Դրամատիկ մի կապանք Կարսի նահանգի Արդահանի գավառում

  • Հասարակություն - 11 Օգոստոսի 2017, 20:53
Ուր 1919-1920 թթ. խճճվել էին քաղաքական և անձնական միտումներ

(Կարսի նահանգապետի հուշերից)

Կարսի քաղաքացիական նահանգապետ, գեներալ Ստեփան Ղորղանյանի հուշերի այս հատվածում (ՀԱԱ, Ֆ. 477, ց.1, գ.5, թթ. 20-27, բնագիր, ձեռագիր:) , որը նախորդ երկու հրապարակված նյութերի շարունակությունն է, հեղինակը ներկայացնում է, թե ինչպիսին էին Կարսի հայկական զորախմբի հրամանատարության և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գնդապետի կոչման արժանացած ազգությամբ քուրդ, հայաստանյան պետական պաշտոնյա, Արդահանի գավառապետ Կադիմովի փոխհարաբերությունները:

Եկեք ընթերցենք փաստաթուղթը:

Վլադիմիր Հարությունյան, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր

ՍՏԵՓԱՆ ՂՈՐՂԱՆՅԱՆ

ՀՈՒՇԵՐ (1922)

…Բայց դառնանք Արդահանի գաւառի մասին մեր ասելիքներին:

Երբ Քեազիմ Կարաբեկիր փաշան սկսեց իր ար­շա­ւը դէպի Կարսի նահանգը, գներեալ Փիրումօվ, Յովսէփեան և նոցա արբանեակները նորից փորձեցին օգտագործել մօմենտը և տապալել գնդ. Կադիմօվին:

Այդ զօրաւարները ժողովի հրաւիրեցին ինձ, մինիստր Վրացեանին, Բաբալեանին և պարլա­մենտի մի քանի անդամների, որոնք այդ օրերում Կարս էին և շատ խորհրդաւոր իրանց մեծ ռազ­մական միտումների որոշումը յայտարարեցին, որ անյապաղ պէտք է բանտարկել գնդ. Կադիմօվին: Ես բուռն կերպով առարկեցի, ինձ միացան կառավարութեան և պարլամենտի անդամները: Գեներալները ուզում էին, երևի, բանտարկել Կադիմօվին նորա համար, որ տաճկաց արշաւից ութ օր առաջ նա այդ մասին ինձ ծածկագիր հեռա­գիր էր ուղարկել: Բայց այդ հեռագիրը ես ստացել էի միայն իններորդ օրը, որովհետև գեներալները կարգադրել էին հնարաւորութեան չափ ուշացնել նահանգապետի հեռագրները: Նրանք ձգտում էին, որ նահանգապետը իրազէկ չը լինի նահանգի անցուդարձին և իրանք օր առաջ Երևան այս և այն տեղեկութիւնը ուղարկելով, հնարաւորութիւն ունե­նան այդ տեղեկութիւններին իրանց ցանկալի գունաւորումը տալու:

Իսկ այդ պատերազմական ռազմական տեղե­կութիւնները ոչ միայն միշտ խախուտ, հարևան­ցիորէն էին, այլև և տենդենցիօզ ու սուտ:

... Այդ տեղեկութիւնները խմբագրվում էին որոշ միտումներով միայն գեներալները ուռցնում էին դրութիւնը, տասնապատկում թշնամու քանակը, նրա յարձակման դէպքերը հնարում: Եւ այդ բոլորը անում էին միայն նրա համար, որ յաջողութեան դէպքում մեծ դափնիք պահանջեն, իսկ մինչ այդ, գէտ աղմկէն իրանց շուրջը և ձրի հերոսի հռչակ ստանան: Գնդ. Կադիմովի շուրջը հունցվող ոտնձգութիւնները այնչափ էին, որ Կարս գալու ժամանակ նա քաղաքում ստիպված էր շրջելու թիկնապահներով:

Երբ մեր զօրքերը սկսեցին տենդոտ դատարկել Կարսի նահանգը և Տաճկաց բանակը առաջանում էր, հայ ժողովուրդը փախչում էր բոլոր ուղղութիւններով: Փախան և Արդահանի գաւառի բոլոր հայերը:

Գնդ. Կադիմով մի խումբ հայերի իր գրպանից մեծ գումար ճանապարհածախք տվեց և Արդհանի բոլոր հայերը անվնաս անցան Վրաստան: Բայց գնդ. Կադիմովի առաջ դրված էր անլուծելի դելլիմայ` նմալ Արդահանում, թէ փախչել և ո՞ւր:

Նա գիտեր արդէն, որ գեներալները և նոցա արբանեակները վաղուց որսում են նորան, որ մի խումբ տաքագլուխ արկածախնդիր, որոնք թագնվում են դաշնակցութեան դիմակի տակ, կարող են յետևել նորան Հայաստանում:

