Վատ լուր «պորտաբույծների» համար. Նոր մոտեցում է մշակվում

  • Հասարակություն - 13 Հուլիսի 2017, 15:45
ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է արմատապես վերանայել անապահովության գնահատման մոտեցումներն ու մեթոդաբանությունը՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման և պետական սոցիալական աջակցության ծրագրերը հատկապես բնակչության անաշխատունակ շերտերին (երեխաներին, միայնակ տարեցներին, բազմազավակ ընտանիքներին և այլ խմբերին) ուղղելու սկզբունքային մոտեցում, ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ:

Ընտանիքների անապահովության գնահատման կարգի փոփոխությունների հիմքում դրվել են արմատապես նոր մոտեցումներ: Մասնավորապես նախատեսվում է կարգում հնարավորինս ներառել տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքի շուկայում ունեցած վարքագծի գնահատականները՝ դրանով խթանելով աշխատանքային գործունեություն ծավալելու իրենց ցանկությունը:

Սա նշանակո՞ւմ է, որ եթե ընտանիքում կա աշխատունակ անդամ, բայց «ակտիվ չէ աշխատանքի շուկայում», կամ հրաժարվում է աշխատել, կարող է այդ ընտանիքն անապահով չհամարվել: Ո՞վ եւ ինչպե՛ս է որոշելու. հնարավո՞ր է՝ նրան ինչ որ աշխատանք առաջարկվի, որից հրաժարվելու դեպքում ընտանիքի անապահովության գնահատականը փոխվի: Մյուս կողմից, կառավարությունը կարո՞ղ է աշխատատեղեր ստեղծել, որպեսզի «հանգիստ խղճով» մտցնի այս կարգը:

Այս կարգը մի կողմից կարող է ուղղված լինել «պորտաբուծությանը» վերջ տալուն, մյուս կողմից արդյոք չի մեծացնի կոռուպցիոն ռիսկերն անապահովության գնահատման գործընթացում:

Նշենք, որ ԽՍՀՄ-ում պորտաբուծությունը պատժվում էր, քանի որ սովետական երկրում, ըստ սահմանման, գործազուրկներ չէին կարող լինել: ԵՏՄ-ում կարծես թե վերադառնում են այս պրակտիկային. Բելառուսն արդեն ընդունել է նման իրավական ակտ: 

Ամենաընթերցվածը