Կոլումբիայում ՌԴ դեսպանությունը հաստատել է Արսեն Ոսկանյանի մահվան լուրը

  • Հասարակություն - 12 Սեպտեմբերի 2017, 13:55

Կոլումբիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը հաստատել է 2016 թվականի նոյեմբերին գերի ընկած ՌԴ և Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանի մահվան մասին տեղեկությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին դիվանագիտական ներկայացուցչությունը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:!

«Այն մասին, թե ինչ է տեղի ունեցել այդ ողբերգական օրը (2017 թվականի ապրիլին), կան զանազան տարբերակներ: Հստակ է մի բան՝ պարոն Արսեն Ոսկանյանը մահացել է: Ենթադրաբար, գերությունից փախչելու ժամանակ»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:

Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնել են, որ օգտագործել են պաշտոնական և ոչ պաշտոնական բոլոր օղակները սպանության տեղեկությունը ճշտելու համար: Այդուհանդերձ, մահվան հստակ պատճառը պարզել չի հաջողվել:

«Ներկայում մենք Կոլումբիայի իրավասու գերատեսչությունների, միջազգային կառույցների, ինչպես նաև մահացածի բարեկամների հետ սերտ կապի մեջ ենք՝ կազմակերպելու ապստամբների կողմից թաղված մարմնի տեղափոխումը»,- նշել են Կոլումբիայում Ռուսաստանի դեսպանությունից:

42-ամյա Ոսկանյանը Կոլումբիայի «Ազգային ազատագրման բանակ» ապստամբ խմբավորման կողմից գերեվարվել էր 2016 թվականի նոյեմբերին՝ հյուսիս-արևմտյան Չոկո շրջանում: Խմբավորումը վստահեցրել էր, թե նա հավաքել է թունավոր գորտերի՝ նպատակ ունենալով դրանք դուրս բերել Կոլումբիայի տարածքից:

Ոսկանյանը վեց ամիս առաջ՝ 2017 թվականի ապրիլին սպանվել է: Խմբավորման առաջնորդը հայտնել էր, որ Ոսկանյանը սպանվել է փախուստի փորձ ձեռնարկելու ժամանակ: ՀՀ քաղաքացին այդ ժամանակ վերցրել է նռնակը և պայթեցրել այն՝ վիրավորելով խմբավորման հինգ անդամի: Այդ ժամանակ «Ազգային ազատագրման բանակ»-ի անդամները կրակել են նրա վրա ու սպանել նրան:

«Ազգային ազատագրման բանակ»-ը ներկայում խաղաղության հաստատման նպատակով բանակցություններ է վարում երկրի կառավարության հետ՝ նպատակ ունենալով դադարեցնել ավելի քան 53 տարի շարունակվող պատերազմը: Էկվադորում հանդիպում ունեցած երկու կողմերը սեպտեմբերի 4-ին հայտնել են, որ համաձայնության են եկել երկկողմ կրակի դադարեցման հարցի շուրջ՝ սկսած հոկտեմբերից: Հրադադարը պետք է շարունակվի մինչև հաջորդ տարի, այն բացառում է նաև առևանգումների իրականացումը:

Կոլումբիայում շարունակվող հակամարտությունն այս տարիների ընթացքում խլել է 220 հազար մարդու կյանք, միլիոնավոր մարդիկ տեղահանվել են:

Ամենաընթերցվածը