Եւ շատ հասկանալի հոգեբանական առանցքում մեր զօրաբանակը չէր կարող կռվել և յաղթել

  • Հասարակություն - 04 Օգոստոսի 2017, 21:33
Կարսի քաղաքացիական նահանգապետ, գեներալ Ստեփան Ղորղանյանի հուշերի այս հատվածում (ՀԱԱ, Ֆ. 477, ց.1, գ.5, թթ. 7-19, բնագիր, ձեռագիր:) , որը նախորդ հրապարակված նյութի շարունակությունն է, հեղինակը ներկայացնում է իր տպավորությունները 1920 թ. մայիսի վերջերին երկրի Կառավարություն կատարած այցի, Կառավարության Նախագահի և զորաց նախարարի հետ ունեցած հանդիպումների մասին:

Եկեք ընթերցենք փաստաթուղթը: Վլադիմիր Հարությունյան, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր

ՍՏԵՓԱՆ ՂՈՐՂԱՆՅԱՆ

ՀՈՒՇԵՐ

 (1922)

…Բայց դառնանք իմ Երևանի այցին… (առկա է տեքստի խզում)

...նահանգապետին և անցնելով Մինիստր նախագահի դահլիճը, ես բռնված էի հայրենի … պարծանքով: Ինձ չէր ճնշում այլևս կայսերական բռնալից գերիշխանութիւնը, այդ ապարանքը այն տաճարն էր, ուր իջել և թառել էին մեր դարաւոր երազները և ինձ թվում էր, որ ես մէկն էի այն բազմաթիւներից, որոնց համար և քաղցր և ախորժալի է հայրենի իշխանութիւնը:

Այսպէս էին իմ վերապրումները, երբ ես հանդիպեցի հայկական պրեմիերին:

Համօ Յովհանջանեան ոչ միակն Մինիստր նախագահն էր, նա դաշնակցութեան առաջի քրմապետն էր և կուսակցութեան սրբազնագոյն խորանի երդվեալ պահապանը:

Եւ ինձ թվում էր, որ Կարսի նահանգապետի ունկնդրութիւնը կը տևի մի քանի ժամ, որ ես նորից ու նորից կանցնեմ նորա մօտ և կը բաւարարեմ իմ բոլոր դիմումներս:

Բայց հեղինակութիւնը և հմայքը խոշորալից են միայն որոշ տարածութեան վերայ և այդտեղ է, երևի, տեսողութեան մեծ գաղտնիքը:

Համօ Յովհանջանեան համեստ և ամօթխած էր, նա շատ քաղաքաւարի էր, շատ դելիկատ, անտեղի զգոյշ և այդ բոլոր փափակալից գծերով սպառվում էր հայկական նոր պրիմիերի ուրուագիծը:

Բայց ինձ շատ զարմացրեց, որ դաշնակցութեան գաղտնիքների այդ լիազօրը ոչ մի հետաքրքրութիւն ցոյց չը տվեց դէպի այն բոլոր խնդիրները, որ ես աշխատում էի, առանց հարցերի, շարելու նորա առաջ: Նա լսում էր իմ զեկուցումը կարծես յակամայից, որպէս մի անցնող ցրոյց և ես չէի տեսնում, որ իմ բազմատեսակ յայտարարութիւններս մեր կառավարչական և պետական անցուդարձից, համակ էին պրիմիերի ուշադրութեանը և առաջ բերէին հասկանալի տրամադրութիւն և վճռալից կորով:

Մեր տեսակցութիւնը տևեց գուցէ մի կէս ժամ, պրիմիերը խոստացաւ հրաւիրել ինձ Մինիստրների խորհրդի հերթական նիստին, իսկ ինքը ոչ մի ակնարկ անգամ չարտայայտեց, թէ հետաքրքրվում է Կարսի նահանգով և այն բոլոր խնդիրներով, որոնց մասին ես այնչափ գրել և հեռագրել եմ Կարսից:

Եւ ես թողեցի Մինիստր-նախագահի առանձնասենեակը և հիասթափված և ընկճված...

