Ուկրաինացի օդաչու Ակոպովը պատմել է վնասված ինքնաթիռի վայրէջքից հետո ունեցած զգացողությունների մասին

  • Հասարակություն - 10 Օգոստոսի 2017, 15:01
Թուրքական Atlas Global ավիափոխադրողի ուկրաինացի օդաչու Ալեքսանդր Ակոպովը պատմել է վնասված մարդատար ինքնաթիռի վայրէջքից հետո իր ունեցած տպավորությունների և այն մասին, թե ինչ է փոխվել իր կյանքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «RT»-ն` փոխանցելով Ակոպովի խոսքերը:

«Սկզբում գրեթե ոչինչ չէի զգում, վայրէջքից հետո փոքր-ինչ անհանգստություն կար: Իհարկե, տեղի ունեցածը տհաճ էր, սակայն որևէ արտասովոր բան չէի զգում: Շարունակում էի իմ աշխատանքն իրականացնել: Վայրէջքից և ուղևորներին իջեցնելուց հետո ստուգեցի ինքնաթիռը, օդանավի մատյանում գրեցի, թե որ մասերն են վնասվել և անձնակազմի հետ գնացինք բոլոր ընթացակարգերն անցնելու», - պատմել է Ակոպովը:

Օդաչուի խոսքով՝ կատարվածից հետո ինքն ավելի հայտնի է դարձել: Գտնվել են հին ընկերներ, որոնց մասին ինքը չէր լսել, և որոնց մասին չէր լսել արդեն շուրջ 30 տարի: Ինչպես նաև շնորհակալություն հայտնելու համար մարդիկ սկսել են զանգահարել իրեն և գրել սոցցանցերով:

Թուրքական Atlas Global ավիաընկերության ինքնաթիռը, որը Ստամբուլում հորդառատ անձրևի և խոշոր կարկուտի տակ էր հայտնվել, ուկրաինացի օդաչու Ալեքսանդր Ակոպովի շնորհիվ հերոսական վայրէջք էր կատարել Աթաթուրքի օդանավակայանում:

Ինքնաթիռի վայրէջքից հետո օդաչուին ծափահարել էր ողջ օդանավակայանը: Մյուս ինքնաթիռների օդաչուները դրոշակներ էին բարձրացրել և մոտեցել օդաչուին, որպեսզի սեղմեն հերոսի ձեռքը:

Ինքնաթիռում եղել է 121 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

Սոցիալական ցանցերում օդաչուի ազգանունից դատելով ենթադրություններ էին անում, որ նա հայ է:

Ամենաընթերցվածը