Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հայտարարությունը որպես հաղորդում հանցագործության մասին

  • Հասարակություն - 12 Սեպտեմբերի 2017, 19:40
ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը սեպտեմբերի 12-ին դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին սույն թվականի սեպտեմբերի 9-ին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում՝  «Հայելու առաջ» հաղորդաշարում Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հնչեցրած հայտարարության վերաբերյալ։ Վերջինս հայտնել է, որ օգոստոսի 3-ին ստացել է սպառնալիքներ որպես փոխգնդապետ Մնացականյան կամ Մանուկյան ներկայացած անձի կողմից՝ կապված թանգարանում կազմակերպված «Խավարում» խորագրով ցուցադրության հետ, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումներին զոհ դարձած հայերի հիշատակին։

Պատգամավորն անընդունելի է համարում ազատ խոսքի դեմ ուղղված ցանկացած ճնշում, ինչպես նաև՝ սպառնալիքները ուղղված Նարինե Թուխիկյանին։ «Խնդրում եմ նշված հայտրարությունը համարել հաղորդում հանցագործության մասին և ձեռնարկել համապատասխան միջոցներ»,-նշված է հայտարարության մեջ։

Նշենք նաև, որ մեկ օր առաջ պատգամավորը նամակ էր ուղարկել նաև ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին՝ ցուցահանդեսի հարկադիր փակման հարցում գործուն մասնակցություն ցուցաբերած Մշակույթի նախարարությունից պարզաբանումներ ստանալու նպատակով։ Գրության մեջ նշված է․«Արտահայտում ենք մեր մտահոգությունը կապված նման մոտեցման հետ և գտնում ենք, որ ցանկացած ինքնաարտահայտման ձև, ցանկացած կարծիք, եթե այն չի պարունակում վիրավորանք կամ բռնության կոչ, պետք է լսելի լինի»։ 

Ամենաընթերցվածը