Որպէս դաշնակցական առհասարակ և որպէս գաղափարական գործիչ, մասնաւորապէս, Համօ Յովհանջանեան անբիծ համարում ունի և նա մէկն է իր այն ընկերներից, որին բոլորը սիրում են և որի մասին եկու կարծիք չըկայ այդ իմաստով:

Որպէս ժառանգական պահպան դաշնակցութեան պատգամների, Համօ գուցէ անփոխարինելի է իր երդվեալ հաւատարմութեամբ, բայց որպէս նախագահ կառավարութեան, նա մի թիւրիմացութիւն էր, եթէ չասենք աւելի:

Հանրապետութեան երկունքի օրերում, հաւասարակշռութիւնը կորցնելով, դաշնակցութիւնը ուզեց փրկել դրութիւնը հայդուկ հմայքով և իր բիւրօն կառավարութիւն յայտարարելով, նա դէպի նախագահի բազկաթոռը մղեց դաշնակցութեան հլու և հպատակ Համօին...

Համեստ և ամօթխած, Համօ խոնարհվում էր կուսակցութեան որոշումի առաջ անվերաբեր էր վերապրումներին, բայց նա քաշում էր այդ չարաբախտ լուծը միայն իր պատասխանավութեամբ, բայց ուրիշների գերիշխանութեամբ...

Խմորվում էր մեծ դրամատիկ հանգոյծ և այդ կապանքը դառնալից լուծելու վիճակ էր ընկել այն մարդուն, որ գուցէ աւելի քիչ, քան ով և իցէ, պատասխանատու էր դաշնակցութեան մեծ և փոքր սխալների համար...

Այդպէս էր իմ տպաւորութիւնը պրիմիեր Համօ Յովհանջանեանի հետ տեսակցութիւնից յետոյ:

Աստիճանական հերթով, ես պէտք է այցելէի այնուհետև ներքին գործոց Մինիստրին, որ միևնոյն ժամանակ և Զօրաց Մինիստր էր: Երբ Ալ Խատիսեանի իրաւակարգային կուրսից յետոյ հայրենիքը վտանգի մէջ յայտարարվեց, Ռուբէն փաշան ընդգրկեց այդ երկու նշանաւոր Մինիստրութիւնների պորտֆիլները:

Այդ մինիստրի հետ էլ ես ծանօթ չէի: Նորա մասին ես շատ բան էի լսել, ասում էին, որ նա խելոք և լուրջ դաշնակցական է, համեստ, եռանդոտ և որպէս րադիկալ դաշնակցական` շատ վճռալից: Բայց այդ բոլորը չէր կապվում նորա Մինիստրական ընթացքի հետ և ես տարուբերվում էի այդ կարծիքների և փաստերի առանցքում: Ասում էին, որ փաշան <<զբաղվում է>> գլխաւորապէս <<զինւորական>> գործերով, իսկ երկրի ներքին գործերը երրորդական են և ոչ շտապ համարելով, նա յանձնել է իր աշխատակիցներին, իրան վերապահելով միայն Մինիստրի զրահը և հմայքը: Այսպէս թէ այնպէս, ես պէտք է ներկայանայի այդ Մինիստրին, բացի այն, որ թէ ներքին և թէ զինվորական բազմաթիւ կարևորագոյն խնդիրների մասին ես նորից պէտք է բանակցէի Մինիստրի հետ, ի նկատի առնելով, որ իմ բազում գրաւոր զեկուցումներս և հեռագրներս մնում էին անպատասխան: Բայց իմ առաջի այցը այդ օրերի ամենակարող մարդուն անյաջող էր: Մինիստրը չընդունեց ինձ, առարկելով, որ <<զբաղված է զինվորական գործերով>>:

Ի հարկէ, Կարսի նահանգը, Հայաստանի կարևորագոյն այդ տարածութիւնը և Հանրապետութեան գրեթէ կէսը, եթէ ոչ աւելին, չէր կարող նշանաւոր <<ռազմագէտի>> հոգսերում նախամեծար տեղ գրաւելու հաւակնութիւն ունենալ, բայց և այնպէս ես կարծում էի, որ գէտ քաղաքաւարութիւնը պահանջում էր մի երկու րոպէով ընդունել Կարսի նահանգապետին, որ գալիս էր մայրաքաղաք առաջի անգամ և որ Մինիստրի հետ նոյնիսկ պատիւ չուներ ծանօթ լինելու:

