Հրազդանի քաղաքապետի որդու գիտելիքները կարելի է հրապարակավ ստուգել

  • Հասարակություն - 11 Սեպտեմբերի 2017, 21:01
Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն այսօր ծավալուն հոդված է հրապարակել Հրազդանի քաղաքապետի որդուն կրթության բարձրագույն մեդալով պարգեւատրելուն: Հիշեցնենք, որ քաղաքապետի որդին՝ Ռազմիկ Դանիելյանը, դարձել է մահվան ելքով վթարի պատճառ, բացի այդ, նա անչափահաս է եւ վարել է քաղաքապետարանի մեքենան, որն ինքնին նույնպես իրավախախտում է, այն էլ՝ կրկնակի:

Անահիտ Բախշյանը բերում է մի շարք փաստարկներ, ըստ որոնց նրան չպետք է ոսկե մեդալ շնորհվեր, այլ պետք է նախարարը բացատրություն պահանջեր Հրազդանի դպրոցի ղեկավարությունից ու մանկավարժներից:

Այս իրադարձությունը մեծ աղմուկ հանեց հանրային շրջանակներում: Կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, անդրադառնալով հանրային արձագանքներին, կոչ էր արել տարանջատել կրթական ու իրավական հարթությունները. «Իսկ եթե պատժեինք ու երեխային զրկեինք մեդալից, շատ ավելի մեծ հարված չէինք հասցնի՞ մեր հասարակությանը: Մարդը կատարում է քրեական բնույթի խնդիր, և դու նրան պատժում ես իր ուսումնառության դաշտում”:

Հանրային շրջանակներում հարցադրումներ են արվում, որ մահվան ելքով այդ պատահարից հետո քաղաքապետի որդին չպետք է ոսկե մեդալ ստանար, քանի որ դա հանրությունն ընկալում է որպես մեսիջ իշխանության կողմից: Ավելին, պետք է պատժվեր նաեւ Հրազդանի քաղաքապետը, քանի որ ակնհայտ է նաեւ նրա մեղսակցությունն այդ իրադարձությանը՝ քաղաքապետարանի մեքենան իր անչափահաս որդուն տրամադրելը (եթե ինքը չի տրամադրել, ուրեմն իր ենթականերից որեւէ պաշտոնյա է տրամադրել, կամ որդին գողացել է այն, կամ էլ պետական սեփականություն մեքենան գցած է այստեղ-այնտեղ):

Անահիտ Բախշյանը ստորագրահավաք է սկսել Լեւոն Մկրտչյանի հրաժարականի պահանջով:

Իր անդրադարձում Լեւոն Մկրտչյանն ասել էր նաեւ, որ անկախ նրանից՝ անձը պաշտոնյայի որդի է, թե ոչ, ոսկե մեդալն ստանում է իր գիտելիքի հիման վրա: Այս կապակցությամբ, մեր ընթերցողներից մեկը առաջարկ է արել, որը ներկայացնում ենք ստորեւ: Նա ասում է, որ նախարարի խոսքը հուշում է, որ մինչ խնդրի իրավական ու բարոյական կողմի պարզաբանումները, կարելի է մեկ այլ բան անել. Հրապարակավ, անկախ ու վստահելի հանձնաժողովի միջոցով, գուցե նաեւ ուղիղ հեռարձակմամբ, ստուգել Հրազդանի քաղաքապետի որդու գիտելիքները դպրոցական կրթական ծրագրի շրջանակներում: Օրինակ, ոչ շատ բարդ թելադրություն տալ հայոց լեզվից, մի քանի խնդիր մաթեմատիկայից, ֆիզիկայից: Անպայման գրավոր: Եվ անպայման՝ ոչ բուհական թեսթեր: Այպիսով պարզելով, թե արդյոք նա գիտելիքի հիման վրա է ստացել ոսկե մեդալը:

Ամենաընթերցվածը