Քաղաքացուն տուգանել են ուրիշի կատարած երթևեկության խախտումների համար

  • Հասարակություն - 12 Սեպտեմբերի 2017, 19:13
Քաղաքացի Հրանտ Դավթյանը բողոքում է, որ այլ ավտոմեքենայի կատարած խախտումներն ուղարկում են իրեն: Նրա դիմում-նամակում նշված է. 

Ճանապարհային ոստիկանության տեսուչ Խաժակ Գեղամյանը 06.09.17թ.-ին իմ՝ ՀՀ քաղաքացի Հ. Է. Դավթյանի նկատմամբ կազմել է թիվ 1706751392 ակտը, որով ինձ տուգանել է 25.08.17թ. ին Արարատի մարզում ինձ պատկանող VAZ21213 մակնիշի մեքենայով սահմանված արագությունը գերազանցելու համար:

Միանգամից ասեմ, որ այդ օրը և դրանից շատ ժամանակ առաջ էլ (արդեն տևական ժամանակ) գտնվել ու գտնվում եմ ՌԴ-ում կամ որ նույնն է՝ չեմ գտնվել ՀՀ-ում, սակայն սա չէ այս դեպքում հետաքրքրականը:

Բանն այն է, որ էլեկտրոնային միջոցներով տեղեկանալով իմ նկատմամբ կայացված ակտի մասին նախ զարմացա, քանի որ մեքենաս գտնվում է ավտոտնակում, ավտոտնակը փակ է ու ոչ ոք Երևանում այն չի վարում:

Զարմանքի առաջին ալիքն անցնելուց հետո սկսեցի ուսումնասիրել www.police.am կայքում տեղադրված ակտը:

Ակտում նշված մեքենայի մակնիշը և համարանիշը նույն են ինչ իմ մեքենայի մակնիշը և համարանիշը՝ VAZ21213 և 33VO992: Նույնն է թե նշված համարանիշի սովետական, հայտնի ՆԻՎԱ տեսակի մեքենան է, որ ՀՀ-ից իմ բացակայության ժամանակ կանգնած է ավտոտնակում:

Նախնական զարմանքիս ալիքն անցավ, տեղի տալով զարմանքի մի նոր ալիքի, երբ դիտեղի ակտին կից լուսանկարները:

Իսկապես էլ, իմ ՆԻՎԱ մեքենայով չէր կարող խախտում կատարված լինել այն դեպքում երբ ես չեմ գտնվել Հայաստանում, քանի որ այն բացի ինձնից ոչ ոք չի վարում: Այս մասով զարմանքս իհարկե անցավ:

Սակայն սկսեցի զարմանալ մեկ այլ հանգամանքից, այն բանից, թե ինչպես կարող է ՃՈ տեսուչ Խաժակ Գեղամյանը չտարբերել VAZ21213 (ՆԻՎԱ) մակնիշի մեքենան VAZ2106, նույն՝ խոսակցական լեզվում բոլորիս հայտնի 06 մակնիշի մեքենաի հետ:

Եվ սա դեռ ամենը չէ, ՃՈ տեսուչ Խաժակ Գեղամյանը փաստորեն ոչ միայն չի տարբերում VAZ21213 (ՆԻՎԱ) մեքենան 06-ից, այլ նաև չի տարբերում ակնհայտ տարբեր համարանիշները՝ շփոթելով համարանիշի OV սերիան իմ մեքենաի համարանիշերի VO սերիաի հետ:

Չեմ կարող բացառել, որ անգամ, որ 06 մեքենան միգուցե պատկանում է ՃՈ տեսուչ Խաժակ Գեղամյանին, կամ նրա որևէ ազգականի, հարևանի ծանոթի կամ բարեկամի որին վերջինս չէր ցանկանա տուգանել, քանի որ ինձ համար դժվար հասկանալի է ինչպես կարող է ՃՈ տեսուչն ում անմիջական պարտականությունների կատարումից է բխում մեքենաների մակնիշների տարբերակումը:

Այս դեպքում ՃՈ տեսուչը չի տարբերել ոչ միայն մակնիշը, այլև համարանիշը: Կարո՞ղ է լինել արդյոք այդպիսի պատահական սխալմունք…

Քանի, որ Հայաստանում չեմ և չգիտեմ ինչպես արտերկրից դիմել ՃՈ պետին, որոշեցի հանդես գալ Ձեր խմբագրության միջոցով, բաց նամակ-դիմումով:

Ակնկալում եմ, որ ՃՈ պետը կվերացնի այս որոշումը ու նաև կնշանակի ծառայողական քննություն պարզելու համար արդյոք այստեղ չկա որևէ դիտավորություն տեսուչ Խաժակ Գեղամյանի կողմից ինչի արդյունքում կպարզվի նաև թե արդյոք այլ քանի դեպքերում է Խաժակ Գեղամյանը տուգանքներ կազմել խախտման հետ կապ չունեցող անձանց նկատմամբ:

Ակնկալում եմ նաև, որ ՃՈ-ն այս ակտի վերաբերյալ որոշման ինչպես նաև ծառայողական քննության արդյունքերի մասին հանդես կգա նույնպես հրապարակային կերպով, ինչու չէ նաև հենց Ձեր կայքի միջցով, որպեսզի ինչպես ես (քանի, որ չեմ կարող որևէ այլ կերպ ծանուցվել ոչ ակտին ոչ էլ դրա բեկանման վերաբերյալ որոշմանը) այնպես էլ վարորդ հասարակության մյուս ներկայացուցիչներն տեղեկանան խնդրի լուծման ու կատարված հետևությունների մասին:

Ցանկացողներն ասվածում կարող են համոզվել PIN #1769FPCDLNSV ծածկագրով police.am կայքում ակտը դիտելով:

Ամենաընթերցվածը