Մեր <<յեղափոխական>>, <<դեմոկրատ>> և սանձարձակ օրերում իմ այդ էտիկ պահանջը գուցէ և ժամանակակից չէր, բայց ես բոլորել էի հիսուն տարիս օրինական և դելիկատ շրջափակում և այդ բոլոր միտումներով մինիստրի այդ պատասխանը ոչ միայն տարօրինակ էր թվում ինձ, այլև չէր պարփակվում իմ հասկացողութիւններում:

Միւս օրը ես պէտք է տեսնվէի Մինիստրի հետ ներքին գործոց Մինիստրութեան շէնքում և նա ընդունեց ինձ աւելի քան մի ժամ սպասել տալուց յետոյ:

Թէ ի՞նչ «կուսակցական», «ռազմական» և «պետական» մեծ գործերով էր զբաղված այդ օրերի Հայեաստանի այդ մեծ պետական դէմքը, մեզ՝ մահկանացուներիս համար այդ անիմանալի  է իհարկէ:

Վերջապէս, երկար սպասելուց յետոյ դահլիճի «ընկերվար» մթնոլորտում, ես արժանացայ, վերջապէս, տենչալի ունկնդրութեան:

Առաջի հանդիպումիս տպաւորութիւնը ասում էր ինձ արդէն, որ Կարսի նահանգը շատ քիչ է հետաքրքրում ամենակարող մինիստրին, բայց այնուամենայնիւ ես ինքս սկսեցի զեկուցումս, տեսնելով մինիստրի անվերաբեր տրամադրու­թիւնը:

Որչափ և տրամադրված չը լինէր Ներքին գործերի մինիստրը զբաղվելու Կարսի նահանգի շատ կարևոր և շատ լուրջ գործերով, Կարսի նա­հանգապետը այնուամենայնիւ օգտվում էր դէպքից գէթ թռուցիկ կերպով կրկնելու այն բոլորը, ինչ որ նա արծարծել է իր բազմաթիւ գրութիւններում: Բայց այդ միջոցում մատուցարանի վերայ բերեցին մինիստրի համար միայն նախաճաշիկ և նա շատ ախորժելից զբաղվեց նորանով:

... Ես շարունակում էի, իհարկէ, զեկուցումս, երբեմն կանգ էի առնում, ցանկանալով գէտ դորանով մի րոպէ հեռացնել Մինիստրի ուշադրութիւնը, ըստ երևոյթին համեղ, նախաճաշից, բայց մեր <<ռազմագէտը>> շարունակում էր իր գործը և միայն երբեմն թափահարում պետական հոգսերով ծանրաբեռնված գլուխը, թէ որպէս նշան իր ուշադրութեան դէպի իմ զեկուցումս և թէ որպէս հաւանութիւն իր ախորժելից ուտելիքի...

Ես չըկարողացայ հասկանալ, հետաքրքրվում էր Մինիստրը երկրի որևէ գործերով, արդեօք:

Իմ ժամուկէս զեկուցման ընթացքում նա լուռ էր և ես ակամայ կրճատեցի իմ ասելիքներս, դելեկատ, փափուկ դրութիւնից դուրս գալու համար... Որպէս ասիստենտ իմ ունկնդրութեան, իմ դիմաց նստած էր ներքին գործերի Մինիստրի օգնական Սահակ Թորոսեան: Հրապարակի ակտիւ դէմքերի թվում Թորոսեան մէկն էր այն անձնաւորութիւններից, որոնք ամօթխած և համեստ շրջապատում փարբակում են անկաշառ ազնվութիւն և զգայուն, անկեղծ ազգային գործով: Թորոսեան ևս լուռ էր ամբողջ ժամանակը, բայց ինձ թվում էր, որ նա իր պատրօնի փոխարէն լաւ չէր զգում իրան: Եւ որչափ անվերաբեր էր դէպի նահանգապետի զեկուցումը Մինիստրը, այնչափ լարված ուշադրութեամբ էր լսում ինձ նրա օգնականը:

