Թբիլիսիի օդանավակայանի աշխատանքը կաթվածահար վիճակում է համակարգչային խափանման պատճառով

  • Հասարակություն - 10 Օգոստոսի 2017, 11:59
Թբիլիսիի միջազգային օդանավակայանի աշխատանքը լույս օգոստոսի 10-ի գիշերվանից խախտված է համակարգչային ծրագրի խափանման պատճառով, ինչի հետեւանքով 22 չվերթերից ութն իրականացվել են երեք-չորս ժամ ուշացումով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում, խնդիրը ծագել է ուղեւորների եւ ուղեբեռի էլեկտրոնային գրանցման ծրագրում, ինչի պատճառով այդ գործողություններն արվում են ձեռքով, ինչը շատ ժամանակ է խլում: «Դրա հետեւանքով գիշերված ժամը 2-ից մինչ այժմ ուշացումներով են կատարվել թռիչքները Ստամբուլի, Մյունխենի, Աթենքի, Վարշավայի, Կիեւի, Դուբայի, Անթալիայի, Շարժայի ուղղությամբ»,-ասել են մամուլի ծառայությունում:

Այնտեղ նշել են, որ այժմ աշխատանք է տարվում ծրագրային խափանումը վերացնելու համար, ինչը մասնակիորեն առաջացել է այն բանի պատճառով, որ օդանավակայանում շուտով գործարկվելու է նոր մարդատար տերմինալ եւ իրականացվում է համակարգչային ծրագրերի վերանայման գործընթաց: Թբիլիսիի օդանավակայանի օպերատորը TAV Urban Georgia թուրքական ընկերությունն է:

Ամենաընթերցվածը