ու հանրային խնդիրները համակարգի կազմում դիտարկում է որպես «կորպորատիվ» խնդիրների լուծման միջոց, ռեսուրս: Այդպիսով, աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունները փոխադարձաբար ծառայում են միմյանց, իհարկե առաջինի գերակայությամբ:

Դա բերում է նրան, որ ՀԱԵ-ն, որպես կառույց, իր ցանցային ներուժով հանդերձ գործնականում դուրս է մնում հանրային խնդիրների շրջանակից եւ դիտվում ոչ թե հանրության եւ պետության, այլ իշխանության դաշնակից: Դա, ինչպես նաեւ ՀԱԵ ղեկավարության մի շարք ներկայացուցիչների բավական շքեղ կենցաղվարությունը հանգեցնում են հանրության շրջանում եկեղեցու հանդեպ անվստահության:

Որքան մեծանում է եկեղեցու հանդեպ հանրային անվստահությունը, որն իհարկե արտահայտվում է շատ ավելի լուռ, քան անվստահությունն աշխարհիկ իշխանական համակարգի հանդեպ, այդքան եկեղեցու ղեկավարությունն ավելի շատ է զգում աշխարհիկ իշխանության կարիքը: Որքան ավելանում է այդ կարիքը, այնքան ՀԱԵ-ն խորն է դրվում աշխարհիկ իշխանության ձեռքում, որպես հանրային տրամադրությունների կառավարման եւ մանիպուլացման գործիքներից մեկը:

Եկեղեցու ղեկավարությունը գործնականում չի ընդդիմանում դրան, քանի որ չի դիմանում նյութական բարեկեցության գայթակղությանը:

Ինչպես միշտ, կամ ինչպես ժամանակակից Հայաստանի տարբեր հարցերում, այստեղ էլ ստացվում է փակ շրջան, որից չի նշմարվում ելքը: Հետեւանքն այն է, որ լինելով զուտ հանրային եւ համազգային ռեսուրսային բազայում բավական արժեքավոր, գրեթե համարժեքը չունեցող կառույց, Հայ Առաքելական եկեղեցին մատնված է «պարապուրդի»:

Փոխարենը, պարապուրդի տպավորությունը ցրել փորձում են այսպես ասած ագրեսիվ եկեղեցահենությամբ, որը զգալիորեն արտահայտված է նաեւ ԱԺ փոխնախագահի խոսքում:

Միաժամանակ, հանրային կյանքից եւ խնդիրներից զգալի կտրվածությունը հանգեցնում է նրան, որ ինչքան ագրեսիվ է եկեղեցահենությունը, այնքան ավելի է մեծանում հանրության անվստահությունը եկեղեցի կառույցի հանդեպ:

Ի վերջո, հակառակ միտման դեպքում ամենեւին կարիք չէր լինի եկեղեցական ծեսերը խցկել պետական ինստիտուտներ, դրանք դարձնելով այդ ինստիտուտներում առկա խնդիրներից հանրությանը շեղելու, դրանք քողարկելու միջոց:

Այդպիսով, եթե ըստ Հրանտ Բագրատյանի եկեղեցին պատմության մեջ «սպանել» է պետությունը, ապա այժմ իշխող համակարգը սպանում է թե պետությունը, թե եկեղեցին:

Իսկ քրիստոնեությունը, քրիստոնեական մտածողությունն ու արժեհամակարգը ամենեւին կապ չունեն եկեղեցիների քանակի, մասշտաբների, խտության, եւ ընդհանրապես որեւէ կրոնական կազմակերպության հետ:

Աստված մարդու մեջ է, եւ ոչ թե մարդը պետք է Աստծուն փնտրի որեւէ կրոնական կազմակերպությունում եւ դրան պատկանող անշարժ կամ շարժական գույքում, այլ այդ կազմակերպություններն Աստծուն գտնելու համար պետք է փնտրեն մարդուն:

Էդուարդ Շարմազանովն ասում է, որ եկեղեցին միակ տեղն է, որտեղ մարդը դրական զգացողություն է ստանում: Ամենեւին պետք չէ իհարկե հակադրել եկեղեցին որեւէ այլ վայրի հետ, բայց մարդը, որին իր պատկերով ու նմանությամբ ստեղծել է Արարիչը, դրական զգացողություն ստանում է ամենատարբեր տեղերում՝ մեկը գուցե եկեղեցում, մյուսը՝ պարզապես անտառում, լեռան գագաթին, տանը՝ գրկելով իր երեխային, կամ ննջասենյակում՝ գրկելով կնոջը, կամ որեւէ դպրոցում, մանկապարտեզում, որեւէ արդիական տեխնոլոգիական, ձեռնարկատիրական կենտրոնում, որտեղ չեն գողանում, բյուջեն չեն մսխում, որտեղ անգործությունը չեն թաքցնում եկեղեցով:

Այլ կերպ ասած, դա ժամանակակից, արդիական պետությունն է, որ դրական զգացողություն է փոխանցում մարդկանց եւ նրանց չի թողնում միակի հույսին՝ լինի եկեղեցի, տղամարդ, թե ԵՏՄ:

Ամենաընթերցվածը