Ովքեր են ՀԱՅ ՄԵԾԵՐԸ. Բացահայտ ծաղր ցուցապաստառներին

    • Հասարակություն - 13 Օգոստոսի 2017, 14:23
Այս տարվա ամառվա շոգն ու տապը զուգակցվեց մեծարման-քարոզչական մի ակցիայով: Խոսքը Հայաստանի տարբեր մասերում ՀԱՅ ՄԵԾԵՐԸ ցուցապաստառների հայտնվելու մասին է: Սկզբից կարծես թե «աչքի սովոր» անձինք էին: Հետո հայտնվեցին համեմատաբար «ջահել մեռելները», իսկ վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում` ցուցապաստառներից մեզ են նայում արդեն միանգամայն «թարմ» մեռելները: Որպես ՀԱՅ ՄԵԾԵՐ:

Միանգամից առաջանում է բնական հարցը. Ով, կամ ովքեր, որ ատյանն է որոշողը, թե տվյալ անձը ՀԱՅ ՄԵԾ է, թե ոչ: Եթե նման անձ կամ մարմին կա, ապա ինչ չափանիշներ և մոտեցումներ են դրված որոշումներ կայացնելու հիմքում: Իսկ եթե չկա, ապա ինչպես են այդ մարդկանց պատկերները հայտնվում ՀԱՅ ՄԵԾԵՐ խորագրի ներքո:

Հարցադրումները կարելի է շարունակել: Բայց… ինչը պարզ չէ: Շարունակվում է արժեհամակարգի բացահայտ խեղումը, հիմա էլ` այս ոլորտում:

Պատերազմի սուտ մասնակիցների, սուտ հերոսների, հինգ-տաս տարեկանում Արցախ զենք տեղափոխողների, ամբողջ պատերազմի ընթացքում ՌԵՄԲՈ աշխատած կին պատգամավորի ժամանակներն ու ուրիշի փառքը թալանելու գործընթացները կարծես թե ավարտվեցին` ով ինչ պարգև ու վկայական ուզում էր ձեռք գցեց: Ձեռքի հետ մի քանի նվնվոց հանողներ դարձան վաստակավոր, իսկ որոշակի քանակի բացահայտ թերուսներ ու ակնհայտ տգետներ իրենց մյուս «նվաճումներին» ավելացրին նաև թեկնածուի և դոկտորի վկայականներ:

Հիմա էլ ազգի հայրերին պատել է ՄԵԾԱՑԱՎԸ: Բնականաբար, նման դեպքերում ինչ-ինչ անուններ մատնանշելն այնքան էլ կոռեկտ չէ: Բայց կա ի վերջո առողջ բանականություն: Իսկ այն միարժեքորեն հուշում է, որ որոշ ննջեցյալների այդ ցուցապաստառների վրա հայտնվելը բացահայտ ծաղր է: Եվ առաջին հերթին` հենց իրենց նկատմամբ:

Իսկ մյուս կողմից, մի ժողովուրդ, որի համար միևնույն է, թե ովքեր և ում են մատուցում իրեն որպես իր ՄԵԾ, անշուշտ արժանի է հենց այն վիճակին, որում ինքն այսօր կա:

Ամենաընթերցվածը