Ի՞նչ է փնտրել ջրի մեջ Գարեգին Երկրորդը

    • Հասարակություն - 10 Հուլիսի 2017, 12:21
Հուլիսի 7-ին տարածվել է բավական ուշագրավ մի տեղեկություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընդունել է ջրային պետկոմի ղեկավար Արսեն Հարությունյանին: Գարեգին Երկրորդին հետաքրքրել է, թե ինչպես է աշխատում ջրամատակարարման համակարգը, ինչ խնդիրներ կան ոռոգման հարցում: Գարեգին Երկրորդը նաեւ օրհնել է Արսեն Հարությունյանի գործունեությունը:

Հետաքրքիր է, Արսեն Հարությունյանն ի՞նքն է դիմել Կաթողիկոսին հանդիպման եւ օրհնության համար, թե՞ հանդիպման նախաձեռնողը եղել է Գարեգին Երկրորդը:

Հանդիպումը ինքնին հետաքրքիր է, եթե անգամ տեղի չունենար Սեւանից լրացուցիչ ջրառի վերաբերյալ օրերս տեղի ունեցած բուռն քննարկումների ֆոնին, որ առաջացրեց կառավարության այդ նախաձեռնությունը: Նույնիսկ այդ խնդրի բացակայության պայմաններում տարօրինակ է հնչում Մայր Աթոռի ղեկավարի հետաքրքրությունը ջրային ոլորտի կառավարման հանդեպ:

Մյուս կողմից սակայն, այստեղ կա հետաքրքիր ասպեկտ: Մայր Աթոռի ղեկավարությունը թերեւս փորձում է հետ չմնալ կառավարությունից, որը կատարում է գործունեության արդյունավետության վերանայում, գոնե հրապարակավ:

Մասնավորապես, ինչպես հայտնի է, նախորդ կառավարությունը գյուղատնտեսության հարցում դիմել էր Մայր Աթոռի օգնությանը: Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապատյանը փորձեց կիրառել հողատարածքների օրհնության պրակտիկան: Լավ բերքի համար հոգեւորականները օրհնում էին այգիներն ու դաշտերը: Բայց դա փաստորեն չօգնեց լուծել գյուղատնտեսության խնդիրները, որովհետեւ կամ օրհնությունը չէր տալիս ցանկալի բերքատվություն, կամ եթե տալիս էր՝ գյուղացին կրակն էր ընկնում այդ բերքի ձեռքը, քանի որ առաջացնում էր իրացման խնդիր: Ըստ ամենայնի, Սերգո Կարապետյանը չհասցրեց մտցնել նաեւ մթերող ձեռնարկություններն օրհնելու պրակտիկա: Հովիկ Աբրահամյանի կառավարությունը փոխվեց, Սերգո Կարապետյանն էլ հետը:

Երեւի փոխվում է նաեւ գյուղատնտեսության մեջ Մայր Աթոռի մասնակցության կարգը: Ըստ երեւույթին, դաշտերի եւ այգիների օրհնության փոխարեն, Մայր Աթոռի ղեկավարությունը դիտարկում է ոռոգման համակարգն օրհնելու տարբերակը, գուցե դա տա ցանկալի արդյունք: Հավանական է, որ այդ խնդիրն էր քննարկվում Արսեն Հարությունյանի հետ:

Այլապես հարց է առաջանում, թե ոռոգման ջրի եւ ջրամատակարարման համակարգի մեջ ի՞նչ է փնտրում Գարեգին Երկրորդը: Էլ ի՞նչը կարող էր առաջացնել հետաքրքրություն համակարգի հանդեպ: Թեեւ, օրինակ Սեւանա լճի մակարդակի հանդեպ հետաքրքրություն կարող էր առաջացնել Սեւանի թերակղզում գտնվող ճեմարանը, որն իհարկե կոմերցիոն օբյեկտ չէ, բայց ի վերջո Սեւանի ափին է եւ ջրի մակարդակի բարձրացման դեպքում կարող է առաջանալ նաեւ այդ կառույցի խնդիրը, ինչպես կոմերցիոն օբյեկտների դեպքում:

Բայց Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության պարագայում «խորթ» չէ նաեւ կոմերցիոն գործունեության սկզբունքը, համենայն դեպս դատելով թե նրանցից շատերի պարզապես կենցաղվարության մակարդակից, թե նաեւ մամուլի բազմաթիվ հրապարակումներից: Չի բացառվում, որ կան հողատարածքներ, որոնց դե ֆակտո տերերը բարձրաստիճան հոգեւորականներ են, կամ բարձրաստիճան հոգեւորականների մտերիմներ, եւ Գարեգին Երկրորդը ջրպետկոմի ղեկավարի հետ հանդիպմանը կարող էր զբաղված լինել պարզապես նրանց լոբբինգով:

Ընդ որում, երբ Մայր Աթոռը հետապնդում է որոշակի առեւտրային նպատակ, թերեւս այդքան էլ տարօրինակ չէ: Խնդիրը այդ կոմերցիոն նպատակների հետապնդման ձեւաչափն է, դրա իրավական կամ իրավաբանական կարգավորումը, թափանցիկությունը:

Ի վերջո, եկեղեցին հսկայական կառույց է, որի պահպանումը պահանջում է ծախս: Այդ ծախսը ներկայում կարծես թե գերազանցապես հոգում են տարբեր կարգի նվիրատվությունները, ինչը այնքան էլ վերահսկելի գործընթաց չէ, սկսած նվիրատու-եկեղեցի հարաբերությունից, մինչեւ զուտ թվաբանական վերահսկողությունը:

Ըստ այդմ, Եկեղեցին գտնվում է ստվերային մեծ ռիսկերի դաշտում, ինչն ամենեւին չի նպաստում այդ կառույցի հանդեպ հասարակական վստահության աճին: Իսկ դա էլ իր հերթին էապես ազդում է իր կարեւորության համեմատությամբ օգտակար գործողության գործակցի վրա: Այդպիսով, եկեղեցու ՕԳԳ-ն ավելի բարձր է իշխող «էլիտայի» համար՝ ընդ որում թե Հայաստանում, թե սփյուռքում իշխող, քան հասարակության եւ պետականության, ազգային ու պետական խնդիրների:

Այդ տեսանկյունից, վաղուց հրամայական է եկեղեցու կոմերցիոն շահերի ճանաչումն ու դրանց առավել հրապարակային ձեւաչափի հաստատումը, որը թույլ կտա եկեղեցու պարագայում զգալիորեն կրճատել ստվերային ռիսկերի շրջանակը, էապես բարձրացնել կարեւոր այդ կառույցի հանրային վերահսկողության եւ վստահության մակարդակը:

Ամենաընթերցվածը