Առակի զարհուրելի հատուցումը

  • Հասարակություն - 10 Օգոստոսի 2017, 11:02
«Ասեմ քեզ հետեւյալ ձեւով՝ կին ծեծելը լավ բան չի, բայց մեկ-մեկ պետք ա, առակն ասում ա՝ կնոջը գիշերով քնից հանես, ծեծես, էլի մեղավոր կլինի։ Հիմա ես փորձեմ ուրիշ ձեւ պատասխանեմ՝ ես չեմ ընդունում դա, կամ երեւի գաղտնի են պահել դա, ազգականներն էլ չեն իմացել այդ մասին, գաղտնի են պահել, երեւի եւ կնոջն ա ձեռ տվել վիճակը իրենց ընտանիքում տեղի ունեցող, եւ Մանուկին, հարմարվել, ապրել են։ Ինչ-որ նպատակ ունեցել են իրենց կեղտոտ լվացքը չհանեն դուրս, փռեն, որ տղա ունեն», Հրապարակ թերթի լրագրողին ասել է Սարդարապատի գյուղապետը, խոսելով այդ գյուղում տեղի ունեցած ողբերգության մասին, երբ կինը ըստ պաշտոնական տեղեկատվության՝ սպանել էր ամուսնուն՝ Արմավիրի մարզպետի խորհրդականին:

Ինկվիզիցիան միջնադարում այրում էր կանանց, համարելով, որ նրանք ի սկզբանե մեղավոր են: Կա վարկած, որ խնդրի արմատն ավելի խորն էր եւ կապված էր Եկեղեցու ի սկզբանե «ոչ լեգիտիմության» հետ, քանի որ Հիսուսը եկեղեցի հիմնելու գործը պատվիրակել էր Մարիամին:

Ուշադրություն դարձրեք՝ դարեր անց հայկական առակը ուսուցանում է, որ «կնոջը գիշերով քնից հանես, ծեծես, էլի մեղավոր կլինի»: Ընդ որում, դա ասում է իշխանության ներկայացուցիչը՝ գյուղապետը: Եվ խիստ հատկանշական է, որ կինն ամուսնուն կացնահարել է հենց քնած ժամանակ, երկար տարիների նվաստացումներից հետո: Առակը լուրջ բան է:

Կնոջ հանդեպ նման վերաբերմունքը հայկական արմատներ չունի, եւ ընդհանրապես ուշագրավ են հայկական ընտանիքի վերաբերյալ տարածված պատկերացումները: Այս ֆոնին, ուշադրության է արժանի «կեղտոտ լվացքը դուրս չհանելու» մասին տարածված հավատամքը: Այստեղ գործ ունենք յուրահատուկ երեսպաշտության հետ, որը բնորոշ չէ միայն ընտանիքին, բայց կարելի է ասել՝ հիմքն այն է:

«Ներսում ինչ լինի՝ դրսից ամեն ինչ պետք է լավ երեւա, կամ ոչ ոք չիմանա»՝ ահա ժամանակակից բարոյականությունն ու հավատամքը: Խնդիրն ամենեւին «կեղտոտ լվացքը փռելը» չէ, այլ կեղծիքի ու երեսպաշտության այն ողջ համալիրը, որում ապրում է պետությունն ու հանրությունը:

Այդ պատճառով Հայաստանում կան ցուցանակներ եւ դրանց հետեւում քողարկված դաժան իրականությունը: Միայն թե ոչ ոք չիմանա, մնացածը՝ գողություն, լպիրշություն, ստորացում, բռնություն եւ այլն, կարելի է: Ցուցանակի տակ այսպես հավաքվում է կեղտը եւ քայքայում ընտանիքները, հանրությունը, պետությունը, սովորաբար պայթելով ահավոր դրսեւորումներով:

Հիշվում են Եվրասոցացման բանակցությունների ժամանակ դրա հակառակորդների փաստարկները, թե «փտած Եվրոպան» քայքայելու է մեր ընտանիքները, բարոյականությունը: «Փտած Եվրոպան» օրինակն է այն բանի, թե ինչպես է հաղթահարել այս ահավոր երկվությունը՝ կեղտոտ լվացքը հանելով ու չորացնելով, կեղծիքն ու երեսպաշտությունը մարդկային հարաբերություններից հանելով եւ այդ հարաբերություններն իրավական դաշտ տեղափոխելով:

Մեզ մոտ ամեն ինչ կարելի է՝ միայն թե ոչ ոք չիմանա: Ինչի՞ է բերել նման բարոյականությունն ու հավատամքը՝ տասնյակ հազարավոր քայքայված ընտանիքներից, նամուսից ու ադաթից խորտակվող ճակատագրերից մինչեւ պետական ինստիտուտների դեգրադացիա:

Ամենաընթերցվածը