Արեւմտահայերենով դպրոց Հայաստանում

  • Հասարակություն - 17 Հուլիսի 2017, 16:36

Հայաստանում արևմտահայերենը պահպանելու նպատակով նախատեսվում է ստեղծել արևմտահայերեն դպրոց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 17-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ Հայաստանի Կրթության և գիտության և  Սփյուռքի նախարարները ստորագրել են աշխատանքային խմբի ձևավորման փաստաթուղթ՝ արևմտահայերենի պահպանման և զարգացման նպատակով: 

«Սփյուռքահայ երեխաները Հայաստանում ունեն ոչ միայն լեզվական, այլ նաև աշխարհընկալման խնդիրներ: Երեխաները մի միջավայրից տեղափոխվում են բոլորովին այլ միջավայր: ՀՀ Նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում ստացանք հանձնարարական՝ գործնական ծրագիր մշակելու արևմտահայերենի պահպանման և զարգացման ուղղությամբ, ինչը նախատեսում է աշխատանք երկու հարթությունում՝ Հայաստանում և  սփյուռքում: Այդ նպատակով ՀՀ սփյուռքի նախարարի հետ ստորագրեցինք աշխատանքային խմբի ձևավորման փաստաթուղթ»,-ասաց Լևոն Մկրտչյանը:

Նախարարի խոսքով՝ արդեն հնարավոր չէ ավանդական, միջին արևելքում մշակված դպրոցական ծրագրերով սփյուռքի 4-րդ սերնդի դաստիարակությունն իրականացրել: Հայերենի և հայագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության պակասը ևս նոր մեթոդների բացակայության հետևանքն է:

«Արևմտահայերենն աջակցության կարիք ունի, որը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունը: Մտածում ենք Հայաստանում արևմտահայերեն դպրոց ստեղծելու ուղղությամբ, որտեղ կկարողանանք արևմտահայերենի ամբողջական ծրագիր իրականացնել ոչ միայն հայագիտական ուղղություններով, այլ նաև բնագիտական առարկաներով: Հիմա փնտրում ենք ներդրող՝ դպրոցներից մեկի կողքին ստեղծելու համար հանրակացարան, որտեղ կարող են ապրել սփյուռքահայերը»,-ասաց նախարարն ու հավելեց, որ կարող են սկսել նաև ուսումնասիրություն՝ երկու ճյուղերի ուղղագրությունների մերձեցման, հեռանկարների և այլ հարցերի մասին:

Նախարարի խոսքով՝ առաջիկայում հնարավոր է, որ ընդունելության քննությունները կարողանան մատչելի դարձնել նաև արևմտահայերենով: Եթե, օրինակ, Լիբանանից շատերը կարողանան արևմտահայերենով ծանոթանալ ծրագրերին, կգան Հայաստանում սովորելու:

Ամենաընթերցվածը