Գիտնականները բջիջները «վերածրագրավորելու» եղանակ են գտել հիվանդությունների բուժման համար

  • Հասարակություն - 09 Օգոստոսի 2017, 14:06
ԱՄՆ-ի Օհայոյի նահանգի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել Է գտնել մարդու մարմնում բջիջների գործառույթը փոխելու եղանակը, ինչի շնորհիվ կարելի է բուժել վնասված հյուսվածքները, ինչպես նաեւ պայքարել տարբեր հիվանդությունների դեմ: Մեթոդն արդեն ստացել է «հյուսվածքների նանոտրանսֆեկցիա» (ՀՆՏ) անվանումը, տեղեկացնում է  «Արմենպրես»-ը:

«Տրանսֆեկցիա» բառն ինքնին նշանակում է արտաբջջային նյութի ներդրում բջիջի մեջ ոչ վիրուսային մեթոդով: Դրա համար անհրաժեշտ է բացվածքներ անել բջիջի թաղանթում: Նոր մեթոդիկայի հեղինակները որոշել են դիմել նանոտեխնոլոգիաների ոլորտի վերջին մշակումներին:Հետազոտությունների նյութերի համաձայն, որոնք շաբաթվա սկզբին հրապարակվել են Nature հանդեսում, գիտնականները մտադիր են բջիջների «վերածրագրավորման» համար օգտագործել հատուկ չիպ: Գործողությունների կարգը հետեւալ կերպ է. նախ բժիշկները կատարում են մաշկի մակերեւույթի թեթեւ էլեկտրական խթանում: 

Այնուհետեւ ոչ մեծ սարքը տեղադրում են անհրաժեշտ տեղամասում: Մեկ վայրկյանից էլ պակաս ժամանակում չիպն առանց ներթափանցման բջիջներ է հասցնում անհրաժեշտ տեղեկատվությունը՝ դրա համար բարձր ինտենսիվության կիզակետված էլեկտրական դաշտի միջոցով: Այս կերպ բժիշկն ինքը կարող է փոխել բջիջների տիպը: Բջիջների ճառագայթման գաղափարը նոր չէ:

Հյուսվածքների տրանսֆեկցիան նախկին լուծումներից տարբերվում է նրանով, որ մասնագետները գտել են բջիջները կետային վերահսկելի ազդանշանի միջոցով կառավարելու եղանակը: Մշակողները հուսով են այս տարվա ընթացքում ստանալ մարդկանց վրա մեթոդիկան փորձակելու թույլտվություն: Եթե եղանակն արդյունավետ լինի, այն կարելի կլինի կիրառել ոչ միայն մկանային հյուսվածքի կամ անոթների հատվածների բուժման համար: 

Հնարավոր է՝ ուղղորդված ազդանշանների օգնությամբ հաջողվի վերականգնել նաեւ ուղեղի հյուսվածքը, որը վնասված է ինսուլտից, Ալցհայմերի կամ Պարկինսոնի հիվանդությունից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Ամենաընթերցվածը