Թերուսների սնոբիզմը ամենուր տոնում է իր հաղթարշավը

    • Հասարակություն - 11 Հուլիսի 2017, 22:24
Բերնարդ Շոուի Պիգմալիոն կատակերգության մեջ պրոֆեսսոր Հիգգինսը խրատում է Էլայզա Դուլիթլին. «Չի կարելի պարծենալ շրջապատում քո ունեցած հաջողություններով: Դա կոչվում է սնոբիզմ»:

Այդտեղ պարզորոշ դիտարկվում է Լուսավորական՝ դեռևս վերածննդից սերող հումանիստական մտավոր սերուցքի փիլիսոփայությունը, որը պնդում էր. «Ծագումն ու ունեցվածքը երկրորդական են մարդու բարոյական և մտավոր պաշարի համեմատությամբ»:

«Հասարակ մարդու» ստատուսի գովերգմանն ու ամրագրմանը սկսեցին ծառայել արվեստն ու փիլիսոփայությունը, իսկ հետո այն վերջնականապես հաստատվեց գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ, քանի որ «հասարակ տղերքը» շատ ակտիվ հայտնագործում էին շարժիչներ, մամլիչներ, գործելու ու կարի մեքենաներ և այլ օգտակար բաներ:

Հանրությանը պիտանի լինելու չափորոշիչը դարձավ եվրոպական քաղաքակրթության հիմնական միտումը, և մնացած բոլոր մյուս սկզբունքները ստորադասվեցին դրան:

Հիշենք Պետրոս թագավորին, ով Ռուսաստանում եվրոպական կառավարում մտցնելիս գահին բազմելու փոխարեն աշխատում էր քարտաշ, հյուսն ու նավավար միաժամանակ:

20-րդ դարում ծագման և ստատուսի ամրոցները լրիվ ընկել էին, բայց «հասարակ մարդու» թեման շարունակեց իր հաղթարշավը:

Եվրոպական քաղաքակրթությունն աչքաթող էր արել այն փաստը, որ կարող է լինել այսպես կոչված «հասարակ մարդու» սնոբիզմ, որը զարգանալու էր ռևանշիստական ուղղությամբ:

Ծագման ու ազնվազարմության փոխարեն այդ պարագայում հարձակման թիրախ էր դառնալու կրթությունը: Ի դեպ, հնչելու էր այդ թիրախավորումը բնավ ոչ արիստոկրատական ձևակերպումով:

Ռուսական мы академиев не кончали, Интеллигенты вшивые կենցաղի ամենօրյա բառապաշարից սկսած, վերջացած ԱՄՆ նորընտիր նախագահի I love the poorly educated (ես սիրում եմ թերուսներին) նույն իմաստարտահայտությամբ:

Թերուսների սնոբիզմը ամենուրեք տոնում է իր հաղթարշավը բոլոր տիրույթներում, բերելով եկեղեցու միջամտությանը պետական գործերին Արևմուտքում և իսլամական ահաբեկչությանը Արևելքում, և կոռուպցիոն մեխանիզմների զարգացմանն ամենուրեք:

Սրա մեջ անհնար է չտեսնել երկու դավադրական տեսություն.

1. Էլիտաներն ամենուրեք հոգնել են գիտուն և տեղյակ մարդկանց հաշվետու լինելուց, ուստի ամեն կերպ խրախուսում են խավարամիտների բանակի աճը՝ քաջ գիտակցելով, որ նրանց հեշտ է մանիպուլացնել:

2. Կրթական կրիտիկական զանգվածի աճը բերելու է հանրությանը հուզող երկու հարցապնդման. «ուր է կորչում երկրագնդի բարիքը, որին ըստ օրենքի փայատեր է մեզնից ամեն մեկը», և «ինչու եք հենց դուք սահմանում այդ բարիքի բաշխումը»:

Ու դրա համար հիմարացման գովերգմանն էին լծված աշխարհի բոլոր հեռուստատեսությունները և այլ պոպուլյար մեդիան: Գրագետների  և անհաջողակների նույնականացումը դառնում է հիմնական թրենդ:

Եվ ահա դառը պտուղները. մի «հասարակն ու կրթություն չսիրողը» ԱՄՆ նախագահ է: Մյուս «հասարակն ու կրթություն չսիրողը»՝ ՌԴ նախագահ: Նրանց հասարակ ձեռքերը գտնվում են ատոմային կոճակների վրա:

Մերկելի և Թերեզա Մեյի կողքին նստում է «Բանտիկազարդ տիկնիկը», Թրամփի դուստրը, որ միջին որակի դիզայներ է: Ռուսաստանում երաշտի դեմ պայքարում են դաշտերում աղոթելով:

Հայաստանում հնդկական սերիալների ցուցադրումը աշխարհի «ամենահասարակ», «ամենապարզ» գոյատիպի մանիֆեստացիան է: «Հասարակ մարդու» գերակայությունը ներխուժել է ոչ միայն պետական կառավարում ու բիզնես, այլ նաև վիրտուալ տիրույթ, որտեղ ուղղագրական սխալի առկայությունն անգամ պատվաբեր է. «սխալներով ենք գրում, բայց ինչ փայլուն մտքեր ենք արտահայտում»: Ու ընդհանրապես. «մենք տգետ ենք ու հպարտ ենք դրանով»: Որովհետև կրում ենք «ժողովրդական իմաստություն», «պարզ ռանչպար մարդ ենք», «հայ քրիստոնյա» ենք:

Եվս մի քայլ՝ ու աշխարհին տիրելու են բացարձակապես հասարակ մարդիկ: Նրանք փակելու են իմացության բոլոր դռները, նրանք թողնելու են մարդկությանը խանձած, բայց եկեղեցու կողմից օրհնված դաշտեր ոչ միայն հողագործության, այլև գիտության ու քաղաքականության մեջ:

Ամենաընթերցվածը