Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսին կներկայացվի Վենետիկից Հայաստան բերված «Քաոս» կտավը

  • Հասարակություն - 12 Սեպտեմբերի 2017, 16:29
Հայաստանի Ազգային պատկերասրահում Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսին Վենետիկի Մխիթարյան Միաբանությունից Հայաստան կտեղափոխվի Այվազովսկու «Քաոս» կտավը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսին Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ասաց, որ նկարը երբեւէ Հայաստանում չի եղել: «Շնորհիվ Հայաստանի Մշակույթի եւ Արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաեւ Ռուսաստանում եւ Իտալիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանների, մեզ հաջողվեց նկարը տեղափոխել»,-ասաց նա:

Ծատուրյանի խոսքով` սեպտեմբերին 15-ին ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսին ներկաները հնարավորություն կստանան տեսնելու  52 գեղանկարչական աշխատանք, 26 գրաֆիկական, 1 դեկորատիվ-կիրառական եւ 20 վավերագիր աշխատանք: «Մենք ներկայացնելու ենք գրաֆիկական աշխատանքներ, որոնք երբեւիցե չեն ցուցադրվել մշտական ցուցադրությունում: Հովհաննես Այվազովսկին ոչ միայն ծովանկարիչ է, նա շատ լավ ճեպանկարների, բնանկարների հեղինակ էր»,-ասաց Ծատուրյանը:

ՀԱՊ թանգարանային կառավարման գծով փոխտնօրեն Նաիրա Եղիազարյանն էլ ասաց, որ Հովհաննես Այվազովսկին բացահայտվելու դեռ շատ տեղեր ունի: «Քաոս» կտավը պատմական է բոլոր առումներով, սկսած իր բովանդակությունից, իր շուրջ ծավալած պատմությունից, նույնիսկ իր շրջանակից, որը պահպանված է  եւ չի փոխվել մինչ օրս դեռ Այվազովսկու ժամանակներից: «Կարծում եմ տեսնելու շատ բան կա: Ցուցանմուշները, որոնք մեր մշտական ցուցադրությունում էին, կներկայացվեն նորովի»,-ասաց նա:

Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսից բացի, Հայաստանում կանցկացվի նաեւ Այվազովսկուն նվիրված երկօրյա միջազգային գիտաժողով, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ից 16-ը եւ որին հրավիրված են Ֆեոդոսիայի հուշային թանգարանից, Լոնդոնի, Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի թանգարաններից հյուրեր:

«Հայաստանի Ազգային պատկերասրահի համար նման մասշտաբի գիտաժողովն աննախադեպ է: Դրան կմասնակցեն մասնագետներ արտերկրից խոշորագույն թանգարաններից»,-հավելեց ՀԱՊ գրաֆիկայի բաժնի վարիչ Մարինա Հակոբյանը:

2017 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հիշարժան տարեթվերի շարքում ընդգրկված է Հովհաննես Այվազովսկու հոբելյանը (200-ամյակ):

Ամենաընթերցվածը