Համակարգային բռնություն Արմեն Ամիրյանի հանդեպ

    • Հասարակություն - 13 Սեպտեմբերի 2017, 12:49
Թումանյանի անվան տուն-թանգարանում բոլշեւիկյան-ստալինյան, խորհրդային բռնարարքների զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդեսը փակելու մշակույթի նախարարության որոշումը, եւ առավել եւս փոխնախարար Արեւ Մուսայելյանի բացատրությունը՝ թե ցուցահանդեսը քաղաքականացված էր, գործնականում բռնարարք է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանդեպ, որն այդ պաշտոնը ստանձնել է Հայաստանում հանրային մշակույթ, մտածողություն փոխելու հայտով:

Հնարավոր չէ Հայաստանում փոխել հանրային մշակույթ եւ մտածողություն, եթե չի ձեւավորվում հանրային, սոցիալ-հոգեբանական համապատասխան մերժողականություն բռնության մշակույթի հանդեպ:

Բռնության մշակույթը զուտ ֆիզիկական բռնությունն ու դրա վիճակագրությունը չէ: Եթե օրինակ մշակույթի նախարարությունը որեւէ ցուցահանդես է փակում որեւէ թանգարանում, եթե անգամ թանգարանը մասնավոր չէ, ապա դա արդեն իսկ բռնության մշակույթի դրսեւորում է: Եվ առավել եւս, եթե փակվում է բռնության զոհերի հիշատակին վերաբերող ցուցահանդեսը:

Ըստ այդմ, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կամ ինքն է դառնում համակարգային բռնության զոհ, կամ դառնում է բռնության մասնակից, հեղինակ:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Նարինե Թուխիկյանը՝ թանգարանի տնօրենը, սպասում է, որ մշակույթի նախարարը վերադառնա արձակուրդից եւ հանդիպման միջոցով պարզի, թե ինչ է կատարվել իրականում:

Բայց Արմեն Ամիրյանն արձակուրդից կարող է եւ չվերադառնալ, քանի որ վերադարձն այլեւս իմաստ չունի: Կարճատեւ «արձակուրդից» վերադարձել է խորհրդային մտածողությունն ու մշակույթը, հետեւաբար Արմեն Ամիրյանը կարող է վերադառնալ, բայց ոչ թե նախարարի աշխատանքին, այլ բիզնես տիրույթ, որի հիմքերը, նրա իսկ պնդմամբ, ձեւավորվել են դեռեւս հենց խորհրդային տարիներից:

Հանուն արդարության պետք է արձանագրել, որ Արմեն Ամիրյանը դիմադրում էր իր հանդեպ բռնությանը: Երբ այսպես ասած նոր կառավարության վարչապետն ու նախարարները սկսել էին դիմում գրել ՀՀԿ անդամ դառնալու համար, Արմեն Ամիրյանի դիմումը ուշանում էր: Նա գրեց շատ ավելի հետո, ամենավերջիններից մեկը, երբ դիմադրելն այլեւս հնարավոր չէր: Իսկ մինչ այդ, երբ լրագրողները տարբեր առիթներով հարցեր էին ուղղում նախարարին, դրանցից մեկին նա պատասխանել էր խիստ խորհրդանշական հայտարարությամբ՝ «թողեք հանգիստ ապրեմ»:

Դժվար է պատկերացնել, թե ինչպես է մշակույթի նախարարը «լվացվելու» ստալինյան կամ բոլշեւիկյան բռնարարքներից: Այն նախարարը, որը հայտարարել էր, թե իր նպատակն է հասնել վիճակի, երբ Հայաստանում մշակույթի նախարարությունը կլինի ավելորդ: Դա իսկապես կարեւոր եւ ապագայի համարժեք նպատակ է, եւ ցուցահանդեսի փակումը այդ նպատակի անհրաժեշտությունը վկայող իրողություն է:

Բայց այդ փակումը միեւնույն ժամանակ վկայեց, որ Արմեն Ամիրյանին թույլ չեն տա առաջնորդվել այսպես ասած անձնական նպատակներով, եթե դրանք ունեն հանրային-պետական արդիականության միտումներ: Արմեն Ամիրյանը պետք է սպասարկի համակարգային նպատակները, իսկ դրանցում մշակույթի նախարարությունն ունի լիովին հակառակ դերակատարում՝ այն պետք է լինի հնարավորինս երկար, որովհետեւ դրա խնդիրը գործնականում խորհրդային մշակույթի պահպանությունն է՝ սովորական ռեժիմի դեպքում քողարկված, իսկ արտակարգ իրավիճակներում՝ ինչպիսին ցուցահանդեսն էր, բացահայտ:

Ամենաընթերցվածը