Բեկումնային տեխնոլոգիաների կիրառման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է կազմել տարեկան մինչեւ 220 մլն դոլար

  • Հասարակություն - 14 Հուլիսի 2017, 16:57
Բեկումնային տեխնոլոգիաների կիրառման հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության որոշ ոլորտներում կարող է կազմել տարեկան մինչեւ 220 մլն ԱՄՆ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`անդրադառնալով «Ի-ՎԻ Քոնսալթինգ» ընկերության կողմից հրապարակված 2017 թվականի Հայաստանի ազգային մրցունակության զեկույցին, հուլիսի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը:

«Փոփոխություններն այնքան արագ են տեղի ունենում, որ անհատները, կազմակերպությունները եւ կառավարությունները դժվարությամբ են կարողանում հարմարվել արագ փոփոխվող պայմաններին: Հայաստանի համար բացվում է ոչ գծային զարգացման հնարավորություն. մենք գնահատել ենք բեկումնային տեխնոլոգիաների կիրառման հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության որոշ ոլորտներում: Մեր գնահատմամբ` դա կարող է կազմել տարեկան մինչեւ 220 մլն ԱՄՆ դոլար, սակայն, իհարկե, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի էական փոփոխություններ տեղի ունենան ե՛ւ տնտեսական միավորների վարքագծում, ե՛ւ տնտեսական քաղաքականության մեջ»,- ասաց Հերգնյանը:

Նրա խոսքով` այս տարվա զեկույցում վերլուծվել է Հայաստանի տնտեսական կատարողականը 15 տարվա ընթացքում, որոշ չափումներով` նաեւ 25 տարվա ընթացքում: «Բայց այս զեկույցի հիմնական թեման չորրորդ արդյունաբերական հեղափոխությունն է եւ Հայաստանի համար բացվող հնարավորություններն ու ռիսկերը: Այս հեղափոխությունը բնութագրվում է մի շարք, այսպես կոչված, բեկումնային տեխնոլոգիաներով, որոնք արմատապես փոխում են մարդկային կյանքը, հասարակությունները, տնտեսության կառուցվածքը»,- նշեց Հերգնյանը:

«Ի-ՎԻ Քոնսալթինգ» ընկերության համոզմամբ`Հայաստանը կարողանում է որոշակի ուղղություններով տալ համաշխարհային մակարդակի հետազոտական արդյունք, մասնավորապես` ֆիզիկայի եւ աստղագիտության ոլորտներում: Սակայն հետ է մնում հետազոտական արդյունքի կոմերցիալիզացիայի տեսանկյունից:

«Մեզ համար հետաքրքիր հնարավորություններ են բացվում՝ կապված այն հանգամանքի հետ, որ ՏՏ ոլորտը, որպես ամենադինամիկ զարգացող բնագավառներից մեկը, այժմ նաեւ կարողանում է ձեւավորել կարողություններ բեկումնային տեխնոլոգիաներում: Դրանք են, օրինակ, արհեստական բանականությունը, ռոբոտաշինությունը, բլոկչեյն տեխնոլոգիաները, եռաչափ տպագրությունը, գենոմիկան եւ այլն: Մենք տեսնում ենք հնարավորություն` Հայաստանը դիրքավորելու որպես բարդ խնդիրների ստեղծագործ լուծումների կենտրոն: Դրա նախադրյալներն առկա են եւ մեր գիտատեխնիկական ժառանգության տեսանկյունից, նաեւ ներկայումս որոշ հետաքրքիր զարգացումներ կան բարձր տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում, նաեւ` հավակնության այն մակարդակի առումով, որը մենք պետք է դնենք մեր առջեւ: Սա մեզ համար հնարավորություն է, եւ մենք պետք է կարողանանք դրանից օգտվել»,- նշեց Հերգնյանը:

 

Ըստ նրա` ներկայումս ողջ աշխարհն է հայտնվել ռիսկային իրավիճակում` կապված ավտոմատիզացման, արհեստական բանականության ու ռոբոտաշինության զարգացման հետ:

«Համաձայն վերջին վերլուծություններից մեկի՝ ԱՄՆ աշխատատեղերի 47 տոկոսը վտանգի տակ է: Բնականաբար, Հայաստանը նույնպես այս ամենից զերծ չէ, մեզ եւս սպառնում են նման վտանգները: Որքան բարձրանում է արտադրողականությունը, այնքան նվազում է աշխատուժի կարիքը: Դա նշանակում է, որ մեր տնտեսական աճի տեմպերը շատ ավելի արագ պետք է լինեն, որպեսզի կարողանանք կլանել ավելցուկային աշխատուժը»,- ընդգծեց «Ի-ՎԻ Քոնսալթինգ» ընկերության տնօրենը:

Հերգնյանի կարծիքով` Հայաստանը ունի նաեւ յուրահատուկ տարածաշրջանային անվտանգային ռիսկեր, սակայն տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից դա պետք է վերածել առավելության, քանի որ դա խթան է՝ զարգացնելու համար բարձր տեխնոլոգիական արտադրությունը ռազմարդյունաբերության ոլորտում:

Ամենաընթերցվածը