Եզակի գյուղերից մեկը. կա ասֆալտ եւ շքեղություն, բայց չկա ամենակարեւորը (տեսանյութ)

    • Հասարակություն - 16 Հուլիսի 2017, 12:17
Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղը հայտնի է որպես խոպանչիների գյուղ: Այս սեզոնին երանոսցի տղամարդկանց մոտ 90 տոկոսն արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան: «Ընդեղ ամեն ինչ անում են՝ разные рабочие», ասում են գյուղացիները:

Գյուղում մնացածները դժգոհ են իրենց կյանքից: Երանոսն այն եզակի գյուղերից է, որն ասֆալտապատ է, տների մի մասն այստեղ շքեղ են, բնակիչները թանկարժեք մեքենաներով են շրջում: Գյուղ այցելած լրագրողների հարցերին գյուղացիները պատասխանում են, որ դա խոպանից ստացված փողերի շնորհքն է:

«Գյուղը սնվում ա Ռուսաստանի Դաշնությունից: Ըստեղ կարտոշկա ենք ցանում, գազի փողը կարա՞նք կարտոշկով տանք, լույսի փողը կարա՞նք տանք կամ կարտոշկեն ո՞ւմ վրեն ծախսենք, որ գազ ու լույս փակենք, մեր առօրյա հոգսերը հոգանք, գոնե մի անգամ էթանք սանատորիա», ասում են գյուղացիները: Շքեղ առնաձնատներ ունեցողներն էլ, նրանց խոսքով, հիմնականում գործարարներն են, ովքեր աշխատում են Ռուսաստանում և ամեն տարի երանոսցի տղամարդկանց խմբերով աշխատելու են տանում ՌԴ: Այս գործարարներին գյուղի բնակիչները «փոդրաչի» կամ «բրիգադիր» են ասում ու նրանց երկար կյանք մաղթում՝ իրենց տղամարդկանց գործով ապահովելու համար: Նրանք Երանոսի տղամարդկանց աշխատելու են տանում հիմնականում  ՌԴ Չելյաբինսկ, Կեմերովո և Սվերդլովսկ քաղաքներ: Երանոսի բնակիչների թիվ մեկ ցանկությունը աշխատատեղ ունենալն է:

«Աշխատանքի տեղ էղնի, աշխատինք, էսմալ պարապ չնստինք արև չորցունք, մեր երեխեքն էլ չհելնին էթան օտարություն: Ահելն ա եղե, ջահելն ա եղե, աշխատանքի տեղ ըլնի, աշխատենք: Տղես բանակից եկե, մատղաշ-մատղաշ ստիպված գնացե արտագնա աշխատանքի», ասում է գյուղի կանանցից մեկը:

Գյուղացները մատնացույց են անում՝ Երանոսում թաղամասեր կան, որտեղ 90 տոկոս տների դռները փակ են: Այսինքն՝ գյուղացիներն ընտանիքներով տեղափոխվել են Ռուսաստան:

Մանրամասները տեսանյութում

Լրագրողների այցը Գեղարքունիքի մարզ կազմակերպել էր Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ICMPD)


Ամենաընթերցվածը