Կարեն Կարապետյանը «քշտեց» թեւերն ու միացավ

    • Հասարակություն - 19 Հունիսի 2017, 13:53
Հունիսի 17-ին Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ եղել է Դալմա մոլ առեւտրի կենտրոնի հարեւանությամբ գտնվող տարածքում, որտեղ նրան ներկայացվել է «Հայկական գյուղ» նախագիծը: Այն ենթադրում է այսպես ասած ազգագրական թաղամասի ստեղծում, որտեղ կլինեն բնակելի համալիրներ, հյուրանոցներ, այլ կառույցներ, որտեղ կպատկերվի Հայաստանի տարբեր բնակավայրերի կոլորիտը: Համենայն դեպս այդպես է հայտնում կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:

«Ծրագրին նախորդել են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունները՝ Հայաստանի տարբեր բնակավայրերին (Գորիս, Դիլիջան, Աշտարակ և այլն) բնորոշ «Հայկական տան» տիպերի վերաբերյալ: Ազգագրական թաղամասի նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները սկսված են: Ներկայումս կառուցապատման ներդրումային ֆոնդը գտնվում է ձևավորման փուլում, որին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել հողամասերի սեփականատերերը և Երևանի քաղաքապետարանը», ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Կարեն Կարապետյանն էլ տվել է իր հավանությունն ու հայտնել կարծիք, որ Հայկական գյուղ թաղամասը կլինի Երեւանի զբոսաշրջային գրավչության կարեւոր բաղադրիչներից մեկը:

Հաշվի առելով Երեւանի կառավարման մոտ երկու տասնամյակի ընթացքում միջավայրերի տոտալ լղոզման հանգամանքը, շատ խորհրդանշական է, որ Երեւանում պետք է «ցուցադրվի» «հայկական գյուղը»՝ բառի բուն եւ պատկերավոր իմաստով: Խորհրդանշականությունը բխում է անգամ լուսանկարներից, որտեղ վարչապետ Կարապետյանը «թեւերը քշտած» ծանոթանում է նախագծերին, որ նրան ներկայացնում են Երեւանի երկարամյա քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու երկարամյա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Նրանք մարդիկ են, որոնք տեւական ժամանակ «թեւերը քշտած» մասնակցել են Երեւան քաղաքից ինչ որ անհասկանալի կոնգլոմերատ ստանալու գործընթացին:

Այժմ այդ «կոնգլոմերատին» միանում է նաեւ «հայկական գյուղը»՝ Երեւանում, Դալմայի այգու տեղում, իբրեւ թե զբոսաշրջիկ գրավելու համար: Զբոսաշրջիկն իհարկե կգա, նա ուզում է ինչ որ բան տեսնել:

Այլ հարց է, թե ինչու Հայաստանի իշխանությունը չի ուզում, որ զբոսաշրջիկը հայկական գյուղը Երեւանից դուրս ինչ որ այլ տեղում տեսնի, օրինակ թեկուզ հենց գյուղերից մեկում:

Տնտեսական ռեսուրսների եւ ընդհանրապես ամեն ինչի երեւանյան գերկենտրոնացումը առանցքային, նույնիսկ ռազմավարական խնդիր է: Բայց նաեւ իշխող «էլիտայի» մտածողության խնդիր:

Կան մարդիկ, գործարարներ, որոնք փորձեցին այդ խնդիրը հաղթահարել: Օրինակ, Ռուբեն Վարդանյանը զբոսաշրջային եւ այլ կարգի խոշոր ներդրումներ կատարեց Երեւանից դուրս՝ Տաթեւում, Դիլիջանում, ներդրումներ են կատարվում Արցախում: Դրանք շոշափելիորեն փոխել են այդ բնակավայրերի կյանքը, տեղի բնակչության մոտիվացիոն հիմքերը եւ այլն:

Ռուբեն Վարդանյանից դեռեւս տարիներ առաջ մեկ այլ սփյուռքահայ ներդրող՝ Ջեյմս Թուֆենկյանը ներդրումներ էր կատարում Լոռիում՝ Ձորագետում,  Սեւանի հեռավոր ափին՝ Ծափաթաղում, որտեղ իր հյուրանոցն ու ռեստորանը կառուցում էր միմյանցից հեռավորության վրա, որպեսզի զբոսաշրջիկը հաց ուտելու համար հյուրանոցի ոչ թե մի հատվածից մյուսն անցնի, այլ որոշակի տարածություն քայլի գյուղի միջով, այդ միջոցով շփվի նաեւ գյուղացիների հետ:

Կարեն Կարապետյանն էլ, օրինակ, վարչապետի պաշտոնում իր առաջին քայլերից մեկը կատարեց Գյումրու ուղղությամբ՝ Կումայրի պատմամշակութային, զբոսաշրջային ներդրումային նախագիծ սկսելով, որի առաջին ներդրողն էլ դարձավ նրա ընտանիքը:

Եթե օրինակ վարչապետ Կարապետյանը «հայկական գյուղ» երեւանյան նախագծի հեղինակներին հարցներ, թե իսկ չկա՞ր մի գյուղ, որտեղ հնարավոր կլիներ իրականացնել ծրագիրն ու դարձնել այն Հայաստանի զբոսաշրջային երթուղիներից մեկը, ապա այդ հարցը կլիներ նրա քայլերի տրամաբանական շարունակությունը:

Այլապես, Կարեն Կարապետյանն էլ «թեւերը քշտած» միանում է տարոնմարգարյանական կամ նարեկսարգսյանական այն պլեադային, որոնք հանդիսանում են «փողի վրա նստած փող չուզելու» հայտնի փիլիսոփայության կրողները:

Իսկ Երեւանում զբոսաշրջիկներին նախ պետք է կարողանալ ներկայացնել Հին Երեւան նախագիծը, իսկ դրանից բացի, ներկայացնել քաղաքային մի այգի, որտեղ զբոսաշրջիկը կկարողանա հանգստանալ լիարժեք բնական միջավայրում: Երեւանն ուներ այդպիսի միջավայրի հիանալի ներուժ՝ Հրազդանի կիրճը, որը սակայն համատարած ռեստորանիֆիկացվեց, որոնց թվում է ի դեպ նաեւ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող ռեստորանը:

Երեւանում բնական հանգստի միջավայր ստանալու լավ տեղ կարող է լինել հենց Դալմայի այգին: «Հայկական գյուղ» կառուցապատեք մի որեւէ գյուղում, աշխուժացնելով այդ գյուղը, իսկ Դալմայի այգում կառուցեք Երեւանին այդքան անհրաժեշտ մի մեծ զբոսայգի, որի տարածության մեծ մասը կլինի բնական, ոչ թե սրճարանային միջավայր: Երեւանում դրա կարիքն ունի թե երեւանցին, թե զբոսաշրջիկը:

Ամենաընթերցվածը