Վրաստան անցնել նա չէր կարող նոյն միտումներով և թէ այն պատճառով, որ հայկական քաղաքականութիւն վարելով Վրաստանի սահմանում, նա ցանկալի հիւր չէր կարող լինել Վրաստանում: Մնում էր, ուրեմն, Արդահանը: Այդ գաւառի քրդութիւնը նորա ազգաբնակութեան գերազանց մասն էր կազմում, այդ քրդութիւնը գիտեր, որ գնդ. Կադիմով, պաշտպանելով քրդերին զինվորականների բռնութիւններից և կեղեքումից, զինեց իր դէմ նորա հրամանատար կազմը և գնդապետը վճռեց մնալ քրդերի պաշտպանութեան տակ: Երբ տաճկաց զօրամասերը գրաւեցին Արդահան, թիւրքերը ձերբակալեցին գնդ. Կադիմովին: Մի քանի օր նա ենթարկվեց տնային բանտարկութեան, իսկ յետոյ նորան տարան դէպի Մերդենեք, ուր գտնվում էր այն ժամանակ Կարսի նահանգապետ Րուշտի փաշան: Ասում են, որ Կադիմովին յաջողվեց կաշառել այդ փաշային և նա վերադարձաւ Արդահան:

Տեղեկանալով Կարսի անկման մասին, գնդ. Կադիմով անմիջապէս գալիս է Կարս իմ մասին շատ անհանգիստ լինելով, բայց իմանալով, որ Կարսի անկումից միայն 10 րոպէ առաջ ինձ վիճակվում է մեկնել Կարսից, Կադիմով վերադառնում է Արդահան: Այնուհետև նա զբաղվում է գիւղատնտեսութեամբ: Երբ 22 թվի յունվարին ես գրում էի այս տողերը, ես տեղեկութիւն ստացայ, որ Արդահանում սպանվել է Ջալալբէգ Աջարսկին, իսկ գնդապետ Կադիմով ձերբակալվել է... ուրեմն կատարվեց այն, ինչ որ պէտք է կատարվեր:

Երբ պայմանները տրամագծօրէն փոխվել էին և երբ երկրում իշխում էր այն կառավարութիւնը, որին միշտ … էր Ջամալ, նա գրաւում է իր նախամեծար տեղը Արդահանի գաւառում և սկսում է հալածել գնդ. Կադիմովին:

Նորից և աւելի մեծ թափով բռնկվում են կրքերը և ասիական դաշոյնը վերջ է տալիս այն բռնակալին, որ տասնեակ տարիների ընթացքում կեղեքել և բռնացել է: Թէ ո՞րչափ մեղաւոր է այդ սպանութեան մէջ գնդ. Կադիմով- չըգիտեմ, իհարկէ, մի բան միայն ակներև է, որ այդ քրէական պրոցեսը կը կլանի նորա բոլոր ունեցվածքը:

Շատ ուշագրաւ է այդ առանցքում արևելքի հոգեբանութիւնը: Աշխարհիկ փառքի և անվան համար մենք մեր ամբողջ կեանքում խմորում ենք կայծակող կրքեր, դիզում ենք ոսկի, հարստութիւն և վերջում դաշոյնի մի հարվածով լուծելով այդ կրքոտ ու եսական հանգոյցը, անդունդ ենք գնում մեր բոլոր ոսկիներով և հարստութեամբ:

Հռչակաւոր և մեծանուն Ջալալ զոհվեց իր անհագ փառասիրութեան, ցիրուցան եղաւ նորա հետ միասին և նորա հսկայական հարստութիւնը: Իսկ գնդ. Կադիմով, նոյն ասիացին իր բնոյթում, ստիպվեց մարտնչելու Արդահանի այդ հզոր բռնակալի դէմ և թակարդ ընկնելով, դուրս կը գայ այդ ծուղակից իսպառ կողոպտված և թալանված...

Կովկասում սովորութիւն է ասել, որ մեր երկրի անվանիները դիզում են իրանց հարստութիւնը տարիների ընթացքում և մի քանի ամսում սպառում դատարանների և իշխաաւորների շէմքերում...

Կարսի բանտում Կադիմովին մի երկու ամիս պահելուց յետոյ, գնդապետին տեղափոխում են Սիվասի բանտը, ուր նա տառապում էր երկու տարի: Սիվասի բանտից նա ինձ երկու նամակ էր գրել, խնդրելով տեղեկացնել իր ազգականներին իր նիւթական նեղ վիճակի մասին:

Յաջողվում է, արդեօք, Կադիմովին արդարանալ և ազատվել, թէ փախուստ է կատարում բանտից, հաստատ տեղեկութիւն չունեմ, գիտեմ միայն, որ մի ամիս առաջ նա նորից յայտնվում է Արդահանում, ուր թողել էր իր ընտանիքը, տունը և տեղը: Բայց իր վերադարձից մի քանի օրից յետոյ ինչ որ մարդիք, զինված գնդացիրներով, յարձակվում են նորա տան վերայ և սպանում գնդապետ Կադիմովին:

Այդպէս լուծվեց այն մեծ դրամատիկ կապանքը, ուր խըճըճվել էին քաղաքական և անձնական միտումներ:

Արխիվային  ձեռագիրը մուտքագրել է Անուշ Համբարձումյանը

Ամենաընթերցվածը