Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները նախաձեռնող խումբն առաջարկներ է ուղարկել Ստամբուլի նահանգապետարան

  • Հասարակություն - 10 Օգոստոսի 2017, 17:57
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները նախաձեռնող խումբն ընտրությունների անցկացման ամսաթվի վերաբերյալ առաջարկություն է ուղարկել Ստամբուլի նահանգապետարան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ակոս» պարբերականին, նախաձեռնող խումբը, որպես  պատվիրակների ընտրության ամսաթիվ, առաջարկել է 2017-ի դեկտեմբերի 10-ը, իսկ պատրիարքի ընտրությունների համար` դեկտեմբերի 13-ը:

Նահանգապետարան ուղարկված փաստաթուղթը ստորագվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանի կողմից:

Նախաձեռնող խմբի նախնական որոշման համաձայն` դեկտեմբերի 10-ին հայկական համայնքը պետք է ընտրի պատվիրակներ, իսկ պատվիրակներն էլ դեկտեմբերի 13-ին` պատրիարք:

Պոլսո Հայոց պատրիարքարանը հուլիսին  տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի տնօրինությամբ Ստամբուլի նահանգապետարան էր ներկայացրել պատրիարքական ընտրություն անցկացնելու խնդրագիրը:

Խնդրագրի հետ նահանգապետարան են ներկայացվել հանգստյան կոչված Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակի մասին բժշկական տեղեկագրերը, ինչպես նաև նրա համար խնամակալ կարգելու մասին դատական որոշումը:

Խնդրագրի մեջ ներկայացված են նաև 2017 թվականի մարտի 15-ին գումարված Եկեղեցական համագումար ժողովի ժամանակ պատրիարքական տեղապահի ընտրության արդյունքները:

Պոլսո Հայոց պատրիարքարանում 2016 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովի ժամանակ քննարկվել էր հարցն այն մասին, որ 2008 թվականի մայիսից պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դադարել է պաշտոնավարել և պատրիարքական աթոռի ընթացիկ գործերը կատարելու համար պատրիարքական ընդհանուր փոխանորդ է ընտրվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

«Եկեղեցական կանոններն ու ավանդույթն ուխտի լուծարման համար բավարար են համարում յոթ տարվա բացակայությունը: Հետևաբար Պատրիարքի ութ տարվա բացակայությունը հաստատում է «Պատրիարքական ուխտի» լուծարումը: 2015 թվականի դատաբժշկական հանձնախմբի տեղեկագրով վավերացված է Պատրիարքի`ոչ գործուն լինելու հանգամանքը:

Վերոնշյալ փաստերը հաստատում են, որ Պատրիարքական աթոռը մնացել է «թափուր»: Ուստի Ժողովական Հայրերը միաձայն որոշել են «հանգստյան կոչված» համարել Ն. Ա. Տ. Մեսրոպ Բ. Ս. Պատրիարք Հայրը և անվանել նրան «ՊԱՏՐԻԱՐՔ Ի ՀԱՆԳՍՏԵԱՆ»,- ասվում էր ժողովի արդյունքներով ընդունված զեկույցում:

Ամենաընթերցվածը