Կներդրվի երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստն առցանց եղանակով դիմելու կարգը

  • Հասարակություն - 10 Օգոստոսի 2017, 12:14
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 10-ի հերթական նիստում հավանության է արժանացել երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու /վճարելու/ համար առցանց եղանակով դիմելու կարգի վերաբերյալ որոշման նախագիծը:

Նախագծի համաձայն՝ առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա նպաստը կնշանակվի /կվճարվի/ այն դեպքերում, երբ անհրաժեշտ տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից:

Առցանց եղանակով նպաստ նշանակելու համար հնարավոր կլինի դիմել հետևյալ տարբերակներով.

www.epension.am կայքէջի միջոցով,

նույնականացման քարտի կիրառմամբ,

բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից թողարկված բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ։

Առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա նպաստ չի նշանակվի, եթե`

ծնողն ունի օտարերկրյա քաղաքացիություն,

երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվել է օտարերկրյա պետությունում,

նոր ծնված երեխան մահացել է պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել։

Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստն առցանց դիմումի հիման վրա նշանակելուն և վճարելուն վերաբերող դրույթներն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Ամենաընթերցվածը