Երբ ես բարձրացայ տեղիցս, Մինիստրը ասաց, որ նա վճռել է հեռացնել Կարսի նահանգից գեներալ Յովսէփեանին և ցանկութիւն յայտնեց դարձեալ խօսելու ինձ հետ: Եւ ինձ այն ժամանակ թվաց, որ նա մինչ այդ լսում էր, իսկ յետոյ կը խօսի: Մինիստրը խնդրեց ինձ այցելել իրան նոյն շէնքում երեկոյեան ժամի հինգին:

Իմ երկար տարիների պաշտօնաւորութեան ընթացքում ես շատ սիրել եմ ճշտութիւնը և երբեմն առիթ չեմ տվել սպասելու ինձ ոչ միայն իմ իշխանաւորներին, այլ և ինձ ենթականերին: Եւ առանց 10 րոպէի հինգը ես արդէն Մինիստրի ընդունարանումն էի: Բայց Մինիստրը չը կար, իհարկէ, ես սպասեցի նորան մինչև ժամի 5, բայց անցաւ և վեցը, իսկ մինիստրը դարձեալ չը կար և նորա գալու մասին ոչ ոք որ մի տեղեկութիւն չունէր:

Եւ թողնելով Մինիստրական ապարանքը, ես չէի կարողանում բացատրել ինձ - կօշմար է այդ, թէ հայկական հայդուկ իրականութիւն...

Միւս օրը, պատահմամբ նոյն շէնքում հանդիպելով ինձ, Ռուբէն փաշան ասաց.- Ախ, ես միայն յիմայ եմ մտաբերում, որ ժամադիր էի արել Ձեզ, մոռացայ...

Եւ այդ ասում էր այն մարդը, որ հաւակնութիւն ունէր երկու Մինիստրութիւն կառավարելու...

Ինձ ոչինչ չէր մնում ասելու, ես ոչ մի տրամադրութիւն էլ չունէի այնուհետև տեսնվելու այն մարդու հետ, որ ոչ միայն այդչափ բոբիկ էր պետական-կառավարչական գործերում, այլ և հասարակ և տարրական քաղաքաւարութեան իմաստում:

Բայց այդ օր, Մայիսի 28, Հայաստանի Հանրապետութեան տարելիցի օրը, երբ ես պատրաստվում էի անցնելու կառավարչական ապարանքը, Կարսից ես ստացայ հետևեալ ծածկագիր պաշտօնական հեռագիրը.- <Գեներալ Յովսէփեան իր կամաւորական խմբերի առաջնորդ Մուրադխանին իր աւտօմոբիլով ուղարկել է Արդահան գնդապետ Կադիմովին սպանելու համար: Հաճեցէք անյապաղ միջոցներ ձեռք առնել>:

Այդպիսով, ինչպէս տեսնում էք, Կարսի գեներալները ուզում էին լիուլի կերպով օգտագործել նահանգապետի նահանգից բացակայութիւնը - նրանք թալանել տվեցին քուրդ գիւղերը և հեռագրեցին, որ Կարսի ադմինիստրացիան թոյլ է: Միւս կողմից, օգտվելով դէպքից, նրանք մահափորձ կազմակերպեցին այն Կադիմովի վերայ, որին նրանք այդքան ժամանակ անհետևանք ամբաստանում և հալածում են: Այդ երկու մեծ գեներալները ուզեցին մի անգամից տապալել Կարսի նահանգապետին: Ստանալով այդ ծածկագիր հեռագիրը, ես շտապեցի Մինիստր նախագահի մօտ: Այդ միջոցում պրիմիերի առանձնասենեակումն էին Ռուբէն փաշա և երկրագործութեան Մինիստր Վրացեան: Հաղորդելով նոցա ստացված տեղեկութիւնը, ես բացատրեցի, որ Կադիմովի սպանութիւնը թուրքութեան կենտրոնում կարող է մեծ բռնկում առաջ բերել նահանգում, որի առաջ կը նսեմանայ մեր Նախիջևանի պատմական նահանջը և խնդրեցի հեռագրական միջոցներ ձեռք առնելու այդ կեղտոտ և երկրի իշխանութեան համար այդչափ առատաւորիչ դաւի առաջն առնելու համար: Թէ ինչպէս զգաց իրան <<Զորաց և Ներքին գործոց Մինիստր>> Ռուբէն փաշան` չը գիտեմ, բայց խմբապետ Մուրադխանին նա հեռագրով պահանջեց Երևան: Ես չը գիտեմ, իհարկէ, թէ ինչպէս բացատրվեցին այդ հերթական իշխանագործութեան մասին, այդ երկու <<ընկերները>>, ես գիտեմ միայն, որ քաջարի գեներալները դարձեալ մնացին իրանց տեղերում: Հայաստանի դիկտատօրը ճակատագրական ընթացքով գնում էր դէպի անդունդ և նրան վիճակ էր ընկել, երևի, յադ խորխորատը գնալ իր գեներալներով շրջապատված....

