«Խաղաղության ուղիներ. Կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» միջազգային համաժողով Գերմանիայում

  • Հասարակություն - 12 Սեպտեմբերի 2017, 15:59
Սեպտեմբերի 10-12-ը, Գերմանիայի Մյունստեր և Օսնաբրյուք քաղաքներում տեղի ունեցավ «Խաղաղության ուղիներ. Կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» միջազգային համաժողովը` կազմակերպված Սանտ Էջիդիո միջազգային խաղաղարար կազմակերպության կողմից:

Համաժողովին մասնակցում էին տարբեր կրոնների և միջազգային կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ համաժողովին իր մասնակցությունը բերեց Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Համաժողովի հանդիսավոր բացմանը            Մյունստերի եպիսկոպոս Գերաշնորհ Ֆելիքս Գեննի և Մյունստերի քաղաքապետ Մարկուս Լեվեի ողջույնի խոսքերից հետո ընթերցվեց Հռոմեակաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի ուղերձը, ապա խոսքը տրվեց հիմնական բանախոսներին` Սանտ Էջիդիոյի հիմնադիր Անդրեա Ռիկարդիին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Նիգերի Հանրապետության նախագահ Մահամադու Իսուֆուին, Եվրոպական Խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիին և Ալ-Ազհարի (Եգիպտոս) գերագույն իմամ Ահմադ Մուհամադ Ալ-Թայեբին:

Համաժողովի առաջին օրը բանախոսություններով հանդես եկան Կոլումբիայի համալսարանի Երկրաբանական ինստիտուտի տնօրեն դոկտ. Ջեֆրի Սաչսն` ԱՄՆ-ից, Սանտ Էջիդիո համայնքի անդամ Ալբա Ռուիս դե Անդրեսն` Իսպանիայից, Անտիոքի և Համայն Արևելքի Հույն Ուղղափառ Պատրիարք Հովհաննես Ժ-ն, Ֆրանկֆուրտի ռաբբի Աչիվայի Ապելը և Ռիսշո Կոսեի Կաի Բուդդիզմի նախագահ Կոշո Նիվանոն` Ճապոնիայից:

Համաժողովի երկրորդ օրը «Քրիստոնեական նահատակություն. անցյալը և ներկան» թեմայի շուրջ բանախոսությամբ հանդես եկավ Հովակիմ եպիսկոպոսը: Տեղի ունեցան նաև մի շարք քննարկումներ, որոնց իրենց մասնակցությունը բերեցին տարբեր կրոնների ու կրոնական համայնքների ներկայացուցիչներ:

Համաժողովն ավարտվեց սեպտեմբերի 12-ին` խաղաղության թափորով և խաղաղության հաստատման կոչով:

Ամենաընթերցվածը