Պետք է զարմանալ, արդեոք, այդ բոլորից յետոյ, որ քեամալիստներից չորս անգամ աւելի ոյժեր ունենալով, մենք վարկա­բե­կեցինք զինվորական բախտը Կարսի մեծա­հռչակ ամրութիւնների տակ:

Եւ շատ հասկանալի հոգեբանական առանց­քում մեր զօրաբանակը չէր կարող կռվել և յաղթել: Նա իր չորս կողմը տեսել էր միայն թալան, միայն ինտրիգ ու միայն ոճրալից խաղաղ ազգաբնա­կութիւնը թալանելու և կեղեքելու կազմակերպու­թիւնը, որպէս և Արդահանի գաւառապետ Կադիմօ­վին սպանելու փորձը գաղտնիք չը մնաց, իհարկէ, երկրում:

Իր կեանքի դէմ պատրաստված մահափորձը, որ իր ժամանակին խանգարել էր նահանգապետը, իմացաւ, իհարկէ, և ինքը Կադիմօվը:

Բայց նա այնչափ խելօք և լուրջ մարդ գտնվեց, որ խուսափեց նոյնիսկ խօսելու այդ մասին իր նահանգապետի հետ: Վերջինի համար, որպէս հայի և նահանգապետի,  գեներալների այդ կեղտոտ դաւադրութիւնը նա շատ փափուկ, դելեգատ խնդիր էր համարում և գնդապետ Կադի­մօվ նոյնիսկ առիթ չը տվեց ինձ կարծելու, որ նա իրազեկ է այդ սև պատմութեան մասին:

Դառնալով երկրի քուրդ և թուրք ժողովրդի վերաբերմունքին դէպի այդ երկու աղաղակող անցքերը, ես պէտք է ասեմ, որ իմ դրութիւնս աւելի քան դժվարին էր ժողովրդի առաջ:

Բոլորը գիտէին, որ այդ թալանները կատարվել են զօրաց հրամանատարութեան զրահի տակ, բոլորը գիտէին, որ նահանգապետը անզօր է այն մարդկանց դէմ, որ մեր Աստղերի պալատում ունէին խնամակալ մեծ ձեռքեր:

Պէտք չը կայ ասելու, որ այդ մթնոլորտում պետութեան պրիստիժը, համարումը, միանգամայն ընկնում էր, երկիրը չէր տեսնում իր առաջ անաչառ կառավարութիւն, նա տեսնում էր գեներալներ և խմբա­պետներ, որոնք իրանք էին և օրէնք և իշխանութիւն:

Իզուր էր նահանգապետը այդ առիթով բազմաթիւ զեկուցումներ և ծածկագիր հեռագրներ տեղում Երևան: Փիրումօվ, Յովսէփեան անսխալական հեղինակու­թիւն էին Երևանի առաջ և նոցա ուղղված բոլոր սլաքները չէին անդրադառնում Աստղերի պալա­տում:

Ահա թէ ինչով էին զբաղված Կարսի գենե­րալները և գնդապետները Կարսի անկման և Հա­յեաստանի Հանրապետութեան խորտակման նա­խօրեակում:

Եւ ես թողեցի Երևանը ջարդված և փշրված յոյսերով: Եւ եթէ հրապարակում դեռ մնում էին մի բուռն մարդիկ, անկեղծ, ցաւալից և կարող, պետական նաւի առագաստները միանգամայն խռովալից էին և միանգամայն խաբուսիկ...

Այդչափ անմխիթար էին տպաւորութիւններս մայրաքաղաքին իմ այս այցից յետոյ:

Արխիվային  ձեռագիրը մուտքագրել է Անուշ Համբարձումյանը:

Ամենաընթերցվածը